Կարծիք

28.12.2019 09:10


Հնարավոր թանկացումներ. պաշտոնական ու փորձագիտական տարբեր սպասումներ

Հնարավոր թանկացումներ. պաշտոնական ու փորձագիտական տարբեր սպասումներ

Տարեվերջի տնտեսական ամենատիպական բնութագիրը կարելի է համարել սպասումը: 2014թ. մայիսին ԵԱՏՄ անդամակցության պահից հայտնի էր, որ Հայաստանն ունենալու է անցումային ժամանակահատված: Այն տևելու է հինգ տարի: Փաստորեն, միացյալ մաքսային սակագները մեր համար գործելու են 2020թ․ հունվարի 1-ից: Անցնող հինգ տարիների ընթացքում մեր հին ու գործող իշխանությունները պիտի մեր տնտեսությունը պատրաստեին այդ անցմանը:

Հունվարի 1-ից փոխվելու է մոտ 900 ապրանքատեսակի մաքսային դրույք: Այդ ապրանքներից 293-ը տրանսպորտային միջոցներ են: Հատկապես 7 տարվա «հնության» տրանսպորտային միջոցների մաքսատուրքերի փոփոխության մասին ամենաշատն է խոսվել: Ու այդ հարցում արդեն որոշակի պատկերացումներ կան:

Փորձագիտական հասարակությունն ավելի շատ քննարկում է մնացած ապրանքատեսակների հնարավոր գնաճը: Խոսքն այս պարագային սննդամթերքի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների հնարավոր գնաճի մասին է: Մի քանի ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարությունը փորձեց պարզաբանել հնարավոր գնաճը: Այդ պահին 2020-ի պետբյուջեի թվերը չկային: Հետևաբար բուն բացատրությունն ինքը հարաբերական էր:

Հիմա հայտնի է, որ 2020-ի բյուջեն ենթադրում է 4 (առավելագույնը 5.5) տոկոսանոց գնաճ: Բազմաթիվ պարենային ապրանքների գծով մաքսատուրքային փոփոխությունը շատ ավելի բարձր տեմպով է աճելու: Հետևաբար փորձագետների մի մասը 2020-ի համար շատ ավելի բարձր գնաճ է կանխատեսում:

Հայտնի ապրանքներից ամենաբարձր չափով 2020-ին աճելու է թռչնամսի մաքսատուրքը` 25 տոկոսի չափով: Փորձագետների մի մասը հիմնավորում է, որ 2015-16-ին գրանցված մաքսատուրքի 10 տոկոսանոց աճի, 2017-ի՝ 4 տոկոսանոց աճի, 2019-ի՝ 22 տոկոսանոց աճի պարագային թռչնամսի գնի կտրուկ աճ չարձանագրվեց: Հետևաբար չի արձանագրվի նաև մաքսատուրքի 2020-ի 25 տոկոսանոց աճի պարագային:

Հիշեցնենք, որ մաքսատուրքերն աճում են ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրվող ապրանքների վրա, այլ այսպես ասած՝ երրորդ երկրների: Երրորդ երկրից ներկրվող խոշոր եղջերավոր անասունի մսի դիմաց գանձվող մաքսատուրքը 2020-ին աճելու է 15 տոկոսով (այս տարվա համար պիտի կիրառված լիներ 12.5 տոկոսանոց ավելացում):

Ավելացնենք, որ անցումային այս շրջանում ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ընդհանուր մուտքերից Հայաստանն ամեն տարի իր մասնաբաժինը ստացել է: 2017թ․ բարձրացված մաքսատուրքերից Հայաստանին տրամադրվել է 53.6 մլրդ դրամ: 2018-ին այս գումարը նկատելիորեն աճել է`74.1 մլրդ դրամ: 2019թ․ համար ակնկալվող գումարը պիտի կազմի 89.8 մլրդ դրամ:

Փորձագետների մի մասը կարծում է, որ մաքսատուրքերի ԵԱՏՄ քաղաքականությունն անդամ բոլոր երկրների շահերից չէ, որ բխում է: Նրանց մի մասը պնդում է, որ դրանք հաշվարկված են Ռուսաստանի տնտեսական շահերի առաջնորդությամբ և հիմնականում ՌԴ արտադրողների շահերն են պաշտպանում: Սակայն մաքսատուրքերի աճը միայն ՌԴ-ում արտադրվող ապրանքատեսակներին չէ, որ վերաբերում է: Օրինակ, եկող տարի բրնձի ներկրման մաքսատուրքն աճելու է 3-6 տոկոսով: Բացի այս օրինակից նշվում է, որ երրորդ երկրներից ներկրվող մաքսատուրքի աճի «տակ ընկնող» 700 ապրանքատեսակների նկատելի մասը Հայաստան ներկրվում են հիմնականում հենց ԵԱՏՄ անդամ երկրներից: Այս փաստերը շեշտող փորձագետները, բնականաբար, կարծում են, որ 2020թ․ հնարավոր գնաճը շատ բարձր չի լինելու: Հետևաբար այն տեղավորվելու է բյուջեի մասին օրենքի սահմանած միջանցքում: Որպես ամենացայտուն օրինակ այս փորձագետները նշում են, որ մեր երկիր ներկրվող ձեթի 90 տոկոսը ԵԱՏՄ անդամ երկրների արտադրության են: Հետևաբար այս պարագային ներկրման դրույքաչափի բարձրացումը վերաբերելու է մնացած 10 տոկոսանոց չափաբաժնին:

Կարելի է ընդհանրացնել, որ հնարավոր գնաճը թե՛ բացառող, թե՛ «կանխագուշակող» կարծիքները բավարար չափով հիմնավորված են: Ու հավանաբար սա է, որ որոշակի անորոշություն է հաղորդում իրավիճակին: Եթե իշխանությունները անցած ժամանակահատվածում հստակ կատարել են անցումային ժամանակահատվածի պահանջները, ապա հնարավոր գնաճը կտեղավորվի բյուջետային «միջանցքում»: Հակառակ դեպքում գնաճը կարող է «անխնա» լինել: Ժամանակի առումով բան չմնաց: «Կապրենք` կտեսնենք» ժողովրդական ասացվածքի հանգույն:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը