Մեկնաբանություն

18.12.2019 13:45


Հեղափոխությունից առաջ և հետո. թվերի աղմուկը

Հեղափոխությունից առաջ և հետո. թվերի աղմուկը

Եթե դժգոհություն չլիներ, մարդիկ փողոց դուրս չէին գա։

Ասել, որ 2018–ի ապրիլ–մայիսից առաջ ամեն ինչ վատ էր, սխալ է։ Ասել, որ ամեն ինչ լավ էր, կրկնակի սխալ է։

Եթե մարդիկ մերժում էին, ուրեմն մի բան գիտեին։ Բայց մերժում էին, որպեսզի իրենց կյանքի որակը փոխեին։ Իսկ դա նշանակում է, որ պետք է կտրուկ փոփոխություն լիներ տնտեսության մեջ և մարդկանց կյանքում։ Ինչպես որ խոստացվել էր։ Բայց իրականությունը հակառակ պատկերը ցույց տվեց։ Մարդկանց խաբեցին և չարդարացրեցին հույսերը։

Հույսերը չարդարացնելու հիմնական պատճառը նոր իշխանության կոմպետենտության բացակայությունն է։

Վարչապետ Փաշինյանին հիմա այլ բան չի մնում, քան իր ձախողման համար մեղադրել պետական ապարատին, թե բա մեջները նորմալ ռազմավարական ծրագիր գրելու կարողություն ունեցող չկա։

Թվերը լռեցնում են հեղափոխության աղմուկը

Պաշտոնական վիճակագրությունը բավական ուշացումով է հրապարակում սոցիալ-տնտեսական տվյալները։ Ուստի առայժմ հնարավոր է համեմատել 2017 և 2018 թթ․ տվյալները։ 2019-ի հետ կարելի կլինի համեմատել 2020թ․-ի փետրվարին։ Թեև միտումները հիմա էլ նկատելի են։

Դիտարկենք թվերը՝ ոլորտ առ ոլորտ, տեսնելու համար, թե ինչ կար հեղափոխությունից առաջ (որից շատերս դժգոհ էինք) և հետո՝ մտքներիցս չհանելով, որ 2018–ի մայիսին խոստացվել էր թռիչքաձև տնտեսական աճ (չհաշված կախարդական փայտիկը)։

1. Արդյունաբերություն

2017թ․ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1 661 մլրդ դրամ էր։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 12,6 %։

2018 թ․ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1 738 մլրդ դրամ էր։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 4․3 %։ Այսինքն հետհեղափոխական Հայաստանում աճի տեմպը մինչհեղափոխական Հայաստանից փոքր է մոտ 3 անգամ։

2Գյուղատնտեսություն

2017թ․ գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 936 մլն դրամ էր։ Նվազել էր 2016–ի համեմատ 2,9 %–ով։

2018թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 890 մլն դրամ էր։ Նվազել է նախորդ տարվա համեմատ 7,3%–ով։ Ըստ այդմ՝ հետհեղափոխական Հայաստանում կրճատումն ավելի է արագացել։

3Շինարարություն

2017թ․ շինարարության ծավալները 416 մլն դրամ էին։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 2,2 %:

2018թ․ շինարարության ծավալները 422 մլն դրամ էին։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 4․5 %: Ոլորտում աճի տեմպը կրկնակի ավելացել է։

Ի դեպ, սա միակ ոլորտն է, որտեղ թվային աճը հետհեղափոխական Հայաստանում ավելի է լավացել մինչհեղափոխական Հայաստանից։

4 Բեռնափոխադրումներ

2017թ. փոխադրվել է 28.048 տոննա բեռ։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 36,9 %: Ավտոմոբիլային բեռնափոխադրումները 2016–ի համեմատ աճել են 145 %-ով։

2018թ. փոխադրվել է 29.183 տոննա բեռ։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 3,5%: Ավտոմոբիլային բեռնափոխադրումները 2017–ի համեմատ աճել են 3,5 %-ով։ Աճի տեմպը հետհեղափոխական Հայաստանում, փաստորեն, նվազել է ավելի քան 41 անգամ։

5Առևտուր

2017թ. առևտրի շրջանառությունը կազմել է 2.602.132 մլն դրամ։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 14 %։

2018թ. առևտրի շրջանառությունը կազմել է 2.931.494 մլն դրամ։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ 8,7%։

2018-ի աճի տեմպը 2017-ի համեմատ նվազել է 5,3 տոկոսային կետով։

Ահա այն, ինչ ունենք պաշտոնական վիճակագրության տվյալներով։ 2019–ին շատ բան չի փոխվել։ Ինչպես վերևում նշվեց, տարին թվերով կամփոփվի, հետո ամբողջական կխոսենք։ Դե իսկ 2020–ի համար պլանավորվել է ՀՆԱ աճ 4,9 տոկոսի չափով։ Այսինքն ավելի ցածր թիվ է խոստացվում, քան մերժված Հայաստանում ունեինք։ Հեղափոխականները հիմա թունդ հակահեղափոխական են դարձել։ Դա միայն տեղական երևույթ չէ։ Առաջին ալիքի գրեթե բոլոր հեղափոխականներն են այդպիսին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը