Մեկնաբանություն

13.01.2020 10:56


Ինչու է Փաշինյանը ներքաշել աղջկան

Ինչու է Փաշինյանը ներքաշել աղջկան

Նախ սկսենք այն բանից, որ Մարիամ Փաշինյանը և Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մյուս անդամները և անգամ «Չալո» անունով շունը ներքաշված են պետության կառավարման մեջ։

Նիկոլն իրեն ընկալում է որպես Հայաստանի թագավոր, իսկ պետական կառավարումն իրականացնում ընտանիքապետության սկզբունքով։ Գումարած՝ «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքը։

Եթե Նիկոլը նախկինում ՀԺ–ի խմբագրության աշխատողներին էր վերաբերվում հպատակների պես, ապա այժմ նույն ընկալումը տարածվել է պաշտոնյաների ու հպարտ հռչակված բոլոր քաղաքացիների վրա։ Այդ պայմաններում բնական է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները, մասնավորապես՝ Մարիամը, պետությանը վերաբերում են տնամերձ բոստանի պես, իսկ պետական պաշտոնյաներին՝ այդ բոստանում աշխատող հպատակների պես, որոնց հակադրվելը թագավորին (թեկուզև ապօրինի հրահանգները չկատարելու պատճառով) գնահատվում է որպես տիեզերական մասշտաբի դավաճանություն։ Դա է պատճառը, որ Մարիամը ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին դիմում է «Արթուր ջան»-ով ու նախատում, թե բա մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր (ինչպիսի՜ բարեհաճություն թագավորական ընտանիքի կողմից. չէ՞ որ «բոստանային» տրամաբանությամբ կարող էին Վանեցյաններին ընկալել որպես ենթակա մարմնի ընտանիք)։

Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունն ընտանեկան փոդրաթ է։ Ընտանիքապետության սխեմայում ամեն մեկն իր գործառույթն ունի։ Մարիամ Փաշինյանին վերապահված է Նիկոլի փաստացի մամլո խոսնակի դերը։

Նիկոլի համար ոչ մի արգելակ չկա։ Նա հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի ու հանուն իշխանության, փաստորեն, պատրաստ է զոհել ամեն ինչ։

Սա «լիրիկայի» մասով։ Հիմա անցնենք բուն թեմային։

Մարիամը՝ Նիկոլի մամլո խոսնակ

Նիկոլն, առավել քան երբևէ, անհանգիստ է։ Ընտանեկան փոդրաթը վտանգ է զգում բոլոր կողմերից ու կասկածում է բոլորին։ Միշտ է այդպես եղել։ Այժմ պարզապես սրացում կա։ Գարունը դեռ չի եկել, բայց միևնույն է սրացումը կա։

Նիկոլը տեղեկացված է կամ բնազդով է զգում, որ աթոռը երերում է։ Սրացումը հենց դրանով է պայմանավորված։ Այդ սրացման դրսևորումներից մեկը կիրակի օրով Արթուր Վանեցյանի դեմ իրականացված «մուտիլովկայական» սպեցօպերացիան էր (Նիկոլը շարունակում է մնալ նույն «մուտիլովկայական» խմբագիրը, պարզապես մասշտաբներն են փոխված)։

Կիրակնօրյա «սպեցօպերացիայի» մեջ Մարիամ Փաշինյանին վերապահված էր հոր մամլո խոսնակի դերը։ Նա պետք է զարգացներ «Հայկական ժամանակում» տեղադրված հոդվածի գլխավոր միտքը և հայկական մենթալիտետային համակարգին դեմ քայլի գնար։

Իսկ ՀԺ–ում Վանեցյանի դեմ հետևյալ հիմնական կոդն էր դրված՝ նա վատ մարդ է, անազնիվ է ընկերական հարաբերություններում ու երկերեսանի է։ Սա նշանակում է, որ Փաշինյանը Վանեցյանի դեմ քաղաքական կոդ չունի և որոշել է նրա իմիջին հարվածել բարոյական հարթության մեջ։ Դա է պատճառը, որ նա Մարիամի «արցունքներն» էր շաղ տալիս սոցիալական ցանցերով, որպեսզի հետո տարատեսակ սծյոպիկները այդ «արտասուքների» «աղը» որոճան։

«Նա կեղծավոր մարդ է և կոտրել է երեխաների սիրտը» թեմայով էին Վանեցյանի դեմ ՀԺ հոդվածն ու դրա բաղկացուցիչ մաս կազմող Մարիամի գրառումները։ Նիկոլը որպես հաստատված փաստ էր ներկայացրել այն, որ Վանեցյանն իր ընտանիքի դեմ է աշխատել, ապա «դեմ տվել» Մարիամին, որպեսզի վերջինս «մանկան» շուրթերով հանրության մեջ կարծիք ձևավորի, թե բա ԱԱԾ նախկին պետը վատ մարդ է։

Նիկոլը գիտի, որ իր աղջիկն այդ քայլի համար ուղղորդված կամ ինքնաբուխ դրական արձագանքներից բացի նաև ուղղորդված և ինքնաբուխ հայհոյանքներ է ստանալու, բայց այդուհանդերձ նրան մտցնում է խաղի մեջ՝ հանուն աթոռի պահպանման։ Նա քաղաքական մահապարտ է դարձել և այդպիսին է դարձրել իր ընտանիքը։

Մարիամին ներքաշելով քաղաքական խաղերի մեջ՝ Նիկոլը հաշվարկել է, որ Վանեցյանն իրեն թույլ չի տա կոշտ պատասխան ու չի ներքաշվի այդ քստմնելի խաղի մեջ, ինչն էլ հնարավորություն կտա իրենց շահած դուրս գալ։ Ահա այսպիսի թավշա, ոչ բռնի ու «ժողովրդական» կեղտոտ խաղ է իրականացնում Նիկոլը։ Հանուն աթոռի, բնականաբար։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Փաշինյանը զգում է, որ ժամանակն աշխատում է իր դեմ։ Նա Մարիամի միջոցով Վանեցյանին առաջարկում է հենց հիմա ու այստեղ կռիվ տալ։ Մարիամի՝ «Դե խոսեք» կոչը ԱԱԾ նախկին պետին ժամանակից շուտ բաց մարտի մեջ մտցնելու փորձ է։

Նիկոլն ուզում է բոլոր կռիվները հիմա տալ ու չեզոքացնել բոլոր հակառակորդներին, քանզի գնալով դա բարդանալու է ու վերջում դառնալու է անհնար։

Այս խորագրի վերջին նյութերը