Մեկնաբանություն

14.01.2020 11:40


Սահմանադրական դատարանը «դուքյան» չէ, Սահմանադրությունն էլ չուլ չէ, որ երբ ուզեն, ոտքերը վրան սրբեն

Սահմանադրական դատարանը «դուքյան» չէ, Սահմանադրությունն էլ չուլ չէ, որ երբ ուզեն, ոտքերը վրան սրբեն

Երբ Նիկոլ ամենափրկիչը հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքաբուծարաններում աճեցծված «լեգեոնների» միջոցով ոչնչացնում էր իր ընդդիմախոսներին, «ասֆալտին պառկըցնում ու պատերով տալիս», անիծում, զրպարտում, չարախոսում, հայհոյում իր ասածին «չէ» ասող դատավորներին` փորձելով սաղմի մեջ խեղդել այլակարծության ցանկացած դրսևորում, կտրել ազատ խոսքի, ազատ մտքի «տոտիկներն ու թաթիկները»`դեռ չբուսնած, խելոք մարդիկ ասում էին, զգուշացնում էին. մի՛ արա, ձեր ստեղծած սոցցանցային ահաբեկչության մշակույթը վաղը բումերանգի պես քո դեմ է շուռ գալու։

Նիկոլն ականջ չդրեց այդ հորդորներին, և հիմա «գլխին տալիս» է` կրակն է ընկել իր իսկ ծնած, սնած, շահած-պահած «դեղին» տեխնոլոգիաների ձեռքը, միջոցների միջև խտրականություն չդնելով` փորձում է փակել ընդդիմադիրների բերանը։ Թե դրանից ինչ կստացվի` չգիտեմ, բայց որ խոսքի ազատության դեմ ուղղված այս լկտի ոտնձգությունն էլ իր դեմ է շուռ գալու, կարելի է չկասկածել։

«Շեղող» հնարքներին հակառակ` «թավշյա» քաղաքական օրակարգի գլխավոր խնդիրը պատմական այս հանգրվանում ՍԴ դատավորներից, առաջին հերթին` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելն է։ Նրանց ընտրության հնարավորությունից զրկելու` անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելու մտասևեռմամբ, կոմպրոմատների, բացահայտ և թաքուն ճնշումների գործիքակազմին զուգահեռ շրջանառության մեջ է դրվել Սահմանադրությունը փոխելու խնդիրը`հայտարարվել է սահմանադրական փոփոխությունները համակարգող մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին։

Սա իսկապես աննախադեպ բան է Հայաստանի պատմության մեջ։ Նիկոլը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ պաշտոնավարման երկու տարին չբոլորած` ձեռնամուխ է լինում սահմանադրական փոփոխությունների։ Ինչի մասին են այդ փոփոխությունները` գաղտնիք չէ։ Դրանց նպատակը նախ և առաջ դատավորների համար «քարը փեշից թափելու և Նիկոլի մեկնած ձեռքը սեղմելու լրացուցիչ մոտիվացիա ստեղծելն է։ «Տրամաբանությունը» մեկն է` ինչու մերժել հրաժարականի դիմաց առաջարկվող անաշխատ միջոցները, եթե մեկ է` չեք շարունակելու պաշտոնավարել. խաթրով չհեռանաք, զոռով կհեռացվեք։ Եթե ոչ ամեն մեկիդ վրա մի քրեական գործ կախելու, ապա` Սահմանադրական դատարանը վերացնելու գնով։

Սահմանադրափոխության գործընթաց սկսելու շարժառիթները սրանով չեն սահմանափակվում։ Եթե դեռ երկու-երեք ամիս առաջ Սերժի վրա կարված Սահմանադրությունը լրիվ Նիկոլի հագով էր, հիմա, երբ աթոռը երերում է` ոտքի տակի հողը փախչում է, հիմա նեղ է գալիս «ամենակարող» թավշապետին։ Վարչապետին վերապահված լիազորությունները շատ են, բայց նաև պատասխանատվությունն է շատ. ամեն ինչի`բոլոր ձախողումների, անհաջողությունների միակ պատասխանատուն վարչապետն է, իսկ դա պարտավորեցնող է` անտանելի պարտավորեցնող։

Նիկոլի ռեկորդային ցածր վարկանիշն էլ ցույց է տալիս, որ մարդիկ էլ չեն ուզում իրենց հայտնի երկարականջ կենդանու տեղ դնել։ Վերջին ջղաձիգ դրսեւորումները` 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորումը` մատից ծծած ինչ-որ մեղադրանքով, ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքի վավերացումից բառացիորեն 20 րոպե անց Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստը, «սանիկ» օպերացիան կայծակի արագությամբ «ակտիվացնելու», Վանեցյանին Միքայել Մինասյան-Արա Սաղաթելյան դուետի հետ կապելու եւ անհեթեթ մի «դավադրության» մեջ ներքաշելու փորձերը ասվածի ցայտուն վկայությունն են։

Պե՛տք է ինչ գնով ուզում է լինի` Սահմանադրությունը հարմարեցնել ժամանակի պահանջներին։ Հոգալ, որ նոր Սահմանադրությամբ պետության ղեկավարի լիազորությունները հնարավորինս լայն լինեն, պատասխանատվությունը` սահմանափակ։ Օրինակ`վերադառնալ կիսանախագահական համակարգի կամ անցնել նախագահականի։ Բայց վստահաբար այս դեպքում էլ նույնն է լինելու` սա էլ վստահաբար բումերանգի պես իր դեմ է շուռ գալու։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ սահմանադրական հանրաքվեն մեծ հավանականությամբ կարող է վերածվել վարչապետի նկատմամբ անվստահության հանրաքվեի։

Բանն այն է, որ առանց ՍԴ «դոբրոյի»՝ հնարավոր չէ արմատապես փոխել գործող կառավարման համակարգը։ Սահմանադրության մեջ կան կառավարման համակարգի էական փոփոխություն չենթադրող հոդվածներ, որ կարող է փոխել ԱԺ-ը` ձայների առնվազն երկու երրորդի հավանությամբ, բայց կան նաև համակարգային նշանակություն ունեցող դրույթներ, որոնք, Սահմանադրության 202 անփոփոխելի հոդվածի համաձայն, կարող են փոխվել բացառապես համաժողովրդական հանրաքվեով։

Իսկ հանրաքվեի մասին օրենքի 8-րդ հոդվածն ամրագրում է, որ այդ փոփոխությունները կարող են ԱԺ քննարկման առարկա դառնալ միայն ՍԴ «թույլտվությամբ»` սահմանադրականության մասին դրական եզրակացություն ստանալու դեպքում։

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Սահմանադրության 7-րդ գլխին, որ կարգավորում է դատարանների, այդ թվում`Սահմանադրական դատարանի գործունեությունը, իրավասությունները և պարտականությունները, և հստակ ֆիքսում է` ՍԴ-ն սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ մարմինն է, որ ապահովում է Սահմանադրության գերակայությունը։ Այնպես որ, «թավիշները» չարաչար սխալվում են, եթե կարծում են` ՍԴ-ն լուծարելը կամ եռաստիճան դատական համակարգը երկաստիճան դատական համակարգով փոխարինելը թքելու պես բան է։

Նույնը վերաբերում է ԱԺ-ի, կառավարության, վարչապետի, նախագահի կարգավիճակը և գործառույթները սահմանող առանցքային դրույթներին։

Որքան էլ տհաճ է «թավիշների» համար, Սահմանադրությունը չուլ չէ, որ երբ ուզեն, ոտքերը վրան սրբեն, Սահմանադրական դատարանն էլ «դուքյան» չէ, որ ինչ գնով, ինչ պայմաններով ուզեն, սեփականաշնորհեն։ Կամ կազմալուծեն` «գեշ» սովորության համաձայն։

Եվս մեկ «հիմնավոր» պատճառ, թե ինչու պետք է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով հրաժարեցնել ՍԴ դատավորներին եւ ստեղծել կամակատարների «խորհուրդ», որ ԲԴԽ-ի պես անմռունչ կկատարի Նիկոլի բոլոր ցանկությունները...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը