Կարծիք

14.01.2020 14:54


Փաշինյանը հանդուրժում է Տիգրան Ավինյանի խորհրդականի եղբոր հիմնադրած բիզնեսը

Փաշինյանը հանդուրժում է Տիգրան Ավինյանի խորհրդականի եղբոր հիմնադրած բիզնեսը

«Եթե պաշտոնավարմանը զուգահեռ բիզնեսով եք զբաղվել, էդ էլ նույն ձևի, նույն նշանակությամբ՝ կոռուպցիա է…», «Ձեզ թվում ա՝ կոռուպցիան տենց պոզով-պոչով մեծ կենդանի՞ ա։ Է´ս ա կոռուպցիան…», «Լա´վ, ինքը ասում ա՝ ինձ չի պատկանում էդ (ընկերությունը), հորեղբորս որդո´ւն ա պատկանում…»,- սրանք 2014 թվականին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերն են պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց բիզնեսների մասին (հղումը՝ ներքևում)։

2019 թվականին արդեն Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբոր կողմից 2019 թվականի գարնանը հիմնադրված ու ծաղկող բիզնեսը, որի մասին ամենայն ինքնավստահությամբ հայտարարել է Ավետիք Էլոյանը Հ1-ի եթերում՝ «Բացարձակ սուտ ա, ես ոչ մի բանի սեփականատեր չեմ, իրականում ինքը ակնարկում ա երևի եղբորս, որը նույնպես ճարտարապետ ա…», «Եղբայրս ունի կազմակերպություն, որի մասին, ենթադրում եմ, որ ինքը խոսում ա…»։

Իհարկե, ես հարցին մեկ անգամ ևս չէի անդրադառնա, եթե երեկ AM իրավաբանական ընկերությունն իր պաշտոնական կայքում չտեղադրեր Ավետիք Էլոյանի՝ իմ դեմ դատի մասին հերթական հայտարարությունը։ Ազնվորեն, չեմ հասկանում նրանց խանդավառությունը (ավելին, աչքովս ընկավ նաև այս տեղեկության վճարովի գովազդը ՖԲ-ում), այն դեպքում երբ արդեն երկրորդ անգամ դատարանը հայցը վերադարձրել է ոչ ամբողջական լինելու համար, և հիմա էլ այս ընկերության փաստաբանն է կրկին սպասում հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմանը։

Ինձ մնում է միայն ենթադրել, որ «դատի տալու» այս աղմուկն ունի միայն քարոզչական նպատակ, և Ավետիքը շատ լավ պատկերացնում է դատական գործընթացի հետևանքներն իր համար։ Ինչպես և նախկինում, սիրով դատական պրոցեսում կբացահայտեմ Էլոյանների ընտանեկան բիզնեսի «արկածները»։ Ավելին, դրան կմիանան ոստիկանության իրականացրած կիսատ-պռատ քննության ժամանակ թույլ տրված բացերն ու նոր բացահայտումները։

Իսկ մինչ այդ, իշխանությանն առաջարկում եմ իրոք հասկանալ, թե ո՞րն է այն թանկ գինը, որը նա վճարում է Ավետիք Էլոյանի համար, և որին, եթե չեմ սխալվում, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնից ժամանակին հեռացրել են աշխատանքները տապալելու համար։ Ու նաև ո՞րն է այն գինը, որը ողջ մասնագիտական հանրույթին թույլ է տալիս եզրակացնել, որ ճարտարապետ-չինովնիկների կոռուպցիան հանդուրժվելու է ներկա իշխանությունների կողմից։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար

Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը