Քաղաքական

19.12.2019 12:42


Ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն (տեսանյութ)

Ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն (տեսանյութ)

aysor.am-ը հայտնում է, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը բացառում է, որ երեկ խմբագրությունում կատարվածը գողության փորձ է:

Երեկ գիշերը անհայտ անձինք մտել էին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ու տակնուվրա արել այն:

«Չեմ կարող հստակ բան ասել, բայց սա ակնհայտ վախեցնելու, լրատավամիջոցին ճնշելու մոտեցում է, որը լավ բանի չի բերում: Ակնհայտ երևում է, որ ինչ-որ բան են փորձել գտնել, բացված է բոլորի դարակները, իմ աշխատասենյակն ամբողջությամբ տակնուվրա արված է, որ ես ամեն ինչ կարող եմ կասկածել իրավապահների կողմից վախեցնելու, զգուշացնելու փորձ, բայց ոչ գողություն, որովհետև կան իրեր, որոնք կարող էին տանել, բայց ոչինչ չեն տարել»,-ասաց Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Այս պահին խմբագրությունում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը չբացառեց, որ երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում եղած պատահարը կարող է լրագրողի աղբյուրի բացահայտման փորձ լինել:

«Ինձ համար շատ մտահոգիչ է, որ լրագրողներն այս աստիճան թիրախավորված են ու հիմա, փաստորեն, այնպիսի իրավիճակ է, որ ամեն լրագրող նյութ գրելուց պիտի մտածի՝ «բա որ գան, բա որ հիմա տանեն, բա որ նորից գնամ ՀՔԾ-ում ցուցմունք տամ, որ իմ աղբյուրը չեմ բացահայտում» և այլն: Լրագրողի աղբյուրները, գիտեք, այն աշխատանքային գործիքներն են, որոնցից եթե զրկում ես լրագրողին, նշանակում է զրկում ես նրան նաև մասնագիտական գործունեություն կատարելու իրավունքից»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն օրերս կրկին հարցաքննվել էր Մարտի 1-ի գործով որոշ պաշտոնատար անձանց ցուցմունքները հրապարակելու թեմայով հարուցված քրեական գործի շրջանակում: ՀՔԾ-ն լրագրողից պահանջում է աղբյուր բացահայտել: Նշվում է նաև, որ գաղտնալսվել է լրագրողի հեռախոսն ու վերծանվել են հեռախոսազանգերը:

Այս խորագրի վերջին նյութերը