Լրահոս

19.12.2019 18:15


Մենթալ թվաբանությունը մաթեմատիկա չէ

Մենթալ թվաբանությունը մաթեմատիկա չէ

Վերջին տարիներին բավական լայն տարածում է ստացել մենթալ թվաբանությունը: Ո՞րն է ա՛յս մեթոդի առանձնահատկությունն ու օգտակարությունը, ի՞նչն է գրավում երեխաներին այստեղ: Հայ երեխաների մեջ մենթալ թվաբանության «վարակը» տարածել է «Աբակ» ակադեմիան, ու հենց նրա համահիմնադիր Դիանա Հովհաննիսյանն էլ կպատմի մեթոդի մասին:

Մենթալ թվաբանությունը մաթեմատիկա չէ

Թյուր կարծիք կա, թե մենթալ թվաբանությամբ զբաղվելու համար պետք է հատուկ մաթեմատիկական ընդունակություններ ունենալ: Մեր աշակերտների շրջանում կան երեխաներ, որոնք դպրոցում մաթեմատիկայից ոչ այնքան բարձր առաջադիմություն ունեն, բայց կարողանում են թվերը գումարել, հանել, բազմապատկել ու բաժանել կայծակնային արագությամբ: Մենք ընդամենը տալիս ենք ալգորիթմ, որը օգտագործելով՝ երեխաները կարողանում են արագ հաշվել: Ամեն դեպքում սա ինքնանպատակ չի արվում. ալգորիթմը սովորելուն և դրա կիրառությունը զարգացնելուն զուգահեռ զարգանում է երեխայի ուղեղի աջ կիսագունդը, ինչի շնորհիվ երեխաները դառնում են ավելի կենտրոնացած, զարգանում է երեխաների տրամաբանությունը, տեսողական, լսողական հիշողությունը, ուշադրությունը:

Երբ 4-5 տարեկան երեխային ասում ես 2 խնձորին գումարած 2 խնձոր, նա կարողանում է պատկերացնել՝ խոսքն ինչի մասին է, մտովի տեսնում է խնձորները, հաշվում մատիկներով, բայց երբ ասում ես՝ 5+7, մատները վերջանում են, պատկերը սահմանափակվում է, նա թիվը որպես միավոր չի ընկալում ու չի կարողանում այդ գործողությունները կատարել: Աբակով աշխատելիս մենք թվերը վերարտադրում ենք հաշվիչի վրա, երեխան լսում է ինչ-որ թիվ ու արդեն հստակ պատկեր է ունենում, թվերը լսում է, ընթացիկ պատասխանների վրա չի կենտրոնանում, թվին գումարում է ևս մեկ թիվ, այսինքն՝ պատկերին պատկեր է ավելանում, պակասում, ավելանում և վերջում արդեն պատկերն է վերարտադրվում որպես արդյունք:

Մեթոդը նախատեսված է 5-ից 15 տարեկան երեխաների համար. այս տարիքում ուղեղն ամենաակտիվն է զարգանում: Երեխայի ընդունելության միակ նախապայմանը թվաճանաչ լինելն է՝ թիվ գրել կարողանալը: Համապարփակ գիտելիքների համար անհրաժեշտ է հաճախել երկու-երեք տարի՝ կախված երեխայի տարիքից եւ ընդունակություններից: Բայց կան երեխաներ, որոնք ամբողջ դասընթացն ավարտելուց հետո էլ շարունակում են հաճախել, սիրով զբաղվել մենթալ թվաբանությամբ: Ծնողներն էլ են ուզում, որ երեխաները շարունակեն զբաղվել, որովհետև զգում են, թե մենթալ թվաբանությունը ինչպես է նրանց օգնում առօրյայում, դասերում: Միգուցե այդ երեխաները մեր ակադեմիայում առաջատարներ չեն, բայց դրսում՝ իրենց սոցիումում, տարբերվում են արագամտությամբ ու երևակայությամբ:

79165356_1758830010916217_225514331687616512_n 80225802_438020743545806_6172517695464931328_n

Մենթալ թվաբանությունը ուսուցման նոր ու լայն թափով զարգացող հեռանկարային մեթոդ է

Սկզբում, երբ մայրս՝ Նարինե Բալայանը, սկսեց հետաքրքրվել մենթալ թվաբանությամբ ու որոշեց վերապատրաստվել Ռուսաստանում, ես ու հայրս թերահավատորեն էինք վերաբերվում նրա նախաձեռնությանը: Նա, միևնույնն է, գնաց, մեթոդը բերեց: Ես այդ ժամանակ պրակտիկ լրագրող էի ու սկսեցի նրան օգնել մենթալ թվաբանության մասին հրապարակումների տարածման, մեթոդի լուսաբանման հարցերում: Բայց քանի որ այն արդեն ընտանեկան գործ էր դարձել, չէի կարող զուտ դիտողի ու լուսաբանողի դերում մնալ, ներքաշվեցի նաև ուսուցման պրոցեսում, սկսեցի դասավանդել: Դասավանդման ընթացքում զգացած ինֆորմացիայի պակասը լրացնելու համար մեկնեցի վերապատրաստման Ռուսաստանում՝ թայվանական դպրոցում, բայց դա էլ չբավարարեց ու մեկնեցի հենց Թայվանում վերապատրաստվելու:

Մենթալ թվաբանությունը, չնայած որ վերջերս է նորաձև դարձել, հազարամյակների պատմություն ունի, հետևաբար ինքնազարգացման ու կատարելագործման մեծ հնարավորություններ է տալիս: Կան մենթալ թվաբանության տարբեր դպրոցներ: Հիմնական երկու դպրոցները չինական-թայվանական և ճապոնական մոտեցումներն են: Բայց երբ մեթոդը մտնում է այս կամ այն երկիր, ադապտացվում է, նոր ձեռագիր ստանում: Ռուսները, երբ ադապտացրել են մեթոդը, իրենց ձեռագիրն են մտցրել, ղազախները՝ իրենցը, մենք էլ անկախ մեզնից մեր ձեռագիրն ենք ներմուծում: Մեր և մեր մարզիչների որակավորումը բարձրացնելու, մեթոդին բազմակողմանի տիրապետելու համար մենք հայտնի մասնագետներ ենք հրավիրում Հայաստան, փորձի փոխանակման դասընթացներ կազմակերպում մենթալ թվաբանության մարզիչների համար: «Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիայի վերապատրաստման դասընթացների շնորհիվ մեծանում է մարզիչների թիվը, նրանք դասավանդում են ինչպես մեր մասնաճյուղերում, այնպես էլ այլ կենտրոններում, որոնք բացվել են մեզանից հետո՝ մեր հաջողությամբ ոգևորված: Կան կենտրոններ, որոնք մեր հովանու ներքո են գործում, աշխատում են մեր ձեռնարկներով և ուղեցույցներով:

«Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիան այսօր դարձել է համահայկական, ինչու ոչ, միջազգային ցանց: Մեր մասնաճյուղերն ունենք Երեւանում, Ստեփանակերտում, Կապանում, Նոյեմբերյանում, Կողբում, Արտաշատում: Հուլիսից «Աբակ» կենտրոն է գործում նաև Ֆիլադելֆիայում: Մեր բոլոր մասնաճյուղերում սովորող սաները մասնակցում են մեր կազմակերպած օլիմպիադաներին, հնարավորություն են ստանում նաեւ միջազգային օլիմպիադաների մասնակցելու:

79683972_777119766090699_4675812319698092032_n 79732853_607488710055599_4796204913044488192_n

Արագ հաշվող հայ երեխաները չեմպիոններ են դառնում միջազգային օլիմպիադաներում

Միջազգային օլիմպիադաներին մասնակցելը հեշտ գործընթաց չէ. պետք է ունենալ պատմություն, աշակերտների որոշակի քանակ, ձեռքբերումներ տեղում: Մեր առաջին մասնակցությունը մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում եղել է 2018 թ.: Մենք փորձում ենք մեր սաներին աջակցել՝ մասնակի կամ ամբողջությամբ ստանձնելով մասնակցության ու ճանապարհի ծախսը: Արդեն մասնակցել ենք 4 օլիմպիադաների Դուբայում, Սոչիում, Մայնի Ֆրանկֆուրտում եւ Անթալիայում: Վերջին օլիմպիադայից՝ Անթալիայից, վերադարձել ենք երկու սուպերչեմպիոնի, երկու չեմպիոնի, չորս առաջին և երկու երկրորդ տեղի մրցանակներով: Ի դեպ, ուղեւորությունը շատ էմոցիոնալ էր, հասկանալի պատճառներով, մրցակցությունն էլ՝ բավական ուժեղ. մասնակցում էին մենթալ թվաբանություն ուսումնասիրող մոտ 600 աշակերտ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիբանանից, Հորդանանից, Իրաքից, Իրանից, Միացյալ Արաբական Էմիրություններից և Ադրբեջանից:

Ես ինքս սովորել եմ Ա. Չեխովի անվան դպրոցում, «Ֆլեքս» փոխանակման ծրագրի միջոցով 1 տարի սովորել եմ ԱՄՆ-ում, ավարտել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ապա երկու տարի հաղորդակցություն եմ ուսումնասիրել Նևադայում, և այս ողջ կրթական ճամփորդության ընթացքում գնահատում եմ ոչ միայն գիտական, այլեւ էմոցիոնալ հիշողությունները: «Աբակում» ուսուցման ընթացքում հենց այդ էմոցիոնալ հիշողությունների ու տպավորությունների կուտակվող պաշարն եմ առավելապես կարևորում: Հետաքրքրաշարժ դասեր, փոքր ու մեծ հաղթանակներ, ճամփորդություններ, մրցումներ, որտեղ մենք էլ մեր աշակերտների հետ մանկանում ենք, նրանց հետ մեծանում, տխրում ու ուրախանում, թիմ դառնում: Սա է մնալու, սա են նրանք հիշելու 10 տարի հետո: Մեզ համար ավելի կարևոր է, որ երեխաները ուրախ լինեն, հաճույք ստանան այս պրոցեսից:

80550699_556290065228340_6769635084388532224_n 80603573_632935260780029_854420285397401600_n

«Աբակ» օլիմպիադան հայտնաբերում է տարվա լավագույն մենթալ թվաբաններին

Մեր լավագույն սաներին գտնելու համար «Աբակը» իր երևանյան և մարզային մասնաճյուղերի սաների համար կազմակերպում է տեղական օլիմպիադա: Դա, կարելի է ասել, «Աբակի» վերջին զանգն է, այն անցկացնում ենք ուսումնական տարվա վերջում՝ մայիս-հունիս ամիսներին, որ չխանգարի դպրոցի ուսումնական պրոցեսին ու քննություններին: Անում ենք ամեն ինչ, որ օլիմպիադան կազմակերպվի հնարավորինս ճիշտ, անհրաժեշտ ստանդարտներին համապատասխան: Մոտ 4 ամիս կազմակերպչական աշխատանքները տևում են: Այս տարի օլիմպիադային «Աբակի» 300 սան է մասնակցել Երևանից ու մարզերից: Հույս ունեմ՝ մյուս տարի այդ թիվը կհամալրեն նաև Ֆիլադելֆիայի մեր կենտրոնի սաները:

Այս տարվա մեր օլիմպիադան բացառիկ էր նրանով, որ առանձնացրել էինք նաև «Տարվա աշակերտ» մրցանակը: Այն շնորհեցինք Գառնիի մեր սան Նարեկ Ստեփանյանին: Նարեկը առանց տրնտնջալու, առանց բացակայելու և ուշանալու, ինքնուրույն Գառնիից շաբաթը մեկ անգամ գալիս է Երևան՝ դասի: Հենց նպատակասլացության ու աշխատասիրության համար էլ որոշեցինք խրախուսել հենց նրան: Նարեկը ճանաչվեց Աբակի «Տարվա աշակերտը», և որպես մրցանակ ստացավ Անթալիայի միջազգային օլիմպիադայի ուղեգիրը, որի ծախսն ամբողջությամբ հոգացել էինք մենք՝ մեր սրտացավ ծնողների աջակցությամբ։ Միգուցե շատերը սպասում էին, որ այդ մրցանակը պետք է ստանա մեր լավագույն տվյալներով առանձնացող սանը, բայց նրա ջանքերն այսպես թե այնպես գնահատվում են մեդալներով ու գավաթներով: Իսկ այս երեխան իր աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ, այդ տարիքից ցուցաբերած հասունությամբ ու համառությամբ իրոք արժանի էր խրախուսանքի:

80662034_2178116962493116_1180520706752905216_n 80697413_903415350055641_5650946723988635648_n

Գումարել՝ բազմապատկելով լավ արարքները

Որոշել ենք «Տարվա աշակերտ» անվանակարգը պահել: Այս մրցանակը կստանան տարվա ընթացքում իրենց մարդկային բարձր որակներով, լավ արարքներով առանձնացած երեխաները: Մենք ուսուցման ընթացքում էլ ենք խրախուսում երեխաներին լինել քաղաքավարի, բարի, օգնել իրար: Անգամ խորագիր ունենք՝ «Օգնիր ընկերոջդ», երբ ավելի արագ հաշվող երեխան հանձնարարությունը ավարտում է, ձանձրանալով չի սպասում, թե երբ կվերջացնեն ավելի դանդաղ հաշվողները, սկսում է օգնել նրանց: Պատասխանատվությունը միմյանց հանդեպ, փոխօգնությունը ավելի բարձր որակներ են ձևավորում երեխաների մեջ. դա մենք առաջնահերթ ենք կարևորում: Լավ մասնագետ դառնալուց առաջ, լավ առաջադիմություն ունենալուց առաջ պետք է լավ մարդ լինել:

Լավ արարքները, լավ վարքը, լավ աշխատանքը մոտիվացնելու համար նաև «խանութի» գաղափարն ենք ընդգրկել դասապրոցեսում: Յուրաքանչյուր լավ արարքի կամ լավ սովորելու համար երեխաները կոպեկներ (իհարկե ոչ իսկական) են ստանում: Որոշակի քանակությամբ հավաքելուց հետո դրանք «խանութում» փոխանակում են պայուսակով, բաժակով, նոթատետրով, գրիչով: Երեխաները շատ են ոգևորվում, խրախուսվում:

80664436_481063145872843_5638965049428017152_n

Արդյունքի հասնում է նա, ով կանոնավոր պարապում է

Ակադեմիան աշխատում է ամբողջ տարվա ընթացքում գրեթե առանց արձակուրդների: Երբեք ոչ մի դաս չի չեղարկվում: Ունենք շատ լավ թիմ, իրար փոխարինում ենք, աջակցում, ամեն ինչ անում, որ ոչ մի պարապմունք չխափանվի: Պարապմունքները շաբաթն ընդամենը մեկ անգամ են՝ մեկուկես ժամով: Բայց մեր սաները ստանում են տնային հանձնարարություն ամբողջ շաբաթվա համար: Մենք տալիս ենք ինֆորմացիան, իսկ այդ ինֆորմացիան յուրացնելն ու մարզելը երեխաների ու նրանց ծնողների խղճին է: Օրական 10-15 րոպեանոց կանոնավոր աշխատանքի մասին է խոսքը, բայց հենց այդ աշխատանքն է արդյունք տալիս: Կան աշակերտներ, որ տետրը դատարկ տանում, դատարկ բերում են, կան էլ, որ տնային աշխատանքն անում են ու ավելին են պահանջում: Հենց այդ աշխատասերներն են արդյունք ունենում, գավաթներ բերում, հեռուստատեսային եթերներ հրավիրվում: Մյուսներն իրենց առօրյայում դպրոցում ու բակում տարբերվում են, որովհետև զբաղվում են մենթալ թվաբանությամբ, որովհետև շաբաթը մեկ գալիս մարզվում են, բայց չեն ունենում այն արդյունքը, որով ոգևորված ծնողները բերել էին այստեղ: Շատ կարևոր է նաև ծնողների հետևողական լինելը: Մեր հնդիկ գործընկեր Փուշփանաթհան Փալանիսամին, որը ներկա էր «Աբակ-2019» օլիմպիադային և նաև սեմինարներ անցկացրեց մեր հայ մարզիչների համար, իր փորձով նկատել է՝ եթե մայրն ուզում է, երեխան կարողանում է, կապ չունի՝ ինչ ոլորտ է ընտրում:

Համենայն դեպս, երեխաների ընդունակությունները տարբեր են, յուրաքանչյուրը իր հնարավորությունների սահմանում է բացվում: Յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է: «Աբակը» ինտելեկտի զարգացման բազմաթիվ մեթոդներից մեկն է: Այս մեթոդը հանճարներ չի ստեղծում, այլ բացահայտում է երեխաների մեջ թաքնված պոտենցիալը: Իսկ արդյունքի հասնելու համար պետք է կանոնավոր պարապել: Մենթալ թվաբանությունը կարելի է համեմատել սպորտի հետ: Ինչպես մկանները, ուղեղն էլ զարգանում ու կատարելագործվում է սիստեմատիկ ծանրաբեռնվածության ազդեցությամբ:

80871491_442741959727320_2484771561513418752_n

Էյնշտեյն. «Երևակայությունը գիտելիքից կարևոր է: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունն ընդգրկում է ամբողջ աշխարհը»

Ուշադրության կենտրոնացում, երևակայության զարգացում, զննողականության, տրամաբանական, ստեղծագործական մտածողության, տեսողական հիշողության զարգացում: Ըստ էության, մենթալ թվաբանության նպատակը արագ հաշվել սովորեցնելը չէ, դա միայն օգտակար «կողմնակի» ազդեցություն է: Պարապմունքների գլխավոր իմաստը շատ ավելի խորն է: Այս պարապմունքները նպաստում են, որ զարգանա նաև ուղեղի աջ կիսագունդը, որը հսկայական չօգտագործվող պոտենցիալ ունի: Ինչպես գիտենք ձախ կիսագունդը, որը սովորաբար ավելի զարգացած է լինում, պատասխանատու է վերլուծական մտքի, դետալների հանդեպ ուշադրության, տրամաբանության համար: Իսկ աջ կիսագունդը ինտուիտիվ, հուզական, ստեղծագործական աղբյուր է: Ուղեղի զարգացած աջ կիսագունդ ունեցող մարդիկ ուժեղ երևակայություն ունեն, կարող են առաջարկել ինքնատիպ գաղափարներ, ստեղծագործել:

Մենթալ թվաբանությունը ուժեղացնում է երեխայի ուղեղի նեյրոնային կապերը, զարգացնում նրա մտածողության որակն ու արագությունը: Ուղեղի կիսագնդերը միաժամանակ աշխատեցնող երեխայի մեջ զարգանում են հմտություններ ու կարողություններ, որոնք նրան պետք կգան ամբողջ կյանքում. այն է՝ դպրոցական հանձնարարությունների արագ կատարում, ժամանակի տնտեսում, օտար լեզուների արագ յուրացում, զարգացած երևակայություն և ստեղծագործական մտածողություն, տարբեր առաջադրանքներ միաժամանակ կատարելու ընդունակություն, ինքնուրույնություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ: Մեր դարում ավելի ու ավելի է կարևորվում հենց ստեղծագործ, ինքնատիպ գաղափարներ առաջարկող մասնագետների պահանջը: Մենթալ թվաբանությունը, հավասարապես զարգացնելով ուղեղի երկու կիսագնդերը, իդեալական պայմաններ է ստեղծում երեխաների զարգացման համար:

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը