Կարծիք

07.01.2020 13:37


Թրամփը խնդրելու է Փաշինյանին ասֆալտին փռել Մորգան Ֆրիմանին և Ռոբերտ դե Նիրոյին

Թրամփը խնդրելու է Փաշինյանին ասֆալտին փռել Մորգան Ֆրիմանին և Ռոբերտ դե Նիրոյին

ԱՄՆ-ում ձնագնդի պես աճում է հոլիվուդյան հայտնիների հակաթրամփյան շարժումը, ովքեր խիստ քննադատում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ռազմական ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար...

Վավերագրական ֆիլմերի աշխարհահռչակ ռեժիսոր Մայքլ Մուրը Սոլեյմանիի սպանությունը բնութագրել է որպես ահաբեկչություն և ներողություն է խնդրել այաթոլա Խամենեից, աշխարհահռչակ դերասան Ռոբերտ դե Նիրոն դատապարտելով Թրամփին՝ նրան անվանել է «անարժան մարդ»... Շատ կոպիտ է ԱՄՆ նախագահին բնութագրել աշխարհահռչակ դերասան Մորգան Ֆրիմանը, ով վերջինիս անվանել է ահաբեկիչ, մանկապիղծ, ռասիստ, ստախոս, սեքսիստ, կեղծարար և հանցագործ... Իսկ աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Ռոուզ Մակգոուենը դատապարտելով Թրամփին՝ խնդրել է Իրանին չսպանել ամերիկացիներին, քանի որ վերջիններս Թրամփի ահաբեկչական վարչակարգի գերին են...

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոլիվուդյան հայտնիներից շատերը քննադատաբար են վերաբերվում ԱՄՆ նախագահին, ձնագնդի էֆեկտը կանխելու համար Թրամփն ու նրա վարչակարզն ընդամենը պետք է դիմեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որին սպասարկող հայտնի ՊՈԱԿ-ի 20-25 հազար ֆեյքերը և սոցցանցերում հայհոյող կողմնակիցները մի քանի ժամվա ընթացքում «կարգի կհրավիրեն» ոչ միայն դե Նիրոյին, Ֆրիմանին, Մուրին և այլոց, այլև կկանխարգելեն, որ այս «ստորագրահավաքին» չմիանան, ասենք, Դոնալդ Թրամփին մշտապես քննադատող աշխահրահռչակ երգչուհի Մադոննան, երգչուհի և դերասանուհի Բարբրա Սթրեյզանդը, դերասաններ Ջիմ Քերին, Մայքլ Կիտոնը և այլն...

Հայաստանի վարչապետին սոցցանցերում սպասարկող կեղծ և իրական օգտատերերն այնպիսի հայհոյանքներ և վիրավորանքներ «կշռայլեն» վերը նշված անձանց հասցեին, որ, օրինակ, Մադոննան, ով իր կյանքում շատ «բաներ է տեսել և լսել", ինսուլտ կստանա և իր անձնական կյանքի մասին այնպիսի բաներ կիմանա, որ նույն վայրկյանին կարող է մեռնել...

Ի դեպ, քանի որ Փաշինյանը մեծ քանակությամբ ֆանատներ ունի հենց Կալիֆորնիայում, նրանք կարող են նախնական պատժիչ միջոցներ ձեռնարկել Թրամփին քննադատողների նկատմամբ... Օրինակ՝ դագաղներ, սև լենտերով ծաղկեպսակներ տանել և դնել Մուրի, Ֆրիմանի, դե Նիրոյի և այլոց առանձնատների առաջ, միևնույն ժամանակ «Լաչառ-շոու»-ի մասնակիցների միջոցով «յոթ հարկանի» հայհոյանքներ ձոնել վերը նշված անձանց, մինչ նրանց Հայաստանից և սփյուռքից կմիանան հիմնականում կեղծ օգտատերերն՝ իրենց անկրկնելի բառապաշարով...

Հ.Գ. Հայաստանի վարչապետին չհաջողվեց հայկական մոտիվներով մթագնել «Ջինգլ բելս»-ը, բայց համոզված եմ, փաշինյանական «հայհոյաանեծքանեկրոֆիլային» պայքարի մեթոդները կարող են դառնալ նոր թրենդ քաղաքականության մեջ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը