Կարծիք

08.01.2020 22:06


Մի օրենքի ընդունման ոդիսականը կամ փնթիության ու անգրագիտության գագաթնակետը

Մի օրենքի ընդունման ոդիսականը կամ փնթիության ու անգրագիտության գագաթնակետը
Խոստացածիս համաձայն՝ շարունակում եմ ներկայացնել ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքի նախագծի ընդունման ժամանակ թույլ տրված հերթական աղաղակող փնթիությունը կամ արդեն զավեշտը։
Հարց․ արդյոք հերթական նիստերի օրակարգում կարո՞ղ են ընդգրկվել օրենքի նախագիծը միանգամից առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը:
Ազգային ժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, հաստատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի դեկտեմբերի 3-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետեւյալ հարցերը.
Սույն որոշման 19-րդ կետով օրակարգում ընդգրկվել են հետևյալ երկու օրենքները՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ․
ա) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-378-15.11.2019,03.12.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-3781-15.11.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի համաձայն․
1. Հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, այդ թվում՝ պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաև նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը:
2. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը կազմված է հետևյալ բաժիններից.
1) Առաջին բաժին, որտեղ ներառվում են պարտադիր քննարկման ենթակա հարցերը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունների կամ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է, ինչպես նաև նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը,
2) Երկրորդ բաժին, որտեղ հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվում Կառավարության, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գրավոր առաջարկները, առաջիկա հերթական նիստերում քննարկման ենթակա հարցերի ծավալը, ինչպես նաև հարցերի քննարկման տևողությունները սահմանելու, լրացուցիչ նիստեր անցկացնելու կամ հերթական նիստերը շարունակելու հնարավորությունը:
ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի համաձայն․
1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:
2. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը քննարկվում է մեկ ընթերցմամբ:
3. Օրենքի նախագիծը, որպես կանոն, քննարկվում է հետևյալ ընթացակարգով.
1) շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը,
2) առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը,
3) Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ,
4) առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը:
Այս իրավակարգավորումներից ակնհայտ է, որ հերթական նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը չէին կարող ընդգրկվել միաժամանակ. քանի դեռ օրենքի նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ, դրա վերաբերյալ առաջարկություններ չեն կարող կատարվել, դրանք գլխադասային հանձնաժողովում չեն կարող քննարկվել, հետևաբար գլխադասային հանձնաժողովի չէր կարող որևէ եզրակացությունը ներկայացրած լինել, ինչը նախապայման է տվյալ հարցը օրակարգ ընդգրկելու համար։
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ «Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»: Օրակարգը հաստատելու պահին առկա չի եղել Ազգային ժողովի որոշում այլ ժամկետ սահմաննելու վերաբերյալ։ Այն չէր էլ կարող առկա լիներ, քանի որ Կանոնակարգի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 2-րդ և 2.2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են փոխվել հեղինակի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Ժամկետը փոխելու վերաբերյալ առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման՝ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո»:
Նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու հնարավորություն Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը տալիս է արտահերթ նիստերի ժամանակ։
Հուշելու համար նշեմ միայն, որ օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն արտահերթ նիստերի օրակարգ. ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-6 մասերի համաձայն․
5. Արտահերթ նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգով:
6. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են միևնույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա նախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ:
Իրավասու սուբյեկտի կողմից, հետևաբար, դրանք չէին կարող ընդհանրապես քննարկվել, ընդունվել և այդ տեսքով այն ներկայացվել երկրորդ ընթերցման։
Բայց այս ամենը դեռ վերջը չէ…
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը