Կարծիք

25.12.2019 15:35


Կեղծ ու իրական խնդիրները զանազանել է հարկավոր

Կեղծ ու իրական խնդիրները զանազանել է հարկավոր

Ազգի առջև ծառացած լուրջ խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար իշխանությունները, իրենց գրպանային ընդդիմության հետ միասին, կեղծ օրակարգեր են ստեղծում ու մասմեդիան լծվում է այդ ամենով մարդկանց ուղեղները ծանրաբեռնելու գործին: Այս կեղտոտ տեխնոլոգիան մեր այսօրվա իշխանավորները դարձրել են մարդկանց մանիպուլացնելու հիմնական գործիքներից մեկը: Սակայն մենք պիտի կարողանանք զանազանել իրենց կողմից հասարակությանը հրամցվող իսկապես կեղծ օրակարգերը այն խնդիրներից, որոնք, մեղմ ասած, այնքան էլ կեղծ չեն ու իսկապես լրջագույն քննարկումների կարիք ունեն:

Ինչո՞ւ եմ սա ասում. ասում եմ, քանի որ ոմանք, իշխանություններին արդարացիորեն չվստահելու արդյունքում, երբեմն ծայրահեղությունների մեջ են ընկնում ու բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ քննարկվում են հասարակության մեջ, համարում են կեղծ ու մտացածին՝ հայտարարելով, որ այդ ամենը իշխանությունների կողմից հորինվում են ժողովրդի ուշադրությունը արցախյան հիմնախնդրից շեղելու նպատակով:

Իհարկե մեր երկրի ու ժողովրդի համար թիվ 1 խնդիրը, այսօրվա դրությամբ, արցախյան հիմնախնդիրն է, հիմա շատ մոդայիկ է դարձել էկզիստենցիալ բառը օգտագործել, այդ բառը նշանակում է գոյության խնդիր, լինել չլինելու խնդիր, ու իսկապես արցախյան հարցը մեր երկրի ու ժողովրդի համար գոյության ու լինելիության խնդիր է, սակայն այդ ամենակարևոր խնդրի հետ զուգահեռ կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պահանջում են ամենօրյա քննարկում՝ հասարակության լայն շերտերի ներգրավմամբ, դրանք մեր ինքնության ճգնաժամի հետ կապված խնդիրներն են, մեր արժեհամակարգի ու բարոյահոգեբանական վիճակի հետ կապված խնդիրներն են, մեր ճգնաժամ ապրող մշակույթի ու տեղում դոփող պետականաշինության հետ կապված խնդիրներն են, և այդպես շարունակ:

Այնպես որ պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել, մենք ունենք խնդիրների մի ամբողջ կոմպլեկտ, որոնց լուծման համար համակարգված մոտեցում է հարկավոր և, այս թավշյա ապազգային խունտայի բարեհաջող հեռացումից հետո ազգովի պիտի լծվենք այդ ամենը պատվով հաղթահարելու գործին:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը