Քաղաքական

27.12.2019 10:05


Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի պարգևավճար

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի պարգևավճար

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի խրախուսում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են մարզպետարանից։

Մասնավորապես՝ գրավոր հարցմամբ «Փաստինֆո»-ն խնդրել էր տեղեկություններ տրամադրել, թե 2019 թվականի ընթացքում մարզպետարանի քանի աշխատակից է պարգեւատրվել, նրանցից չուրաքանչյուրը քանի անգամ եւ որքան է կազմել յուրաքանչյուրի պարգեւավճարը։

Ի պատասխան մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը հայտնել է, որ մարզպետարանն ունի 184 հաստիք, որոնք ամեն ամիս պարգեւատրվել են, բացառություն են կազմել «արձակուրդի մեջ գտնվող, ծառայողական քննություն նշանակված, աշխատանքային կարգապահությունը խախտած անձինք»։ Ընդ որում՝ մարզպետարանը չի նշել, թե բացառություն կազմողների թիվը որքան է կազմել։ Փոխարենը հայտնել են, որ պարգեւատրումների ֆոնդը կազմել է 113.535.600 մլն ՀՀ դրամ։

Սակայն սա դեռ ամբողջը չէ՝ Ամանորի կապակցությամբ լինելու են նոր պարգեւատրումներ՝ նախատեսված բոլոր աշխատակիցների համար։

«Հնարավոր է տարեվերջին մարզպետարանի բոլոր աշխատակիցներին տրամադրվեն պարգեւատրումներ»,-նշված է պատասխանում, սակայն չափի մասին մարզպետարանը նախընտրել է լռել։

Ի դեպ, մարզպետարանից չեն պատասխանել նաեւ հարցին, թե մարզպետը, նրա տեղակալները եւ գլխավոր քարտուղարը տարվա ընթացքում քանի անգամ են պարգեւատրվել եւ որքան է կազմել նրանց պարգեւավճարը։ Ավելին՝ հրաժարվել են հայտնել նաեւ, թե Ամանորի կապակցությամբ հավաքույթ կազմակերպելու են, թե ոչ, եթե այո, ապա որտեղ եւ ինչպես է ընտրվել ռեստորանը, որքան գումար է նախատեսվել։

Մարզպետարանից ուղղակի պատասխանել են, թե 2019 թվականի պետական բյուջեով ամանորյա հավաքույթի համար գումար չի նախատեսվել, որպիսի հարց ընդհանրապես չէր էլ ուղղվել, քանի որ դա ի սկզբանե գիտեինք, որ պետական բյուջեն ռեստորանում հավաքույթների համար գումար չի նախատեսում։ Աղբյուրը հարցրել է, թե արդյոք ծրագրում են նման հավաքույթ կազմակերպել, ինչը պարզապես նախընտրել են շրջանցել։ Մարզպետարանից չեն հայտնել, թե նման հավաքույթ նախատեսված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը