Կարծիք

13.01.2020 14:16


Նոր ղեկավարության հետ համատեղ աշխատանքի ընթացքում ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը

Նոր ղեկավարության հետ համատեղ աշխատանքի ընթացքում ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը

Հարգելի պացիենտներ, կոլեգաներ և ընկերներ,

Տեղեկացնում եմ բոլորիդ, որ ծանուցվել եմ, որ սույն թվականի փետրվարի 18-ից այլևս չպետք է աշխատեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ որոշում է կայացվել լուծարել իմ զբաղեցրած հաստիքը։ Թե ով է որոշել, ինչու, ինչ տրամաբանությամբ, թերևս որպես բժիշկ ինձ համար մնաց անհասկանալի ու անընդունելի։

Անհասկանալի է ու անընդունելի, քանի որ կյանքիս ուղիղ կեսը՝ 20 տարուց ավելի, աշխատում եմ որպես բժիշկ, որից 10 տարին՝ բաժանմունքի ղեկավար, և բացի մարդկանց բժշկելու իմ առաքելությունից ու կոչումից, այլ խաղեր չեմ հասկացել ու չեմ ընդունել։

Հպարտությամբ ու արժանապատիվ 10 տարի ղեկավարել եմ Հայաստանի Հանրապետության պետական ամենամեծ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքը՝ հանդիսանալով բաժանմունքի միակ մասնագետը, ով ունի գիտական աստիճան։

Եվ այսօր, որոշ մարդիկ որոշեցին, որ իմ զբաղեցրած հաստիքը՝ ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավարի, ավելորդ է և պետք է կրճատվի։ Ծանուցումը երբ ստացա, ակամայից հիշեցի 2018 թվականը և մեր բժշկական կենտրոնում ծավալվող իրադարձությունները։

2018 թվականից սկսած բժշկական կենտրոնում կան «մերոնքականներ» և «ձերոնքականներ» կամ ինչպես ընդունված է ասել՝ «սևեր» և «սպիտակներ»:

Փաստացի, ես ընդգրկվեցի «սևերի» ցանկում և 2019 թվականի սեպտեմբերի 7-ին նորաստեղծ տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց իմ հաստիքը լուծարելու մասին, որի մասին ես տեղեկացա 2019 թվականի դեկտեմբերի 18-ին:

Չեմ կարող ասել, որ որոշումը ինձ համար անսպասելի էր, քանի որ նոր ղեկավարության հետ համատեղ աշխատանքի ընթացքում ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը (ինչի համար չեմ զղջում և կարծում եմ, որ ցանկացած բուժաշխատողի ոլորտային ներդրումը պետք է լինի գնահատված, ուստի նման երևույթի ականատես լինելուն պես պատրաստ եմ նույն քայլին), ինչպես նաև բազում անգամ «առաջարկել» են գործարք՝ իմ կրտսեր եղբոր «լռության» արժեքով պահպանել իմ աշխատատեղը: Չնայած այն փաստին, որ ժողովրդավար երկրում իշխանության եկած ուժը՝ իշխանության պատասխանատվությունը ստանձնելու պահից հանդիսանում է ԲՈԼՈՐԻ (անկախ քաղաքական հայացքներից) կառավարությունը, ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ առօրյայում դա չեմ զգացել:

Եվ վերջում ամենակարևորի մասին, 20 տարի պատվով ու հպարտությամբ կրել եմ սպիտակ խալաթ, դա իմ կոչումն է և առաքելությունը, ասեմ ավելին՝ մնալու եմ իմ կոչմանը հավատարիմ և շարունակելու եմ իմ աշխատանքը՝ արժանապատիվ ու հպարտ։

Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր մասնագիտական գործունեությամբ, ուստի երկրում տեղի ունեցող ցանկացած փոփոխության արդյունավետությունը մարդը պետք է զգա իր սեփական աշխատանքային միջավայրում:

Այս գրառումը կատարեցի, որպեսզի տեղեկացնեմ Ձեզ, որ փոխում եմ իմ աշխատավայրը և հավելյալ կհայտնեմ բոլորիդ իմ նոր աշխատատեղի վերաբերյալ:

Բժիշկ Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը