Աշխարհ

10.01.2020 22:25


Ուղուր Գյուչ. «Թուրքիայում լրագրողների 95 տոկոսը քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»

Ուղուր Գյուչ. «Թուրքիայում լրագրողների 95 տոկոսը քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»

Թուրքիայում աշխատանքից ազատված լրագրողների թիվը հատել է 11․000-ի սահմանագիծը։ Այս և մի շարք այլ ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել հունվարի 10-ին Թուրքիայում նշվող լրագրողների օրվա առթիվ Ստամբուլում կազմակերպված գիտաժողովում։

«Լրագրությունը՝ գործազրկության և գրաքննության ճանկերում» խորագրով անցկացված Ժողովին մասնակցել են «Թուրքիայի լրագրողների միությունը» (TGC), «Թուրքիայի գրողների միավորումը» (TYS), «Ժամանակակից լրագրողների միությունը» (ÇGD) և «Թուրք հրատարակիչների միությունը» (TURKYAYBİR)։

Հայտնի է դարձել, որ վերջին 5 տարվա ընթացքում Թուրքիայում անվավեր է ճանաչվել 3․804 լրագրողական քարտ։ Իսկ մասնավորապես 2016 թ. հուլիսի 15-ից մինչ օրս ազգային անվտանգության նկատառումներով չեղարկվել է 685 լրագրողական քարտը։

Թուրքիայի արդարադատության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2003-2018թթ․ ընթացքում շուրջ 12․000 լրագրող տարբեր մեղադրանքներով դատարանի առաջ է կանգնել։ Այս պահին Թուրքիայում անազատության մեջ է գտնվում 91 լրագրող։

Արձանագրվել է նաև, որ ներկայումս Թուրքիայում իրենց լրագրողական գործունեությունը ազատորեն կարողանում են ծավալել միայն այն լրագրողները, ովքեր ենթարկվում են իշխանությունների կամքին։ «Ժամանակակից լրագրողների միության» Ստամբուլի ներկայացուցիչ Ուղուր Գյուչը ընդգծել է․ «Այսօր լրագրողների 95 տոկոսը մանիպուլյացիայի և քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը