Քաղաքական

25.12.2019 13:49


Եվս տասը ձերբակալություն, բայց հազարների հո չե՞ն ձերբակալելու. Աղվան Վարդանյանը՝ Թավադյանի ձերբակալության մասին (տեսանյութ)

Եվս տասը ձերբակալություն, բայց հազարների հո չե՞ն ձերբակալելու. Աղվան Վարդանյանը՝ Թավադյանի ձերբակալության մասին (տեսանյութ)

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը շինծու գործ է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը։

«Ձերբակալությունները երեկ չեն սկսվել, ամեն օր մի բան լինում է։ Հերթական ամոթալի արարքն է այդ իշխանությունների կողմից։ Բացարձակ անօրինական եղանակով, մարդուն ուղղակի փողոցից վերցնել եւ տանել, առանց ծանուցելու, առանց որեւէ բանի։ Ակնհայտ է, որ իրենց սարքած, հերթական արհեստական, շինծու գործն է, եւ այդ Վարուժանն էր… ավելի շատ Մերուժանն էր՝ բնույթով»,-ասաց Վարդանյանը։

Աղվան Վարդանյանի խոսքով՝ Արմեն Թավադյանը Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ ընկերներից է, եւ դա կարող է պատճառ լինել նրան ձերբակալելու համար. «Հատուկկենտ մարդիկ գիտեն, թե ինչ դերակատարություններ է ունեցել պարոն Թավադյանը, նա մեր անվտանգությունն է ապահովել, Հայաստանին տարբեր աջակցություններ է ցուցաբերել։ Եվ այսօր այս շինծու, ամոթալի վարքագծով ոչ մի տեղ չեն հասնի։ Լավ, եւս մի ձերբակալություն, եւս տասը ձերբակալություն, բայց հազարների հո չե՞ն ձերբակալելու։ Իշխանությունը, ցավոք, շարունակում է գնալ մի ճանապարհով, որը բացարձակ հեռանկար չունի եւ հակառակը, օր օրի թուլացնելու է իրենց հիմքերը»։

Հարցին՝ արդյոք Թավադյանի ձերբակալումն ուղղվա՞ծ է նաեւ լրատվամիջոցի դեմ, Աղվան Վարդանյանն ասաց. «Բնականաբար, դա առաջին անգամը չէ, նախկինում էլ Գասպարի ասվածի միջադեպի հետ կապված կրկին աբսուրդ մեղադրանքով փորձեցին կալանավորել, ի վերջո, գործ հարուցեցին Թավադյանի դեմ։ Սա փորձ էր՝ ճնշելու լրատվամիջոցներին։ Ազատ մամուլի, ազատ խոսքի հանդեպ նման գործողություններով վերադառնում ենք 90-ականներ։ Մենք գիտենք՝ դա ինչով է վերջացել, սա էլ է այդպես վերջանալու»։

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Թավադյանը ձերբակալվել է, ըստ ոստիկանության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։

Նշենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը