Քաղաքական

13.01.2020 16:34


Թավադյանից առգրավվել է ընդհանուր 70-80 հազար դոլարի չափով գումար

Թավադյանից առգրավվել է ընդհանուր 70-80 հազար դոլարի չափով գումար

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորման վերաբերյալ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին Հրապարակի հետ զրույցում ասաց Խուդոյանը․

«Մենք դեկտեմբերի 8-ին բողոքարկել ենք, առաջին ատյանի դատարանը ձգձգում է գործի նյութերը Վերաքննիչ ուղարկելը, հույս ունենք՝ մինչև վաղը կուղարկեն, և այս շաբաթվա մեջ Վերաքննիչում նիստ կարող է նշանակվել, եթե ոչ այս շաբաթ, ապա առնվազն մյուս երկուշաբթի։ Միջնորդման մեջ նշել ենք այն բոլոր փաստերը, որոնք մինչ այս ասել ենք․ այն, որ հիմնավոր կասկած չկա և չի կարող լինել, և դա չէր կարող հանցագործություն համարվել, թե՛ իր մասնակցության մասով, թե՛ հիմքերի մասով, որ ինքը չի կարող խոչընդոտել քննությանը, ոչ էլ խոչընդոտելու բան կա, որ չէր կարող քննությունից խուսափել, այդ բոլոր հիմնավորումները ներկայացրել ենք»։

Հարցրինք, թե այս ընթացքում վարույթ իրականացնող մարմինը Թավադյանի հետ քննչական և դատավարական ի՞նչ աշխատանքներ է տարել․

«Դեռևս ոչ մի գործողություն չի եղել, բացի խուզարկությունից, պարոն Թավադյանը հրաժարվել է վարույթին մասնակցել, ինչի իրավունքը ունի, այսինքն՝ ցուցմունք չի տա»,-ասաց Խուդոյանը։

Պաշտպանին հարցրինք նաև, թե Թավադյանի կալանավորումը ինչ-որ կերպ ազդու՞մ է «5-րդ» ալիքի գործունեության վրա, Խուդոյանը պատասխանեց․

«Առաջիկա օրերին պարզ կլինի, որովհետև իրենից դրամական միջոցներ են առգրավել, եթե դրանք չվերադարձվեն, արդեն կարող ենք մեկնաբանություն տալ, որ դա անդրադառնալու է հեռուստաընկերության աշխատանքի վրա։ Թավադյանից առգրավվել է ընդհանուր 70-80 հազար դոլարի չափով գումար։ Այդ մասով դեռևս միջնորդություն չեմ ներկայացրել, բայց չեմ կարծում, որ գումարները չվերադարձնելու որևէ հիմնավորում կարող է լինել, մենք այդ նույն գործընթացը անցել ենք նաև Ռոբերտ Քոչարյանի գործով, մի քանի ատյանով հաստատվել է իրավունքի խախտումը, և նույն բանը հիմա կրկին արվում է, սա մասնագիտական սխալի հարց չէ, սա դիտավորություն է։ Բացի գումարից և փաստաթղթերից՝ առգրավվել են աշխատանքային համակարգիչներ, որոնք ոչ մի ինֆորմացիա չեն կրում, դրանք իր անձնական համակարգիչները չեն, գրասենյակի համակարգիչներ են»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Դեկտեմբերի 26-ին Թավադյանը 2 ամսով կալանավորվել է։

Այս խորագրի վերջին նյութերը