Մեկնաբանություն

11.01.2020 01:20


Երբ Աստված ուզում է մեկին պատժել, նախ զրկում է բանականությունից

Երբ Աստված ուզում է մեկին պատժել, նախ զրկում է բանականությունից

Անհավատալի է, բայց փաստ։

Առջևում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն է, որի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հայտարարեցին դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում տեղի ունեցած բանակցություններից անմիջապես հետո։

Նախնական տվյալներով հունվարին տեղի ունենալիք այդ հանդիպմանը հայկական կողմին, մեղմ ասած, «դժվար խոսակցություն» է սպասվում։

Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանի հետ «ձեն-ձենի» տված` խոսում են բանակցային սեղանին դրված կոնկրետ փաստաթղթի եւ օր առաջ «առարկայական բանակցություններ» սկսելու անհրաժեշտության մասին, իսկ Հայաստանը, ի դեմս ԱԳՆ խոսնակի, իրեն «շլանգի» տեղ դրած, պնդում է, որ սեղանին ոչ մի փաստաթուղթ էլ չկա` բանակցություններն ամեն ինչի ու ոչնչի մասին են։ Այս պարագայում պարզ է, չէ՞, որ հայկական կողմը կամա-ակամա հայտնվում է «սպիտակ ագռավի» վիճակում` բանակցություններն արհեստականորեն ձգձգողի, խոչընդոտողի, համանախագահների առաջարկներին «չէ» ասողի դերում։

Պարզ է, չէ՞, որ բանակցային այս հանգրվանում հենց մեզ` մեր խեղճուկրակ արտգործնախարարին ու անմեղսունակ «թավշապետին» են պատին դեմ տալու, մեզանից են պատասխան պահանջելու Բրատիսլավայի «ձախողված» բանակցությունների համար, մե՛զ են մեղադրելու (և մեղադրում են) ապակառուցողականության, բանակցային գործընթացը տապալելու, «փակուղի մտցնելու» մեջ։ Այնպես, ինչպես ժամանակին` «թավշյա խեղափոխությունից» առաջ Ադրբեջանին էին պարբերաբար հիշեցնում Դուշանբեի վերելակում Փաշինյանի թեթև ձեռքով հաջողությամբ «ջրված» միջազգային պարտավորությունները` Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չկատարելու մասին։

Իրան-ԱՄՆ հարաբերություններում հաստատված «փխրուն հրադադարն» ինչքան կտևի` ոչ մեկը չգիտի եւ չի կարող ասել։ Իսկ մենք, դարձյալ Փաշինյանի թեթև ձեռքով, ազգովի քննարկում ենք` Հայաստանի ամենամեծ պրոբլեմը զուգարաննե՞րն են, թե՞ ավելի կարևոր հարցեր ունենք։ Գցում-բռնում ենք` անբարեխիղճ ռեստորանատերերին պարտադրենք կոտրած, կեղտոտ զուգարանները փոխարինել «ոսկեջրածին մոտիկ զուգարանակոնքերո՞վ», թե՞ միանգամից սնանկացնենք, պրծնի-գնա։ Կամ՝ շարունակենք միջոցները վատնել տեսչական մարմինների ֆինանսավորման վրա՞, թե՞ «օպտիմալացնենք» տեսուչներին` նրանց «վերահսկողական ֆունկցիաները» դնելով գործ տվող «օրինապահ քաղաքացու» ուսերին։

Այսպես էլ ապրում ենք` Փաշինյանի սահմանած «խաղի կանոններով» ու պլինտուսից ցածր մակարդակի ճղճիմ քննարկումների «թեժ» օրակարգով։ «Առաջ-առաջ պոռալով»` հետ-հետ ենք գնում, առաջնայինը երկրորդականից, մնայունը`անցողիկից, լավը` վատից, ճիշտը` սխալից, թացը` չորից չտարբերելով։

Ագրեսիվ «թավշյա փոքրամասնության» կամոք, անտարբեր մեծամասնության լուռ համաձայնությամբ, երկիրը հանձնել ենք նիկոլահհշական մորեխակույտի եւ սորոսական «բազեների» տնօրինմանը, ազատ անկման ռեժիմով գահավիժում ենք։

Ու թունելի վերջում լույսի նշույլ չի երևում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը