Մեկնաբանություն

09.01.2020 12:20


«Խոստումնալից» սկիզբ

«Խոստումնալից» սկիզբ

2019-ը ինչպես «շռնդալից» փակեցինք, նույնքան, եթե չասենք` ավելի «շռնդալից»` լիակատար եւ անմնացորդ իրավական բեսպրեդելի մթնոլորտում, սկսեցինք 2020 թվականը։

Ամանորից հաշված օրեր առաջ Փաշինյանի սրտի ոստիկանությունը շրջանառության մեջ դրեց Ռոբերտ Քոչարյանի ֆեյք աջակցի`«Մարտի 1-ի» գործում ներգրավված վկաներից մեկին իբր «կաշառելու» ֆեյք պատմությունը. բացահայտ շինծու մի տեսանյութ`քարոզչական բադիկ, որի «արդյունքում» 5-րդ հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը հայտնվեց ճաղերի հետեւում։

Բուն «կաշառատուն» օպերատիվ «ինքնախոստովանական հարցազրույց» տվեց Փաշինյանի անձնական օգտագործման «Ազատություն» ռադիոկայանին եւ հիմա իր համար ազատ, անկախ` շվշվացնելով ման է գալիս։ Նույնիսկ`այն դեպքում, երբ սա, իր ասելով, «բայեվոյ ավտոմատը» մարտական պատրաստականության բերած`սպասում էր «պերեվառոտի» գնալու հրահանգին։

2020-ի բացումն էլ նշանավորվեց ոչ պակաս «շրխկան» մի բացահայտմամբ, որի մասին Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին ավետեց անձամբ Փաշինյանը։ Այս անգամ` ոչ թե «թավշյա անարդարադատության», այլ` արդեն «ազգային անվտանգության» դեմ հանդուգն ոտնձգության «տաք հետքերով» ԱԱԾ-ը հաշված ժամերի ընթացքում տեղորոշեց ու վնասազերծեց Դիանա Հարությունյան կեղծանունով ՖԲ-ում շինիչ «ընդդիմադիր գործունեություն» իրականացնող մեկին, որի մտքով անցել էր ամբաստանել Փաշինյանին. ֆեյք տեղեկատվություն էր տարածել, թե մեկ միլիոն դոլարանոց «ուրախ նոր տարվա հանդեսից» ուշքի չեկած, բանից բեխաբար` իր համար «բլինչիկ թխող» վարչապետը շնորհավորել է նախագահ Թրամփին՝ Իրանի կարկառուն ռազմական գործիչներից մեկին ոչնչացնելու առթիվ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, որտեղից որտեղ`օպերատիվ կերպով ֆիքսել ու տիրաժավորել էին պաշտոնական որեւէ աղբյուրի կողմից չհաստատված ֆեյք «հրապարակումը», եւ ապատեղեկատվությունը սահուն կերպով հայտնվել էր իրանական լրահոսում։

Դրանով իսկ` «լրջագույն հարված» («էական վնաս») էր հասցվել բառացիորեն մազից կախված մեր ազգային անվտանգությանը։ Եվ, իր արածի «ծանր» հետեւանքները գիտակցելով, ֆեյք օգտատիրոջ հետեւում թաքնված անձը, որի ով լինելը հույժ գաղտնի է պահվում, խոստովանել էր իր մեղքը, մեղա եկել ու անկեղծորեն զղջացել։ Նրա համար, որ «դեմ ըլլալով» Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին, այդպե՛ս է արտահայտել իր բողոքը անարդարության դեմ։ Այնպես որ, կարող ենք հանգիստ քնել` Հայաստանի ազգային անվտանգությունը հուսալի ձեռքերում է։

Այն, որ Իրան-ԱՄՆ պատերազմը քթի տակ է կամ ֆեյսբուքյան մի ֆեյք հրապարակմամբ կարելի է «էական վնաս» հասցնել մեր ազգային անվտանգությանը, որեւէ մեկին չպետք է մտահոգի։ Կարեւորը` որ Քոչարյանի ֆեյք կամ իրական աջակիցների ոչ մի «շարժ», գործողություն, այդ թվում` վիրտուալ տարածության մեջ, չի վրիպում ԱԱԾ-ի, ոստիկանության եւ Սասունի ՀՔԾ-ի ամենատես հայացքից։ Երեւի հենց դա նկատի ունի Փաշինյանը, երբ խոսում է ԱԱԾ-ի աննախադեպ արդյունավետ աշխատանքի մասին։ Ի հեճուկս իր իսկ «սենսացիոն հայտարարության», թե պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը`այսքան ժամանակ ինչ «բարեփոխում» արվել է, ի հեճուկս նույն պետական կառավարման համակարգի է արվել։

Դե, իսկ 6, 7, 8 ամիս առաջ զրպարտության թիրախ դարձած դատավորների` Մխիթար Պապոյանի եւ Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա հարուցված քրեական գործերը կսպասեն։ Իրավապահների «երկար ձեռքերը» ոչ մի կերպ չեն հասնում կեղծարարներին (հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը դեռ մայիսի 22-ին էր հաղորդում ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով քրեական գործ հարուցել կաշառք տալու-ստանալու կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ, որի մասին «հայտնել» էր թավշյա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։ Պապոյանն էլ խնդրել էր ստուգել Քոչարյանին ազատ արձակելու որոշման հեղինակային իրավունքն իրեն վերագրած ֆեյսբուքյան գրառման իսկությունը եւ ստահոդ հրապարակման հեղինակին պատասխանատվության ենթարկել)։

Նրանց դա պետք չէ։ Նրանց պետք է «փաստեր» հայթայթել Ռոբերտ Քոչարյանի «աջակիցների» դեմ եւ «հիմնավորել» նրա ազատության մեջ հայտնվելու «վտանգավորության» թեզը։ Որ դատավորների ձեռքը չդողա` Քոչարյանին կալանքի տակ թողնելու հերթական որոշումը վավերացնելիս։ Դատախազներն էլ` անհարմար վիճակում չհայտնվեն, չկմկման, չկարմրեն ամեն անգամ, երբ պաշտպանները պահանջում են ներկայացնել թեկուզ մեկ հիմնավոր փաստ կամ փաստարկ, որ Քոչարյանը կարող է խոչընդոտել «արդարադատությանը»` գտնվելով ազատության մեջ։

Եվ ուրեմն`դատավոր Աննա Դանիբեկյանի ձմեռային արձակուրդն իզուր չի անցել. ձեռքի տակ նման «համոզիչ փաստեր» ունենալով`հանգիստ խղճով կարող է շրջանցել ՍԴ որոշումները, առանց աչքը թարթելու մերժել պաշտպանական կողմի ցանկացած միջնորդությունները եւ հակառակը`բավարարել մեղադրող կողմի բոլոր միջնորդությունները, ինչքան էլ այդ միջնորդություններն անհիմն լինեն...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը