Մեկնաբանություն

08.01.2020 14:46


Պոպուլիզմը և «դավադիր ուժերը». Թրամփից մինչև Փաշինյան

Պոպուլիզմը և «դավադիր ուժերը». Թրամփից մինչև Փաշինյան

Աշխարհում պոպուլիզմի նոր ալիք է բարձրացել։ Այդպես պարբերաբար լինում է։

Պոպուլիստ էին ֆրանսիական հեղափոխականները, բոլշևիկները...

Պոպուլիստական ալիքի վրա իշխանության են եկել Թրամփը, Մակրոնը, Զելենսկին, Թրյուդոն, Փաշինյանը...

Պոպուլիզմի համար պարարտ հող է ստեղծում էլիտաների փտածությունը։ Երբ սկսվում է լճացում և այլասերում, առաջ են գալիս պոպուլիստները, որոնք բարդ խնդիրներին հեշտ լուծումներ են առաջարկում, մանիպուլացնում են հանրությանը, դեմագոգիայով զբաղվում և էլիտիզմին հակադրում են ամբոխավարությունը։

Պոպուլիզմը հետևանք է, որն էլ իր հերթին պատճառ է դառնում խնդիրների է՛լ ավելի խորացմանն ու նոր խնդիրների առաջացմանը։

Պոպուլիստները պետական կառավարումից բան չեն հասկանում։ Նրանք խոսում են ժողովրդավարությունից, բայց ձգտում են գերավտորիտար համակարգի, անում են այն, ինչի դեմ խոսում էին մինչև իշխանության գալը։

Պոպուլիստը պաթոլոգիկ աթոռասեր է և պատրաստ է հանուն աթոռի կործանել ամբողջ աշխարհը՝ «Կա՛մ ես կլինեմ երկրի ղեկավար, կա՛մ երկիրը չի լինի» թեմայով։

Սոցիալական ցանցերը և պոպուլիզմը

Ժամանակակից պոպուլիստական ալիքի առաջամարտիկ կարելի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա ամերիկյան քաղաքական վերնախավին պատերազմ հայտարարեց ու հաղթեց, քանզի ուներ երկու հզոր զենք՝ 1) ամերիկյան ժողովրդի դժգոհությունը դասական քաղաքական գործիչներից, 2) սոցիալական ցանցերի ճիշտ օգտագործումը։

Թրամփն ասում է այն, ինչը հաճելի է շարքային մարդկանց ականջին։ Նա ապաքաղաքական ու ապագաղափարական գործիչ է և պետական կառավարումն իրականացնում է կոմերսանտի հոգեբանությամբ, այսրոպեական շահի տրամաբանությամբ։

Նրա ներքաղաքական շահն այժմ Իրանի հետ պատերազմ է ուզում, և նա հանուն այդ շահի պատրաստ է ԱՄՆ–ը և ամբողջ աշխարհը կանգնեցնել կատաստրոֆայի առաջ՝ «Կա՛մ ես կրկին կլինեմ ԱՄՆ նախագահ և կտիրեմ աշխարհին, կա՛մ աշխարհը չի լինի» տարբերակով։

Թրամփին վերարտադրվելու համար «դավադիր ուժեր» էին պետք և նա այդպիսիք գտավ Իրանում, որպեսզի կարողանա ներքին կյանքում փակել իր իմպիչմենտի թեման ու ամերիկյան ժողովրդին միավորել իր շուրջը՝ հայրենասիրական հողի վրա։

Թե ինչի կհանգեցնի Թրամփի պոպուլիզմը, աթոռասիրությունը և կոմերսանտի հոգեբանությունը, դժվար չէ կռահել։ Հուսանք, որ հնարավոր կլինի խուսափել 3–րդ համաշխարհայինից ու ատոմային զենքից։

Փաշինյանը և «դավադիր ուժերը»

Մեր տնաբույծ պոպուլիստը Նիկոլ Փաշինյանն է։ Նա էլ է Թրամփի պես սոցիալական ցանցերի ծնունդ և նախկին էլիտայից հանրության խոր դժգոհության հետևանք։

Նիկոլը իշխանության եկավ հակաէլիտիզմի ու պոպուլիզմի միջոցով։ Եթե Թրամփը կոմերսանտ է ու ԱՄՆ–ը կառավարում է կոմերսանտի հոգեբանությամբ, ապա Փաշինյանը մուտիլովկայական թերթի գլխավոր խմբագիր է ու մեր երկիրը կառավարում է նույն սկզբունքով՝ կեղծ լուրեր, սենսացիաներ, ցեխշպրտոցիներ, ստեր, փոքրիկ հերքումներ, պոպուլիզմ և դատարկություն։

Նիկոլը քննադատում էր աթոռից կառչած լինելը, բայց պատրաստ է հանուն աթոռի ամեն ինչ ու ամենքին «փուռը» տալ։ Վարչապետ դառնալուց առաջ նա հայտարարեց, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Դա իրականում նշանակում էր՝ «Կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինի»։

Աթոռին հասնելուց հետո Փաշինյանը սկսեց ներքին թշնամիներ փնտրել ու հանրությանը բաժանել։ Նպատակը կրկին աթոռն էր։

Հետո նա ավելի հեռուն գնաց ու պառակտման ալիքը տարածեց Արցախ–Հայաստան հարթության վրա՝ «դավադիր ուժեր» փնտրելով Արցախում։

Արցախում «դավադիր ուժերը» Փաշինյանին անհրաժեշտ էին ճիշտ նույն նպատակով, ինչ Թրամփին են այդպիսիք պետք Իրանում։ Տարբերությունը մասշտաբների մեջ է։ Թրամփը պատրաստ է աշխարհը գցել կրակի մեջ, Փաշինյանը՝ Արցախը։

Ի՞նչ է սպասվում և ի՞նչ պետք է անել

Աշխարհն այս պոպուլիստական արհավիրքից դուրս կարող է գալ էլիտիզմի ու պոպուլիզմի փոխզիջմամբ։

Սոցիալական ցանցերն ու պողոսների գրգռվածությունը թույլ չի տա վերադարձ դեպի անցյալ, բայց մյուս կողմից էլ անվտանգության հարցերը թույլ չեն տա դատարկ պոպուլիստներին մնալ ղեկին։ Նոր որակի իշխանությունը օրակարգային հարց է։ Որքան շուտ ձևավորվի այն, այնքան լավ Հայաստանի համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը