Մեկնաբանություն

24.02.2011 15:20


Ընդմիշտ Թաթուլ

Ընդմիշտ Թաթուլ

Հայաստանում կան մարդիկ, ովքեր հնարավոր բոլոր կուսակցություններին անդամակցել են կամ համագործակցել են դրանց հետ։ Այդպիսիններից է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նա մի ժամանակ ՀՅԴ–ի հովանու տակ տնտեսական վերլուծություններով էր զբաղված։ Թե Մանասերյանը որքանո՞վ էր այդ գործը հաջող կատարում, կիմանան միայն ինքն ու դաշնակցությունը։ Փաստն այն է, որ Մանասերյանը ՀՅԴ–ին կցվելը որոշ ժամանակ անց փոխարինեց ՀԺԿ–ին կցվելով, որից հետո հայտնվեց Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի նախընտրական ցուցակում և 2003–ին դարձավ ԱԺ պատգամավոր։

Մի քանի տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատելուց հոգնած՝ Թաթուլը դուրս եկավ «Արդարություն» դաշինքից ու դարձավ «անկախ» պատգամավոր, ճիշտ այնպիսի «անկախ», ինչպիսին էր և է, ասենք, տխրահռչակ Վիկտոր Դալլաքյանը։

2007թ–ին ձևավորված խորհրդարանում Մանասերյանը պատգամավորի կարգավիճակում չհայտնվեց, բայց ԱԺ–ի շենքում աշխատանք գտավ, երբ ԱԺ նախագահի աթոռին բազմեց Հովիկ Աբրահամյանը։ Մանասերյանը նշանակվեց ԱԺ խոսնակի տնտեսական հարցերով խորհրդականը, բայց իր հրապարակային ելույթներով ավելի շատ վարչապետ Տիգրան Սարգսյանի նեոբոլշևիկյան բառապաշարն էր օգտագործում, ինչը, հաշվի առնելով կուլիսային որոշ նրբություններ, առնվազն տարակուսելի էր։ Ինչևէ։

Թե որքանո՞վ էին Մանասերյանի խորհուրդներն ընկալելի ու ընդունելի Հովիկ Աբրահամյանի համար, կիմանան միայն ինքն ու ԱԺ նախագահը։ Փաստն այն է, որ օրերս նա հեռացավ կամ հեռացվեց ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից ու անմիջապես ասուլիս տվեց՝ հայտնվելով հայկական TV–ների լրատվական թողարկումների ռեպորտաժներում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ Մանասերյանը հիմա էլ դարձել է Բաղրամյան 26–ի ջահելության սիրելին, այլապես եթերում չէր հայտնվի (բոլորին է հայտնի, որ հայկական երկնագույն էկրանն ամբողջությամբ վերահսկվում է մեկ կենտրոնից)։

Ստացվում է, որ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից հրաժարվելը, հաջորդ օրը քննարկում կազմակերպելն ու «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունների եթերից չիջնելը Մանասերյանի պարագայում մեկ եղավ, որից կարելի է եզրակացնել, որ տնտեսագետին նախապես պատրաստել էին «հրաժարիմքին»։ Իսկ թե ո՞վ էր պատրաստել, կարելի է գլխի ընկնել։

Այս ամենը հաշվի առնելով՝ դուրս է գալիս, որ Մանասերյանը հիմա էլ դարձել է նախագահականի՛ն կից տնտեսագետ, ում անելիքը պետք է լինի այն, որ «անկախ» մասնագետի կարգավիճակով սեփականության վերաբաշխման ու գերկենտրոնացված տնտեսության կառուցման հիմնավորումները տա ու քողածածկի իշխանության իրական նպատակները։

Մանասերյանի վրա դրված է նաև մեզանում արձանագրվող գնաճի պատճառների մասին խոսելը, իրական պատճառներն ու մեղավորներին նշելու փոխարեն նետերը դեպի խոշոր բիզնեսն ուղղելը՝ «սրանք որ չլինեին, գները չէին աճի» դեմագոգիկ կարգախոսի շրջանակներում, ինչը նույնպես տեղավորվում է «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» տրամաբանության մեջ։

Թե որքանով Մանասերյանին կհաջողվի ծառայել նախագահական նստավայրին, պարզ կդառնա առաջիկայում։ Փորձը ցույց է տալիս, որ նա կարճաժամկետ կցվող է, քանի որ անընդհատ փնտրտուքի մեջ է։

Շատ հնարավոր է, որ մենք սխալվում ենք, և Մանասերյանը ոչ մի պայմանավորվածություններ էլ չունի նախագահականի հայտնի թևի հետ, պարզապես նրան լիուբոլ եթեր տվեցին ԱԺ նախագահի մոտ չաշխատելուց հետո, որպեսզի մի փոքր «կծեին» Հ. Աբրահամյանին՝ ցույց տալով, որ կարող են PR անել ԱԺ խոսնակի նախկին ենթակային, և դա այն դեպքում, երբ հեռուստաընկերություններին նույն կենտրոնից հրահանգված է Հովիկ Աբրահամյանին հնարավորինս քիչ անդրադառնալ ու լրատվական թողարկումներում կադրից դուրս թողնել։ Ահա այսպիսի բաներ։ Այսպիսի բարքեր են տիրում Սերժ Սարգսյանի գլխավորած թիմում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը