Կարծիք

09.01.2020 10:41


Վրաստանի նախագահի աշխատակազմի «խայտառակ» ծախսերը

Վրաստանի նախագահի աշխատակազմի «խայտառակ» ծախսերը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմը հրապարակել է 2019 թ․-ին նախագահի և նրա աշխատակազմի ներկայացուցիչների 40 օտարերկրյա գործուղումների վրա ծախսված գումարները... Դրանք «ամոթալի խայտառակություն» են, եթե համեմատենք Հայաստանի չկոռումպացված իշխանությունների ծախսերի հետ...

Այսպես, ըստ «Ինտերպրես»-ի, 2019 թ-ի հունվարից հոկտեմբեր Վրաստանի նախագահը և նրա աշխատակազմը ծախսել են 1 միլիոն 417 հազար 534 լարի, որը կազմում է մոտ 500 հազար ԱՄՆ դոլար... Այո՛, ճիշտ եք կարդում. տիկին Զուրաբիշվիլին և նրա աշխատակազմը 40 օտարերկրյա այցերի և գործուղումների համար ծախսել են այն գումարի կեսը, որքան, ըստ տարբեր տվյալների, ծախսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թ․-ի սեպտեմբերին իր ամերիկյան այցի ժամանակ... Հիշեցնեմ, որ պարոն Փաշինյանի և նրա 35 հոգանոց պատվիրակության համար հատուկ ինքնաթիռ էր վարձակալվել, որը նրանց ԱՄՆ հասցնելու, այնտեղ «պտտացնելու» և հետ բերելու համար հարկատուների վրա նստել էր 350 հազար ԱՄՆ դոլար...

Ըստ լրագրողների, ամենաթանկը եղել են տիկին Զուրաբիշվիլիի այցերն ԱՄՆ և Ֆրանսիա... ԱՄՆ այցի համար միայն տիկին Զուրաբիշվիլիի համար պետբյուջեից ծախսվել է 50 հազար 500 դոլար, իսկ նրա հետ ԱՄՆ մեկնած պատվիրակության մյուս անդամների վրա՝ 46 հազար դոլար... Ընդհանուրը՝ 96 հազար 500 դոլար... Ֆրանսիա այցի համար ծախսվել է 22 հազար դոլար... Իսկ ամենաէժանը՝ Դանիա այցն է եղել. նախագահի աշխատակազմի վրա այն նստել է մոտ 806 դոլար...

Այս թվերին ծանոթանալուց հետո հայաստանցին միայն մի բան կարող է բացականչել՝ «Ամոթ և խայտառակություն»... Ինչպե՞ս կարելի է ամողջ աշխատակազմով 40 գործուղումների վրա ծախսել 500 հազար ԱՄՆ դոլար»... Պարզվում է՝ կարելի է...

Տեսնելով, թե Հայաստանում ինչ են անում Փաշինյանն ու իր թիմակիցները պետական բյուջեի հետ` կարելի է ենթադրել, որ կամ տիկին Զուրաբիշվիլին իրոք պետական մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչ է, ով իրոք ծառայում է Վրաստանին, կամ էլ չի հասկանում, թե ինչ բան է իշխանությունը և չի վայելում այն, ինչպես դա անում են Հայաստանի իր Մգործընկերները»...

Համոզված եմ՝ տիկին Զուրաբիշվիլին պետական մտածելակերպ ունեցող գործիչ է և նրա ու իր աշխատակազմի գործուղումների վրա ծախսված «խայտառակ» գումարը դրա վառ օրինակն է։

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը