Կարծիք

30.12.2019 11:24


Որքանո՞վ են լուսանցքային «Սասնա ծռերը» ազգային ուժ

Որքանո՞վ են լուսանցքային «Սասնա ծռերը» ազգային ուժ

Չկա ավելի մեծ չարիք, ավելի մեծ աղետ ժողովրդի համար՝ մասնավորապես մեզ նման փոքրիկ ժողովրդի համար, քան կույր կուսակցամոլությունը: Մեր կուսակցությունների պայքարի միակ «մարտական միջոցը» պիտի լինի բարոյական կշտամբումը եւ ո՛չ սուտը, զրպարտությունը, իրողությունների խեղաթյուրումը…

Գարեգին ՆԺԴԵՀ

Որքանո՞վ են, օրինակ, լուսանցքային «Սասնա ծռերը» ազգային ուժ

Վերջերս կասկածելի կենտրոններից սնվող տեղական կառույցները հաճախ են անդրադառնում գաղափարախոսական հարցերի:Այստեղ փորձ է արվում երկու հիմնական խնդիր լուծել: Առաջին. քաղաքական դաշտից դուրս մղել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող իրական ուժերին, իսկ ազգային օրակարգի ձևավորումն ամեն գնով դարձնել արևմտասորոսականների մենաշնորհը:Երկրորդ. ազգային աշխարհընկալումը և դրանից բխող գործունեությունը դնել լուսանցքային կազմակերպության հետ նույնական մակարդակի վրա և արժեզրկել: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. Որքանո՞վ են, օրինակ, լուսանցքային «Սասնա ծռերը» ազգային ուժ: Որպես կանոն՝ գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնք պետության ներսում ազգային ուժերի համար սկզբունքային կարևորություն ունեն՝ եկեղեցի, բանակ, մշակույթ, ավանդական ընտանիք, ազգային վարք ու բարք, և այլն: Իրեն ազգային ուժ հռչակած «Սասնա ծռերը» ծպտուն անգամ չհանեց, երբ անցյալ տարի թիրախավորվել էր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, իսկ Հայաստանում լայն գործունեություն ծավալող աղանդավորական կառույցների հանդեպ նրանց դիրքորոշումն անհայտ է: Մի՞թե ազգային ուժը կարող է կրավորական մոտեցում ունենալ նման հարցերում:

Իրենց պետականության պատվար ներկայացնող «Սասնա ծռերը» կրկին լռեցին, երբ համասեռամոլները Երևանում գրոհեցին ոստիկանական բաժանմունքը: Նրանք անարձագանք թողեցին նաև այն դրվագը, երբ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ԱԺ ամբիոնն օգտագործեցին իրենց քարոզի համար: Մի՞թե ազգային խնդիրներով մտահոգ ուժը կարող էր հանդուրժել ազգային նկարագրի նման ստորացումը: Պետության վաղվա օրով «մտահոգ» «Ծռերը» չնկատեցին, երբ կրթության նախարարը ամենաբարձր մակարդակով ընդունեց սեռափոխվածի, իսկ մի գրախանութում փորձ արվեց կազմակերպել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Արդյոք ազգային օրակարգ կրողները կարո՞ղ են անվրդով մնալ մատաղ սերնդի հոգևոր պղծության փորձերին:

«Ծռերը» նույնիսկ լուռ էին այն ժամանակ, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ ներկայացվեցին կասկածելի սցենարով թուրքական և ադրբեջանական ֆիլմեր: Պետության անվտանգության մասին մտածող ուժը չի կարող լուռ մնալ, երբ քարոզվում է պացիֆիզմ թշնամու նկատմամբ: Իսկ արդյոք ոտնձգությունը սեփական պետության նկատմամբ (որն իրենք, քողարկելով իրական նպատակները, որակում են՝ որպես ապստամբություն) բավակա՞ն է՝ այն իրականացնողներին ազգային կոչելու համար: Կամ գուցե ոստիկանների սպանությունը և նրանց ընտանիքները վշտի մեջ թաթախելն է ազգային նկարագրի իրենց բնութագիրը: Կամ էլ բանկոմատ թալանելը և շտապ օգնության աշխատակիցներին պատանդ վերցնելն է, իրենց պատկերացմամբ, ազգային ուժի գործելակերպը:

Սակայն կա մի բան, որը մագնիսի պես ձգում է «Սասնա ծռերին», որի գայթակղությանը նրանք անզոր են դիմանալ: Դա հակառուսական քարոզչությունն ու գործունեությունն է: Հայաստանում սորոսյան գրասենյակի հիմնադիր Գարեգին Չուգասզյանի ուղղորդմամբ շարժվող այս ուժը (որի շարքերում, անշուշտ, կան մոլորված և մանիպուլյացված հայրենասերներ) փորձում է խաթարել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: «Սասնա ծռերի», այսպես կոչված, «ազգային» օրակարգն ուղղված է հայ-ռուսական դաշնակցային կապերը սասանելուն և կասկածելի տերերի պատվերներն անխոս կատարելուն: Նշվածին գումարվում է նաև այն, որ «Ծռերն» իրենց հովանավորների կողմից արդեն իսկ դիտարկվում են որպես գործիք՝ երկրի ներսում քաղաքական հետապնդումների համար: Մնում է հասկանալ՝ ո՞ր կենտրոններից է ուղղորդվում հակառուսական հիստերիայով բռնված, իրական ազգային հարցերին անհաղորդ այս ուժը:

Հ.Գ. Ի դեպ, պարոնայք «Ծռեր», ինչո՞ւ գործող իշխանությունից ևս չեք պահանջում հետ նվաճել հակառակորդին անցած 800 հեկտարը և ինքներդ չեք լծվում այդ գործին:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը