Կարծիք

20.12.2019 15:00


Քյազըմ Կարաբեքիրի խրատը այսօրվա մեր թավշյա «խաղաղասերներին»

Քյազըմ Կարաբեքիրի խրատը այսօրվա մեր թավշյա «խաղաղասերներին»

Քանի որ սկսվել է հայ ժողովրդին ինքնակապիտուլյացվելուն հոգեբանորեն նախապատրաստելու գործընթացը, որի շրջանակներում կսկսվեն ադրբեջանցիների ու թուրքերի հետ ցանկացած գնով բարեկամանալուն այլընտրանք չլինելու հանգամանքին միտված քարոզները, ու ընդհանրապես «կիրթ ու խելացի» Ալիևի ու «գեղեցկուհի» Մեհրիբանի մասին ավելի ու ավելի կսկսեն բարձրաձայնել, ապա ուզում եմ միասին վերհիշենք անցլայից մնացած մի պատմություն. երբ հայ դավաճանների օգնությամբ 1920 թվականին թուրքերը հաղթեցին հայ-թուրքական պատերազմում, ու Քյազըմ Կարաբեքիրի զորքը արդեն Ալեքսանդրապոլում էր և աջ ու ձախ կոտորում էր բնակչությանը, հայ բոլշևիկների լիդերներից մեկը մի կերպ կարողանում է մտնել նրա մոտ ու խնդրել նրան, որ գոնե հայ բոլշևիկներին ու նրանց ընտանիքներին խնայի, քանի որ վերջիններս ամեն ինչ արել են, որպեսզի թուրքերը հաղթեն այդ պատերազմում, ու հիշեցնում է նրան, որ և՛ իրենց դրոշը, և՛ քեմալականների դրոշը կարմիր է ներկված, որը ցույց է տալիս իրենց ու քեմալականների գաղափարական եղբայրությունը, որին ի պատասխան թուրք փաշան ասում է հետևյալը․ «Օղուլ, թուրքի համար էրմենին եղբայր չի կարող լինել, էրմենին թուրքի համար ինչպես եղել է գյավուր, այնպես էլ կմնա գյավուր, ու թուրքը ինչպես որ առաջներում էր սատկացնում գյավուրին, այնպես էլ կշարունակի սատկացնել հետագայում, անկախ նրանից, թե գյավուրը ինչ գույնի դրոշակ կտնկի իր գլխի վերևում»:

Եթե ոմանք կարծում են, թե 100 տարի անց աշխարհը փոխվել է, ապա չարաչար սխալվում են, եթե նրանց թվում է, որ հայրենիքը հանձնելու են ադրբեջանցի կոչեցյալ թուրքին, որի դիմաց ստանալու են նրանց բարեգթությունը, ուրեմն առնվազն ապուշ են. ադրբեջանցիները առաջինը իրենց` հայրենիք ու հող հանձնողներին կմորթեն ընտանյոք հանդերձ, նոր կանցնեն մյուսներին, դա թող լավ իմանան: Չկա ու չի լինելու խաղաղություն տարածքների դիմաց, դա նույնն է թե ամրոցի դռները բացես թշնամու առաջ ու նրան ներս թողնես այն ակնկալիքով, որ նա կբավարարվի ամրոցի մի մասով, իսկ մյուս մասը կթողնի քեզ, նման բան մտածելն անգամ անմեղսունակություն է, առավել ևս, որ թշնամին հայտարարում է մշտապես, որ ամբողջ ամրոցը իրենն է պատկանում, և այդ հարցը նա երբեք չի սակարկի ոչ մեկի հետ:

Կարճ ասած, եթե հայ ժողովուրդը մոտ ապագայում կրկին անգամ խաբնվի դավաճանների կողմից ու գնա տարածքների զիջման, ապա լայնամասշտաբ պատերազմից ու խայտառակ պարտությունից չի խուսափի, որի արդյունքում ընդմիշտ կզրկվի սեփական պետականություն ունենալու հեռանկարից և ազգ կոչվելու իրավունքից:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը