Քաղաքական

18.12.2019 16:20


Վերաքննիչ դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռ․Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռ․Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։
Որպես ինքնաբացարկ հայտնելու հիմք Վարդևանյանը նշել էր դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Բացի այդ, դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կարծիքով, անկողմնակալ դիտորդի տեսանկյունից այս փաստերը կասկածներ կարող են առաջացնել։
Մեկ այլ հանգամանք․ ըստ court.am կայքի «արձակուրդներ» բաժնի տեղեկատվության՝ Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 17-ից պետք է մեկնի արձակուրդ։ Իսկ արձակուրդից 10 օր առաջ դատավորին չի կարող գործ մակագրվել, քանի որ այդ կարճ ժամկետում գործը հնարավոր չէ քննել ըստ էության։ Ի պատասխան՝ Լուսինե Աբգարյանը նշեց, որ իր արձակուրդ մեկնելը տեղափոխվել է դեկտեմբերի 24-ի վրա։
Մեղադրող կողմն անհիմն համարեց ներկայացված փաստերն ու հանգամանքները՝ նշելով, որ դրանք չեն կարող դատավորի կողմնակալության հարցում կասկածներ առաջացնել։
Պաշտպան Վարդևանյանն արձագանքեց, որ օրեր առաջ դատախազները Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել այդ նույն Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղ գտած գրառման պատճառով։ Արդյունքում այդ գրառումը դատավոր Պապոյանի ինքնաբացարկի պատճառ դարձավ։
Ինքնաբացարկի միջնորդությունը քննելուց հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրեց Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Պաշտպանը հարցականի տակ է դրեց այն, որ արդյոք դատարանը վերաբերելի և բավարար հիմքե՞ր է բերել գրավը մերժելու համար։ Հայկ Ալումյանը նշեց, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք վճիռներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի նախնական կալանքից` բացառությամբ այն դեպքերի, եթե պետությունը կարող է ցույց տալ, որ գոյություն ունեն վերաբերելի և բավարար հիմքեր նրա շարունակական կալանավորումը հիմնավորելու համար։

«Մեր վերաքննիչ բողոքը վերաբերում է նրան, արդյո՞ք առաջին ատյանի դատարանի որոշումը, այն ձևակերպումներով, որն առկա է բոլորիս մոտ, կարող է համապատասխանել Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշին»,-ասաց Հայկ Ալումյանը, ընդգծելով, որ վերաքննիչ դատարանը չի կարող քննության առարկա դարձնել հարցը, թե ընդհանուր առմամբ գրավ պե՞տք է կիրառել, թե՝ չէ։

Նկատենք, որ գրավի ընդունելի չափը պաշտպանական կողմը թողել է դատարանի հայեցողությանը։

Վերաքննիչ բողոքի քննարկումն ավարտվեց․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00–ին։

Այս խորագրի վերջին նյութերը