Լրահոս

13.01.2020 13:26


Հայերի նկատմամբ ատելության արմատավորումը Ադրբեջանում պետական քաղաքականության մակարդակի է. ԱՀ ԱԳՆ

Հայերի նկատմամբ ատելության արմատավորումը Ադրբեջանում պետական քաղաքականության մակարդակի է. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվում հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր լրանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամենաողբերգական դրվագներից մեկի՝ Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցը։ 1990 թ. հունվարի 13-ին Բաքվի հայերի նկատմամբ նպատակաուղղված ճնշումները վերաճեցին համատարած և կազմակերպված կոտորածի։

Վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, բազմահազարանոց ամբոխը, Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) ակտիվիստների ղեկավարությամբ բաժանվելով խմբերի, սկսեց հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «զտել» հայերից: Բացառիկ դաժանությամբ իրականացված վայրագությունների և սպանությունների մասին բազմաթիվ վկայություններ կան։

Նրանք, ում հաջողվել է խուսափել մահից, ենթարկվել են բռնի տեղահանման։ Հազարավոր հայեր լաստանավերով Կասպից ծովով տեղափոխվել են Թուրքմենական ԽՍՀ Կրասնովոդսկ քաղաքի նավահանգիստ, այնտեղից էլ ինքնաթիռներով՝ Հայաստան և Ռուսաստան։

Ջարդերը շարունակվել են մի ամբողջ շաբաթ՝ Ադրբեջանի իշխանությունների, ներքին զորքերի և Խորհրդային բանակի Բաքվի բազմաքանակ կայազորի հանցավոր անգործության պայմաններում:

Հունվարի 18-ին Բաքվում հայկական ջարդերի, ինչպես նաև Շահումյանի շրջանի հայկական գյուղերի և Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձևը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով։

Միայն 1990 թ. հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, հաղթահարելով ԱԱՃ զինված ջոկատների կատաղի դիմադրությունը, կանգնեցրին ջարդերը։

1988 թ. փետրվարից Ադրբեջանում իրականացված ջարդերի, տեղահանությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ այլ հանցագործությունների շարքում Բաքվի ջարդերը դարձան հայկական բնակչության դեմ իրագործված ամենաարյունալի զանգվածային հանցագործություններից մեկը։ Ըստ տարբեր տվյալների՝ ջարդերի արդյունքում սպանվել է 150-300 մարդ։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից ցեղասպան գործողությունների շարունակական ժխտումը և դրանք իրականացնողների հերոսացումը, ինչը դարձել է Բաքվի՝ քսենոֆոբիայի և հայատյացության քարոզչության քաղաքականության բաղկացուցիչ մասը։

Այսօր հայերի նկատմամբ ատելության արմատավորումը և այդ հիմքով հանցագործությունների խրախուսումը Ադրբեջանում բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի և ներթափանցել այդ երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտները՝ զգալի փոփոխություններ առաջացնելով ադրբեջանական հասարակության գիտակցության մեջ։

Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության խնդիրը հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը։

Այդ բացասական գործընթացները հաղթահարելու և Ադրբեջանում քսենոֆոբիայի խնդրի առավել վատթարացում թույլ չտալու համար անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությամբ համալիր միջոցներ ձեռնարկել, ինչը թույլ կտա ադրբեջանական հանրությանը ձերբազատվել իշխանությունների կողմից արմատավորվող մարդատյաց նորմերից և կոմնորոշիչներից։

Հայերի հանդեպ ատելության բազմամյա քարոզչության պատճառով երևան եկած բացասական երևույթներն արամատախիլ անելու գործընթացում կարևոր քայլ կարող է դառնալ ադրբեջանական իշխանությունների կողմից պատասխանատվության ստանձնումը՝ հայկական բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործությունների, այդ թվում՝ Բաքվի ջարդերի համար։ Դա ոչ միայն թույլ կտա առողջացնել իրավիճակն Ադրբեջանում, այլև հնարավորություն կտա նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման համար»։

Այս խորագրի վերջին նյութերը