Կարծիք

15.01.2020 10:25


Պաշտոնական ու ոչ քաղաքական վիճակագրություն

Պաշտոնական ու ոչ քաղաքական վիճակագրություն

Տոներից հետո տնտեսական վիճակագրությունը դարձել է մոդայիկ թեմա: Իշխանությունները վիճակագրական տվյալներ են հայտարարում: Տվյալներ, որոնք կասկածի ու հերքման թեմա են դառնում: Ու հերքման գործին միայն մեր հասարակական դեմքերը չէ, որ ձեռնամուխ են եղել: Այդ գործին հանրահայտ ու պաշտոնավոր վրացիներ են միացել: Լավ է գործազրկության ու նոր ի հայտ եկած աշխատատեղերի թեման առայժմ միջազգային հարթակներում քննարկվում ու չի քննադատվում:

Տեսնենք, թե ինչ վիճակ է աշխատուժի շուկայում: 2014թ․ հունվարի 1-ից մեր երկրի աշխատուժի թվաքանակն առաջին անգամ նվազեց 1.4 մլն մարդու ցուցանիշից: 2016թ․ հունվարի 1-ից առ այսօր այն պակաս է նաև 1.3 մլն-ից:

Հիմա կարելի է դիտարկել մեր Վիճակագրական կոմիտեի զբաղվածություն և գործազրկություն արձանագրող պաշտոնական թվերը: Նախ արձանագրենք, թե ով է համարվում գործազուրկ: Գործազրկությունն ուսումնասիրող հետազոտության մեջ վիճկոմն արձանագրում է «Գործազուրկ է համարվում 15-75 տարեկան այն անձը, ով հետազոտությանը նախորդող վերջին 4 շաբաթվա ընթացքում միաժամանակ բավարարել է հետևյալ երեք պայմաններին՝

  1. չի ունեցել աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք.

  2. ակտիվորեն փնտրել է աշխատանք` օգտագործելով ցանկացած միջոց, այսինքն` դիմել է զբաղվածության պետական և (կամ) մասնավոր ծառայություն, աշխատանք է փնտրել ծանոթների, բարեկամների, հայտարա­րությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով պատրաստ է եղել անմիջապես (այսինքն` առաջիկա երկու շաբաթվա ընթացքում) անցնել աշխատանքի.

3. պատրաստ է եղել անմիջապես (այսինքն` առաջիկա երկու շաբաթվա ընթացքում) անցնել աշխատանքի»:

Այս սահմանմանը համահունչ պաշտոնապես արձանագրվել է. որ 2010թ․ սկսած գործազրկությունը նվազել է: Սա զարմանալի չէ, քանի որ նվազել է նաև երկրի մշտական բնակչության թվաքանակը: Գործազրկության ցուցանիշի տատանումը կարելի է տեսնել Ա գծապատկերից:

Գործազրկության տվյալից զատ վիճակագրությունը հաշվարկում է նաև գործազրկության մակարդակը: Տնտեսագիտությունը տալիս է այս հասկացության հետևյալ սահմանումը՝ «Գործազրկության մակարդակը գործա­զուրկների տեսակարար կշիռն է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում»: Բ գծապատկերում կարելի է տեսնել գործազրկության մակարդակի տատանումը 2009թ․ սկսած: Ակհայտ է, որ երկու տարի անկում գրանցելուց հետո գործազրկության մակարդակը կրկին սկսել է աճել: (Տես` https://www.armstat.am/file/article/trud_2019_6.pdf):

Հակառակ պաշտոնական քաղաքական հայտարարությունների՝ պաշտոնական վիճակագրությունն այլ պատկեր է ներկայացնում: «Նորահայտ» աշխատատեղերի գլխապտույտ, բայց պաշտոնական քանակական աճին հակակշիռ պաշտոնական վիճակագրությունն այլ երևույթներ էլ է արձանագրում: Օրինակ, գործազրկության երկարտաև մակարդակի աճ: Իսկ դա «մեկ տարի և ավելի ժամանակով գործազրկության մեջ գտնվող անձանց տեսակարար կշիռն է գործազուրկների ընդհանուր թվաքանակում»: Արդեն առիթ եղել է ներկայացնելու, որ տարեսկզբի դրությամբ 2017թ․ աշխատանք գտնող գործազուրկն այն փնտրել էր 26․9 ամիս: 2018թ․ համար այդ տվյալը եղել է 30.8 ամիս: Իսկ 2019-ին աշխատանք գտնելու համար գործազուրկը միջին հաշվով այն փնտրել է 33.7 ամիս:

Նոր աշխատատեղերի մասին հաշվետվությունների ու առատ-առատ խոստումների պարագային աշխատանք փնտրելու միջին տևողությունը շարունակում է աճել: Աճել շատ ավելի առաջանցիկ տեմպով, քան իրական աշխատատեղերի թվաքանակը: Ի տարբերություն պաշտոնական հայտարարություևնների՝ պաշտոնական վիճակագրությունը շատ բան գիտի գործազրկության մասին: Նույնիսկ այն, թե որ ամիսներին է արձանագրվում ամենաբարձր թվաքանակները, տարիքային ու կրթական ցենզի որ խմբերն են առավել չպահանջված աշխատանքային շուկայում: Ուստի այստեղ բավական դժվար է իրական պատկեր թաքցնելը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Ա գծապատկեր․ Գործազրկության թվաքանակը տարվա հունվարի 1-ի դրությամբ (հազար մարդ)

00

Բ գծապատկեր. Գործազրկության մակարդակը տարվա հունվարի 1-ի դրությամբ (տոկոս)

7777

Այս խորագրի վերջին նյութերը