Կարծիք

12.01.2011 10:27


Պետք է հակազդել Օբամայի' Բաքվում և Անկարայում դեսպանների նշանակմանը

Պետք է հակազդել Օբամայի' Բաքվում և Անկարայում դեսպանների նշանակմանը

Ամերիկահայերը պետք է վճռական հակազդեցություն ցույց տան նախագահ Օբամայի' Մեթյու Բրայզային Ադրբեջանում և Ֆրենկ Ռիկիարդոնեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանների պաշտոնում միակողմանի նշանակումներին: Օգտվելով խորհրդարանական արձակուրդներից, Նախագահը շրջանցեց Միացյալ Նահանգների Սենատը' այդ «ընդմիջումային նշանակումները» կատարելու համար դեկտեմբերի 29-ին:

Չնայած Սենատի նստաշրջանից դուրս գտնվելու ժամանակ նախագահ Օբաման այսպիսի ժամանակավոր նշանակումներ կատարելու օրինական իրավասություն ունի, սակայն նրա անխոհեմ որոշումը կարող է մի շարք լուրջ հետևանքներ ունենալ.

  • Միացյալ Նահանգների նոր դեսպանների օրինականության և վստահելիության ձախողում իրենց հյուրընկալող երկրների աչքում, քանի որ նրանց նշանակումները կատարվել են օրենսդրության մեջ առկա վաղեմի գործընթացի պատճառով, այլ ոչ թե Սենատի պատշաճ հաստատմամբ:
  • Առճակատում իր կուսակցության երկու նշանավոր սենատորների' Բարբարա Բոքսերի (Կալիֆորնիա) և Ռոբերտ Մենենդեսի (Նյու Ջերսի) հետ, որոնք «կասեցում» էին դրել Բրայզայի թեկնածության վրա: Արդեն իսկ կորցնելով հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը, Օբաման այժմ Սենատի դեմոկրատական նոսրացած մեծամասնության յուրաքանչյուր ձայնի խիստ կարիք ունի:
  • Հակառակություն Սենատի բոլոր անդամների հետ' դեսպանների թեկնածությունը հաստատելու մանդատից սենատորներին զրկելու պատճառով:
  • Բոլոր կամուրջների այրում Նախագահի և ամերիկահայերի միջև, որոնք նրա ամենաջերմ աջակիցներից էին վերջին նախագահական ընտրություններում, արդեն իսկ խախտելով Հայոց ցեղասպանության, Արցախի ինքնորոշման և Հայաստանի ֆինանսական աջակցության վերաբերյալ տված իր խոստումները:

Բարեբախտաբար, նախագահ Օբամայի ընդմիջումային նշանակումները ժամանակավոր բնույթ են կրում և տարբերվում են դեսպանների բնականոն ծառայության ժամկետից: Դրանք վավերական են ընդամենը մեկ, այլ ոչ թե սովորական երեք տարվա համար: Որպեսզի Բրայզան և Ռիկիարդոնեն 2011 թվականից հետո ևս աշխատեն որպես դեսպաններ, նախագահ Օբաման պետք է նրանց անունները կրկին ներկայացնի Սենատ' պատշաճ կերպով հաստատելու համար:

Սենատն ու Ամերիկայի հայկական համայնքը բավարար ժամանակ ունեն անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկելու' իրենց երեսին Նախագահի հասցրած ապտակն աննկատ և անպատասխան չթողնելու համար: Երկու դեսպաններն էլ պետք է հետ ուղարկվեն ընթացիկ տարվա վերջին:

Ահա այն քայլերը, որոնք կարող են խոչընդոտել Սենատում առաջիկա ամիսներին Բրայզայի հաստատմանը.

  • Հանգամանորեն ուսումնասիրել Բաքվում Բրայզայի հրապարակային հայտարարությունները, մամուլի ասուլիսներն ու հարցազրույցները' ստուգելու համար, որ նա պատշաճորեն է ներկայացնում Միացյալ Նահանգների շահերն Ադրբեջանում, այլ ոչ թե' Բաքվի շահերը Վաշինգտոնում:
  • Հրապարակել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած ադրբեջանցի լրագրողի ներկայացրած փաստաթղթերը. նա պնդում է, թե 2007 թվականին Ստամբուլում տեղի ունեցած Բրայզայի ճոխ հարսանյաց հանդեսի ծախսերը վճարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախկին նախարարը: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, Բրայզան երդում տալով վկայել է, որ իր հարսանիքի ծախսերը հոգացել է իր ընտանիքը: Եթե Եվրադատարանը հայտնաբերի, որ, իրոք Ադրբեջանի կառավարությունն է ֆինանսավորել Բրայզայի հարսանիքը, ապա նրան պետք է մեղադրել երդման տակ ստելու, նվերները որպես եկամուտ հարկային ծառայություններին չներկայացնելու և Միացյալ Նահանգների' նվերներ ստանալու և դրանց մասին հայտնելու քաղաքականությունը խախտելու համար:
  • Ուսումնասիրել անցյալ տարի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նրա բանավոր և գրավոր բոլոր հայտարարությունները' դրանց ճշմարտացիությունը պարզելու նպատակով:
  • Շահերի բախման ապացույցներ փնտրել կապված Բրայզայի թուրքական ծագում ունեցող կնոջ' Զեյնո Բարանի, Հադսոնի ինստիտուտի Եվրասիայի քաղաքականության հարցերով կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ, որը Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոններից մեկն է և ֆինանսավորվում է կասպյան տարածաշրջանում գործունեություն ծավալած «ExxonMobil» և այլ էներգետիկ ընկերությունների կողմից: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեղադրել էր Բրայզային' դաշնային բարոյականության կանոնները խախտելու համար' թուրքական և ադրբեջանական գործարար շահերի հետ նրա կնոջ ունեցած կապերի պատճառով:
  • Կապ պահպանել սենատորներ Բոքսերի և Մենենդեսի հետ, որոնք անցյալ տարի «կասեցում» էին դրել Բրայզայի թեկնածության վրա' հորդորելով նրանց մեկ անգամ ևս խափանել նրա հաստատումը, երբ Օբաման կրկին նրա անունը կներկայացնի Սենատին: Երկու սենատորները նման վարվելակերպով կվերահաստատեն իրենց նախնական համոզմունքը, որ Բրայզան չի կարող պատշաճորեն աշխատել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Հայկական համայնքն ի սկզբանե չէր առարկել Ռիկիարդոնեի թեկնածությանը: Սակայն, քանի որ Օբաման հակադրվել է մի շարք կարևոր հայկական նախաձեռնությունների և խախտել դրանց բոլորի վերաբերյալ տված իր խոստումները, ապա ամերիկահայերը կարող են Օբամայի վարչակարգի նկատմամբ իրենց ընդդիմությունն ընդլայնել տարբեր ճակատներով: Նրանք պետք է աջակցեն այն սենատորներին, որոնք ընթացիկ տարվա վերջին հակված կլինեն «կասեցում» դնել Ռիկիարդոնեի թեկնածության հաստատմանը: Հաշվի առնելով անցյալ տարի հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեկի' Ռիկիարդոնեի թեկնածության հաստատմանը «կասեցում» դնելն ու ընդմիջումային նշանակմանը ազդեցիկ պահպանողական շրջանակների առարկությունը, Ամերիկայի հայկական կազմակերպությունները եզակի հնարավորություն ունեն սերտորեն աշխատել հանրապետականների հետ' հակադրվելու նրա հաստատմանը ընթացիկ տարվա վերջին:

Եթե Ամերիկայի հայկական համայնքն իր քաղաքական ուժերը լարելով ցույց տա, որ պատրաստ է և ի զորու պաշտպանել իր շահերը, ապա շատ հավանական է, որ Միացյալ Նահանգների պետական պաշտոնյաներն առավել ուշադիր կլինեն հայկական հարցերի նկատմամբ:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմ.' Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը