Քաղաքական

16.03.2009 16:46


Լևոն Զուրաբյան. «Մեր պայքարը քաղաքապետի պաշտոնի համար չէ»...

Լևոն Զուրաբյան. «Մեր  պայքարը  քաղաքապետի պաշտոնի համար չէ»...

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Հայացք» ակումբում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել են, որ ընտրություններում ՀԱԿ պայքարը քաղաքապետի պաշտոնի համար չէ. «Այս ընտրություններն ընդամենը Երևանի քաղաքապետի ընտրություններ չեն։ Սա չի լինելու պայքար ցուցակների կամ բեգլարյանների դեմ։ Սա լինելու է պայքար ավազակապետ համակարգի դեմ»։

Բանախոսների հավաստմամբ՝ կարևորելով Երևանի դերն ու կշիռը, ՀԱԿ-ը հանգել է այն եզրակացության, որ հաղթելով Երևանում, իրենք կունենան բոլոր հիմքերը շարունակելու սահմանադրական կարգի և ժողովրդավարության հաստատման համար մղվող պայքարը։ ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ինչ վերաբերվում է ցուցակի հաջորդ համարներին, ապա այդ հարցը դեռ քննարկման փուլում է։ «7 օր»-ի հարցին, թե ինչպես եք դիտարկում  «Ժառանգություն» կուսակցության ընտրություններին առանձին մասնակցելու հավանականությունը, Ա.Մուսինյանը հրաժարվել է վաղաժամ մեկնաբանություններ անել։ Այնուամենայնիվ նա նշել է, որ «Ժառանգության» այդ քայլը հասարակության մեջ ճիշտ չի ընկալվի և այսօր շատ կարևոր է ընդդիմության միասնական լինելը»։

Նրանք համոզմունք են հայտնել, որ օրինական ընտրությունների դեպքում Հայ ազգային կոնգրեսը կհաղթի։  

Այս խորագրի վերջին նյութերը