Մեկնաբանություն

25.02.2011 19:25


«Կայունության» ջատագովները և նրանց «պայքարը»

«Կայունության» ջատագովները և նրանց «պայքարը»

Երբ Սերժ Սարգսյանի կողմից ԲՀԿ–ի դեմ տեղեկատվական ու կուլիսային գրոհ էր կազմակերպվել, որպեսզի Գագիկ Ծառուկյանից ստանային գործող նախագահին սատարելու ստորագրություն և երբ դա չէր ստացվում, ասպարեզ իջավ Լևոն Տեր–Պետրոսյանի խնամի և ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։

Իշխանական բուրգի կազմաքանդման կարգախոսներով 2008–ին պայքարի մեջ մտած ուժի ներկայացուցիչ Շահնազարյանին (իմա՝ Տեր–Պետրոսյանին) անհանգստացրել էր այն, որ Ծառուկյանը չի գնում սերժսարգսյանական թիմի պահանջներին ընդառաջ և, ըստ էության, կազմաքանդում է սարգսյանական բուրգը։ ՀԱԿ–ում դա գնահատել էին որպես ներքաղաքական ու ներիշխանական կայունության խաթարում, և շտապել էին իրենց աջակցությունը հայտնել Սերժ Սարգսյանին՝ հանդես գալով, իրենց խոսքերով, կայունության երաշխավորի դերում։

Կարելի է ասել, որ կոալիցիոն հուշագրի ստորագրմանը նպաստեց նաև ՀԱԿ–ը։ Փաստորեն՝ տերպետրոսյանականները ժամանակին ուզում էին կազմաքանդել ոչ թե իշխանական, այլ Ռոբերտ Քոչարյանի՛ գլխավորած բուրգը, իսկ երբ դա չստացվեց՝ հիմա որոշել են ամրացնել Սերժ Սարգսյանի բուրգը, որպեսզի Քոչարյանը կամ ուրիշները  չկազմաքանդեն այն. շատ «խոխմա» բան է ստացվում։

Այս ամենի ֆոնին այժմ լրիվ անհասկանալի է, այն աղմուկ–աղաղակը, որ բարձրացրել են ՀԱԿ ներկայացուցիչները՝ կապված իրենց ակտիվիստներին ոստիկանություն տանելու փաստի հետ։ Եթե մարդիկ բողոքում են իշխանական գործողությունների դեմ, ապա պետք է բողոքեն նաև ՀԱԿ վերնախավից, որը սպասարկում է ներիշխանական կայունությունը։

Անշու՛շտ, դատապարտելի են իշխանությունների կիրառած բռնությունները ՀԱԿ երիտասարդ անդամների նկատմամբ, բայց այդ ամենի մեջ մեղքի առյուծի բաժինն ունեն նաև ՀԱԿ «վերխուշկան» ներկայացնողները։ Եթե Շահնազարյանը մտահոգված է ներիշխանական ու ներքաղաքական կայունությամբ և այդ հարցում հրապարակավ բռնում է Սերժ Սարգսյանի կողմը, ապա թող ՀԱԿ–ում պատրաստ լինեն նրան, որ նույն այդ «կայունության» ապահովման շրջանակներում իշխանությունները քաղմաս կտանեն ջահել տղաներին ու աղջիկներին, և բռնություններ կկիրառեն նրանց նկատմամբ։ Չէ՞ որ փողոցային ակտիվությունն էլ է խաթարում ներիշխանական ու ներքաղաքական կայունությունը։

Այդ նույն տրամաբանությամբ՝ իշխանությունները կարող են հավերժ արգելել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելը, քանի որ դա նույնպես կարող է ապակայունացնել Սարգսյանի գլխավորած համակարգը, ինչին դեմ է ՀԱԿ–ական գործիչը։ Ուստի պետք չէ զարմանալ, որ իշխանությունները Լևոնի խնամուց «դհոլային» ծառայություններ ստանալուց հետո հաբռգում են. «միաբաններին» կամ, որ նույնն է, «նախաձեռնողականություն» ցուցաբերողներին միշտ էլ օգտագործում ու հետո նվաստացնում են, այնպես ինչպես Էրդողանը վարվեց Սերժ Սարգսյանի հետ։

Այնպես որ, ՀԱԿ–ը ճիշտ կանի, որ իր մեջ փնտրի բռնության ենթարկվելու պատճառները, իսկ «Լևոնի վկաները» թող իմանան, որ իրենք պայքարում են հանուն Սերժ Սարգսյանի իշխանության կայունության, և ո՛չ ավելին։

Ջահելներին փողոց ուղարկելիս, միգուցե, ուրիշ բան է ասվում ՀԱԿ–ի կենտրոնից, բայց դա էլ հասկանալի է։ Հո՞ չէին ասելու, որ ջահելնե՛ր ջան, դուք գնացեք դուրսը ծեծ ուտելով մարդ հավաքեք առաջիկա հանրահավաքի համար, որպեսզի մենք կարողանանք այդ գլխաքանակությամբ հետաքրքրություն ներկայացնել «Եղիազարի» համար ու կարողանանք հնարավորինս ձեռնտու պայմաններով գեղամյանություն անել։ Բնականաբար այդպիսի բաներ ջահելությանը չի կարելի ասել։ Նրանք պետք է փողոց դուրս գան այն հաստատ համոզմամբ, որ պայքարում են հանուն ժողովրդավարության, այն ժողովրդավարության, որի հաստատման համար մղվող պայքարի դրոշի վրա միայն «Լե՛–վո՛ն, նախագա՛հ» ավտորիտար ու կռապաշտական  կարգախոսն է գրված ...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը