Կարծիք

05.01.2020 15:18


Ինչո՞ւ է Փաշինյանը հավատում ադրբեջանցիներին և ի՞նչ նպատակով

Ինչո՞ւ է Փաշինյանը հավատում ադրբեջանցիներին և ի՞նչ նպատակով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել և մեղադրել ներքին թշնամիներին՝ հայ-իրանական հաբարերությունները փչացնելու մեջ...

Հունվարի 3-ին ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ, հղում տալով ինչ-որ լրագրող Դիանա Հարությունյանի, տեղեկություններ տարածեցին, իբրև թե Հայաստանի վարչապետը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ռազմական ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին ոչնչացնելու համար... Այդ տեղեկությունը տարածվում է նաև որոշ իրանական ԶԼՄ-ներում, սակայն ըստ լավատեղյակ մասնագետների, շատ արագ բացահայտվում է դրա կեղծ լինելը և որևէ ազդեցություն չի ունենում իրանական հասարակական կարծիքի վրա...

Հունվարի 4-ի երեկոյան, այս թեմային այլ տեսանկյունից է անդրադառնում Հայաստանի վարչապետը և առանց որևէ ապացույցի՝ ընդունում է ադրբեջանցիների տեսակետը, որ այդ կեղծ «լրագրող Դիանա Հարությունյանը» հայկական ծագում ունի և, ըստ Փաշինյանի, դրա հայտնվելու պատճառը խոսքի «կեղծ» ազատությունն է, որը սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար...

Այսպիսի ամպագորգոռ հայտարարություն անելու համար նախ պարոն Փաշինյանը պետք է ստույգ ապացույցներ ունենար, որ այդ լրագրող կոչեցյալի կեղծ էջը, որի վրա հղում են անում ալիևյան կայքերը, իրոք ստեղծվել է Հայաստանում... Հետաքրքիր է, ինչի՞ց ելնելով է Հայաստանի վարչապետը թշնամիներին ման գալիս Հայաստանում... Իսկ քանի որ գրառման վերջին մասում պարոն Փաշինյանը բացահայտում է, որ «լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն», ապացուցում է, որ պարոն վարչապետը կրկին անգամ դիմել է կեղծիքի և դեմագոգիայի կամ իրականում անտեղյակ է իրականությունից, որին ես չեմ հավատում...

Այո՛, այլ կերպ չեմ կարող բնութագրել Հայաստանի վարչապետի՝ հասարակությունը կրկին պառակտող գրառումը, երբ վերջինս այդ կեղծ լրագրող-հեղինակի հետևում փորձում է տեսնել հայկական հետքեր...

Ստացվում է, որ պարոն Փաշինյանը բացառում է ամենահավանական տարբերակը, որը բազմաթիվ անգամներ օգտագործել են ադրբեջանցիները մեր անունից ապատեղեկատվություն տարածելու համար. հենց ադրբեջանցիներն են բացում հայերի անուն-ազգանունով այդ կեղծ էջերը և ապատեղեկատվություն տարածում մեր անունից... Սա շատ վաղուց կիրառվող քարոզչական հնարք է... Ավելին, ի գիտություն ՀՀ վարչապետի՝ հարյուրավոր կեղծ լուրեր պաշտոնական Բաքուն տարածում է մեր անունից՝ հղում տալով Բաքվի կողմից ստեղծված հայալեզու լրատվական կայքերին ևս...

Այս ամենից կարող եմ գալ այն եզրակացության, որ Փաշինյանը հակահայկական քարոզի համար շատ դեպքերում առանց ապացույցների կարող է արդարացնել ապշերոնյան «կիրթ» բռնապետին, բայց մեղադրել իրեն քննադատողներին, որոնցից շատերին նա թշնամանքով է վերաբերվում և այդ հանգամանքը փորձում է օգտագործել Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու, ինչպես նաև իր իշխանությանը քննադատողների «բերանները» փակելու նպատակով...

Փաշինյանի այս գրառումը հիմնազուրկ է, քանի դեռ ԱԱԾ-ն չի բացահայտել «Դիանա Հարությունյան» օգտատիրոջ «ծագումնաբանությունը» և չի ներկայացրել նրան հասարակությանը...

Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված լուսանկարից պարզվում է, որ վերը նշված «հայ լրագրողուհին» իր գրառումն արել է միայն ռուսերենով...

Հ.Գ. Եթե պարոն Փաշինյանը կեղծ օգտատիրոջ հետևում հայկական հետքեր է ման գալիս, ապա թող իր շրջապատում ման գա, որոնցից շատերը մինչ իշխանության գալը աչքի էին ընկնում հակաիրանական դասախոսություններով և հայտարարություններով, իսկ իշխանության գալուց հետո հակաիրանական բարբաջանքներով հանդես էին գալիս ԱԺ ամբիոնից...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը