Կարծիք

23.12.2019 13:31


Երանի գժերին, որ էլ չեն գժվելու, սա նոր Հայաստան չէ, սա նոր խենթաստան է

Երանի գժերին, որ էլ չեն գժվելու, սա նոր Հայաստան չէ, սա նոր խենթաստան է

Հայաստանի ԱԺ-ի պատգամավորը Այբբենարանը աղբամանն է շպրտում միայն այն պատճառով, որ այնտեղ ինչ-որ նկար է տեսել, որում կինը տնային տնտեսուհու հագուկապով է պատկերված եղել. պատկերացնո՞ւմ եք մարազմը ինչ աստիճանի է հասել արդեն՝ տնային տնտեսուհու կերպարը այդ երիտասարդ աղջկա համար (որը, ո՜վ զարմանք, նաև պատգամավոր է), հայհոյանքի նման մի բան է փաստորեն, ու այդպիսի նկարով դասագիրքը նա համարում է հայ կանանց իրավունքների ոտնահարում, բայց երբ հայ կանայք ամեն աստծու օր գոյության կռիվ են տալիս այս արևի տակ իրենց մի փոքրիկ տեղը ունենալու համար կամ իրենց գլխին մի պուճուր տանիք ունենալու համար, ու ոչ միշտ է այդ կռիվը հաղթանակով ավարտվում, երբ այդ նույն հայ կանայք կռիվ են տալիս երեկոյան իրենց երեխաներին սոված փորով ննջասենյակ չուղեկցելու համար, որը հաճախ չի էլ հաջողվում իրենց, երբ այդ հայ կանայք, շատ անգամ, նույնիսկ երկու և ավելի բարձրագույն կրթություն ունենալով հանդերձ, իրենց ամբողջ կյանքում այդպես էլ տնային տնտեսուհու կարգավիճակում են մնում, քանի որ առանց ԽԾԲ-ի աշխատանքի տեղավորվելը համարյա անհնարին բան է դարձել Հայաստանում կամ երբ այդ նույն հայ կանայք անընդհատ անախորժությունների մեջ են իրենց ամուսինների հետ՝ վերջիններիս չվաստակելու կամ քիչ վաստակելու պատճառով, քանի որ Հայաստանում աշխատանք կամ, ավելի ճիշտ, նորմալ վարձատրվող աշխատանք գնտելը հասարակ մարդկանց համար ուղղակի անհաղթահարելի խնդիր է, և որի արդյունքում հաճախ այդ անախորժությունները հասնում են բաժանությունների ու կանայք իրենց երեխաների հետ միայնակ են մնում այս դաժան իրականության մեջ. այս ամենը ընկեր պատգամավորուհին չի տեսնում, նրան Այբբենարանի նկարները ցույց տուր միայն:

Ո՞ր մեկը ասեմ, ո՞րը հիշեմ, հազար բան կարող եմ հիշել ու մատնացույց անել կապված հայ կանանց ոտնահարված իրավունքների ու արժանապատվության հետ, բայց ինչ էլ որ հիշեմ ու ասեմ, միևնույնն է ԱԺ-ի իր տաքուկ աթոռին բազմած երիտասարդ այդ աղջկան (իր կուսակիցների հետ միասին իհարկե) չի հետաքրքրի, Այբբենարանի մեջի նկարն է միայն նրան վրդովեցնում, չէ՞ որ միայն այդ նկարի հարցն է մնացել չլուծված, դա էլ կլուծի ու հայ կանանց բոլոր խնդիրները կմնան անցյալում (կանանց իրավունքներից խոսելուց առաջ, նախ բարի եղեք որդեկորուս հայ մայրերին ընդունեք գոնե, իրենց գանգատները լսեք և ընթացք տվեք):

Կարճ ասած՝ երանի գժերին, որ էլ չեն գժվելու, սա նոր Հայաստան չէ, սա նոր խենթաստան է:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը