Կարծիք

24.12.2019 20:55


Միջադեպի հետ որևէ կապ ունենալ չեմ կարող, հարցաքննության ծանուցագիր չի եղել, բերման ենթարկելու որևէ օրինական հիմք չի ներկայացվել

Միջադեպի հետ որևէ կապ ունենալ չեմ կարող, հարցաքննության ծանուցագիր չի եղել, բերման ենթարկելու որևէ օրինական հիմք չի ներկայացվել

Սիրելի բարեկամներ, ընկերներ, ուսանողներ և դասախոսներ,

Նախ շնորհակալ եմ օրվա ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության համար: Իմ նկատմամբ ձեր վստահությունը և սրտացավությունը առավելագույնն է, որ հնարավոր է ձեռք բերել կյանքում:

Իսկ հիմա եղածի մասին:

Քրեական գործի առիթ դարձած միջադեպի հաջորդող և նախորդող ժամերին ես եղել եմ Կենտրոնական մասնաշենքի վեցերորդ հարկում և մասնակցել եմ ՈւԽ կազմակերպած հրապարակային միջոցառմանը: Այսինքն, միջադեպի հետ որևէ կապ ունենալ չեմ կարող:

Հարցաքննության ծանուցագիր չի եղել: Բերման ենթարկելու որևէ օրինական հիմք չի ներկայացվել: Բայց նույնիսկ այս պարագայում ես պատրաստ էի փաստաբանի հետ միասին 14:00-ին լինել Ոստիկանությունում: Բայց այդ ժամանակը չտրվեց ինձ: Ինձ անհասկանալի պատճառներով 13:10-ին բերման ենթարկեցին:

Առհասարակ, ձեռնաշղթաներ օգտագործում են այն մարդու նկատմամբ, որը վտանգ է ներկայացնում հանրության համար: Կարծում եմ` այդպիսին չեմ: Բացի դա, ո՞վ է տեսել՝ վկայի կարգավիճակ ունեցող մարդուն ձեռնաշղթաներով բերման ենթարկեն: Այն էլ առանց որևէ ծանուցման:

Փաստաբանիս հետ բողոքարկելու եմ ինձ բերման ենթարկելու օրինականությունը, քանի որ փորձ է արվել ապօրինի գործողությունների միջոցով իմ անունը վարկաբեկել: Չի ստացվելու:

Ինձ հարցաքննել են որպես վկա: Երբ հարցրել եմ, թե ինչու են ինձ վկայի կարգավիճակ տվել այն պարագայում, երբ ես դեպքի վայրում չեմ եղել առհասարակ, ինձ պատասխանել են, որ Ուսխորհրդի նախագահն եմ: Զավեշտալի է: Նման տրամաբանությամբ, օրինակ, քաղաքապետը պետք է վկայի կարգավիճակ ունենալ քաղաքում տեղի ունեցած բոլոր քրեական գործերում:

Ի դեպ, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ ինչ-որ «պատահականությունների» արդյունքում ես հայտնվում եմ ոստիկանական բաժանմունքում: Առաջին անգամ կանչել էին ԵՊՀ-ում տեղի ունեցած մի միջադեպի առթիվ, որը եղել էր իմ` Բանակում ծառայելու տարիներին: Բայց ոչինչ, չեմ տրտնջում: Ինչպես ասում են` սա էլ է տղու համար:

Հ.Գ. Մամուլից տեղեկացա, որ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը ասել է, թե ինձ ձեռնաշղթաներով բերման են ենթարկել, որովհետև ես դիմադրություն եմ ցույց տվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստում է։ Ես դիմադրություն ցույց չեմ տվել: Իսկ թե ինչու է նա ստանձնել Ոստիկանության գործողությունները արդարացնողի դերը, ինձ համար դեռևս մնում է անհայտ...

Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը