Լրահոս

08.01.2020 11:06


Մարալիկում ծննդատան փակման պատճառով փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ)

Մարալիկում ծննդատան փակման պատճառով փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ)

Շիրակի մարզի Մարալիկ՝ այժմ Անի խոշորացված համայնքում ծննդատան փակման դեմ բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք առավոտից փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։

Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը 168.amի հետ զրույցում տեղեկացրեց, որ բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը, մինչև հասկանան, թե ինչպես են պատկան մարմինները լուծելու հարցը։

«Արդեն երկու տարի է՝ ծննդատան հետ կապված այս հարցը բարձրաձայնում են, այն վնասով է աշխատել, ծախսերը չի կարողացել փակել։ Նախորդ տարի այդ խնդրի առաջ կրկին կանգնեցին, ուստի համայնքապետարանն ավագանու որոշմամբ 1,5 մլն դրամ հատկացրեցինք, որպեսզի ծննդատունը կարողանա իր գործունեությունը կանոնակարգել։ Այդուհանդերձ ծննդատան փակման որոշումը միանգամից զարգացավ, դեկտեմբերի 30-ին այդ որոշումն արդեն կար, իսկ երեկ գրավոր ծանուցումն են ստացել՝ փակելու վերաբեյալ»,-ասաց Արտակ Գևորգյանը։

81401116_3137001832996361_3567916280105140224_n

Նրա խոսքով՝ ծննդատան փակման որոշումը սխալ է, քանի որ կարելի էր ցուցաբերել որոշակի ֆինանսական աջակցություն, այդ թվում՝ ապահովեին գույքով, որից հետո էլ կկարգավորվեր ծննդատան գործունեությունը։

«Այս ծննդատունը սպասարկում է տարածաշրջանի շուրջ 24 հազար բնակչության, որի գործունեությունն այստեղի յուրաքանչյուր բնակչության համար շատ կարևոր նշանակություն ունի։ Եթե այս ծննդատունը փակեցին, նշանակում է՝ մեր բնակչության համար մեծ խնդիր է ստեղծվում, նրանք պետք է այստեղից հասնեն Գյումրի, ինչը նրանց մեծ մասի համար շատ դժվար է»,-շեշտեց Անի համայնքի ղեկավարը։

Ըստ նրա՝ դժվար է ասել, այս ճանապարհով բնակիչները որևէ արդյունքի կհասնե՞ն, թե՞ ոչ, իրավասու մարմինները՝ Առողջապահության նախարարությունը և Շիրակի մարզպետարանը, պետք է խնդրին լուծում տան, այս հարցում համայնքապետարանը որևէ իրավասություն չունի։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարությունից աշխատանքային խումբ է մեկնել Մարալիկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար. «Ինչ վերաբերում է ծննդատան փակման պատճառներին, մենք պաշտոնական պարզաբանում ենք տարածել։ Այս պահին միայն այսքանը կարող եմ ասել»,-եզրափակեց Ալինա Նիկողոսյանը։

82311737_3137001956329682_2282754759679016960_n

Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի վերջին հայտարարվեց, որ հունվարից Մարալիկի ծննդատունը չի ֆինանսավորվելու, որից հետո, երեկ Առողջապահության նախարարությունը պաշտոնական պարզաբանում տարածեց՝ նշելով.

«Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման շուրջ վերջին օրերին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941-Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։ Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունն արդարացված չէ ծախս-արդյունավետության և, թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:

Բացի դրանից, ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչն ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։ Հաշվի առնելով նշվածը՝ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը։

Հավելենք նաև, որ սա վերաբերում է բոլոր այն ծննդատներին, որոնք չեն բավարարարել այս պահանջները, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով»։

***

Մարալիկի բնակիչները տեղեկացրին, որ Մարալիկին և հարակից 17 համայնքներին սպասարկող ծննդատան փակման պատճառով Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները որոշեցին բացել ճանապարհը մինչև մարզպետարանում հարցի շուրջ քննարկումն ավարտվի։ Բնակիչները նշեցին՝ եթե որոշվի, որ ծննդատունը փակվելու է, ապա նրանք նորից կփակեն ճանապարհը։

81552270_3137001882996356_5413748569427410944_n

Լուսանկարները՝ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը