Լրահոս

08.01.2020 13:52


Մասիսում հայրը ծեծելով սպանել է քնած աղջկան

Մասիսում հայրը ծեծելով սպանել է քնած աղջկան

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, 8 տարվա ազատազրկման է դատապարտել 68-ամյա տղամարդուն աղջկան ծեծելով սպանելու համար։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ 2018 թվականի ապրիլի 20-ին Մասիս քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ բռնության հետքերով. Պարզվել է, որ բռնության հեղինակը նրա հայրն է, որն առաջին իսկ պահից ընդունել է մեղադրանքը, զղջացել կատարվածի համար։

Ընտանիքի հայրն իր կնոջ մահից հետո շարունակել է ապրել իր երեք զավակների՝ որդու եւ երկու դուստրերի հետ Մասիս քաղաքում։

Աղջիկներից մեկն ամուսնացել է, իսկ հետագայում տանից հեռացել ու առանձին է ապրել նաեւ որդին եւ Մասիսի բնակարանում հայրը շարունակել է ապրել իր մի աղջկա հետ։

Դատարանում պարզվել է, որ նրանց միջեւ վիճաբանությունները կրել են հաճախակի բնույթ. Երկուսն էլ սեր են ունեցել ալկոհոլի նկատմամբ, սակայն հայրը հավանություն չի տվել աղջկա կողմից ալկոհոլ օգտագործելուն ու պարբերաբար նախատել է նրան- պահանջել, որ այլեւս չխմի։ Սակայն հանդիմանությունը նախկինում երբեւէ բռնի դրսեւորում չի ստացել, երբեւէ չի ծեծել մինչեւ ողբերգական օրը։

2018 թվականի ապրիլի 19-ին ամբողջ օրվա ընթացքում հայրը գտնվել է տանը և վաղ առավոտից օղի է օգտագործել, տանն է եղել նաև աղջիկը, վերջինս զբաղվել է տան մաքրությամբ։ Հայրը նախաքննության ընթացքում ասել է, որ այդ օրը նրան օղի օգտագործելիս չի նկատել: Ժամը 02-ի սահմաններում գտնվել է հյուրասենյակում, իսկ դուստրը քնած է եղել նույն սենյակում դրված մահճակալի վրա: Այդ ժամանակ հայրն սկսել է մտածել դստեր կողմից ալկոհոլ օգտագործելու մասին, ապա փորձել է քնել, սակայն չի կարողացել, քանի որ նույն սենյակում գտնվող դուստրը քնած ժամանակ սկսել է ձայներ հանել, գոռալ։ Ինչպես նախաքննության ընթացքում պատմել է հայրը՝ այդ ձայները նյարդայնացրել են իրեն եւ բարկացել է քնած դստեր վրա, պահանջել ձայն չհանել, սակայն վերջինս չի լսել իրեն և շարունակել է ձայներ հանել: Հայրը մոտեցել է դստեր մահճակալին ու սկսել բռունցքներով հարվածներ հասցնել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում աղջիկն արթնացել է և սկսել է գոռգոռալ, խնդրել իրեն չհարվածել եւ խոստացել այլևս չխմել՝ միաժամանակ փորձելով ձեռքերով պաշտպանվել: Հայրը բռնել է դստեր պարանոցից, սեղմել այն։ Երբ դուստրն այլեւս դադարել է ձայն հանել՝ հայրը պառկել է բազմոցին և շարունակել խմել։ Աղջկա մահվան մասին նա իմացել է առավոտյան, երբ մոտենալով դստերը՝ պարզել է, որ նա չի շարժվում։ Նա անմիջապես խնդրել է հարևաններին՝ զանգահարել շտապ օգնություն: Հասկացել է, որ դուստրը մահացել է իր գործողությունների հետեւանքով։

Դատաքննության ընթացքում, ամբաստանյալ Համլետ Հարությունի Խաչատրյանը պատասխանելով հարցերին՝ նշել է, որ ինքը հաճախակի է օգտագործել ալկոհոլային խմիչք, որի ազդեցության տակ իրեն պատկերացրել է որպես «Մխիթար Սպարապետ»:

Սպանված աղջկա իրավահաջորդ ճանաչվել է քույրը, ով դեպքի մասին իմացել է մորաքրոջից։ Աղջիկն ասել է, որ իր համար անհավատալի է, որ իր հայրը կարող էր սպանել քրոջը, քանի որ նա շատ հանգիստ և բարի մարդ է էությամբ և եթե բարկացել է քրոջ վրա, ապա դրա պատճառը եղել է միայն վերջինիս կողմից ոգելից խմիչքի օգտագործումը:

Հայրը դատարանում ընդունել է մեղադրանքը, թեեւ նշել, որ աղջկան սպանելու դիտավորություն չի ունեցել։

Դատարանը հիմնավորված է համարել դիտավորյալ սպանության համար առաջադրված մեղադրանքը և հորը դատապարտել ազատազրկման՝ 8 տարի ժամկետով։ Դատավճիռը չի բողոքարկվել եւ այն մտել է օրինական ուժի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը