Կարծիք

19.12.2019 17:24


Պետական ու սեփական բրդի արանքում մոլորվածները

Պետական ու սեփական բրդի արանքում մոլորվածները

Լսում եմ Պուտինի ասուլիսը, մել էլ էկրանիս հայտնվում է «Զրույց քաղաքացու հետ. «Վարչապետի դստեր մեքենայի» մասին» վերնագրով ծանուցումը: Միանգամից՝ գրաֆիկի մեջ փոփոխություն, ու սկսում եմ լսել Նիկոլ Փաշինյանի լայվը:

Ասում է, որ նման զրույցը իրեն պարտականությունների կատարումից չի շեղում, բայց նույն պահին աշխատասենյակի հեռախոսազանգին չի պատասխանում: Դա մի կողմ, անցնենք բուն բովանդակությանը:

Կրկին վարչապետը դժգոհում է, որ իր դստեր ու մեքենայի պատմությունը պետական ոչ մի կառույց չի կարողանում նորմալ բացատրել ու սկսվում է մի օրենքի մեկնաբանություն, համաձայն որի այդ չարաբաստիկ մեքենան հայտնվել է Մարիամ Փաշինյանի, կներեք՝ վարչապետի ընտանիքի անդամի տրամադրության տակ, մանրամասն նկարագրում է, թե ինչպիսին պետք է լինի պետական պահպանությունը և այլն:

Հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանը տողատակերում անընդհատ ակնարկում է, որ դա անձամբ իր ցանկությունը չէ, այլ օրենքի պահանջը, այլապես իրենց հին Քաշքայը լրիվ բավարարում է:

Այ այստեղ սկսում է դիսոնանսը: Երբ դատավորների աշխատանքը դուր չէր գալի Նիկոլ փաշինյանին, նա հրամայեց շրջափակել բոլոր դատարանները, թեև օրենքին դա հակասում է: Երբ Սահմանադրական դատարանի որոշումը չի համընկնում նույն Նիկոլ Փաշինյանի օրինականության պատկերացումներին, շարքային դատավորը այն ուղղակի անտեսում է, որը նույնպես հակասում է օրենքին: Այսօր բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, երբ հին օրենքները ոտնահարվում կամ անտեսվում են, լավագույն դեպքում վերախմբագրվում են, բայց այ այս մի օրենքին հավատարիմ ենք մնում: Ինչո՞ւ: Գուցե վարչապետի ընտանիքի անդամների անվտանգության ինչ-որ բա՞ն է սպառնում:

Այստեղ դիսոնանսն ավելի է խորանում, որովհետև ամեն օր գովազդային վահանակներից ինձ հիշեցնում են, որ ժողովուրդը վարչապետի ընտանիքն է: Այդ դեպքում ինչո՞ւ նույն ջանադրությամբ չի պահպանվում ընտանիքի մյուս անդամների տարրական անվտանգությունը հասարակական տրանսպորտի գազելներում: Իսկ գուցե պահպանվում է և վարորդը նաև պահապա՞ն է, ով զինված է բուրումնավետ նասկիներով ու ռաբիս զռռացող մագնիտոֆոն-կապի միջոցով:

Մեծարգո սրբազան վարչապետն ապրած կենա ջան, բոլորս էլ գիտենք օրենքների, դրանց տակ երբեմն թաքցված մոտիվացիաների մասին: Դա իմանալով ենք մերժել հինն ու ցանկանում նորը: Եթե ցանկանում եք անել Ձեր սրտի ու մտքի ուզածը, բայց օրենքը խանգարում է, փոխեք այդ օրենքը: Այլապես ստացվում է, որ երբ փոփոխությունը Ձեր մերձավոր շրջապատին է վերաբերվում՝ լավն է, հակառակ դեպքում՝ ասֆալտ, թաթիկ, պատեպատ...

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը