Լրահոս

17.12.2019 18:26


Աթերոսկլերոզ. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Աթերոսկլերոզ. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Սիրտանոթային հիվանդությունները շարունակում են գլխավորել հիվանդությունների ցանկն ամբողջ աշխարհում: Ընդ որում կյանքին սպառնացող զարկերակային հիվանդությունների մի ստվար մասի պատճառը մեր անառողջ սնունդը, նստակյաց կյանքն ու վատ սովորություններն են.

«Զարկերակային համակարգը ապահովում է մարդու մարմնի բոլոր հատվածների սնուցումը՝ ծայրամասերը ներառյալ: Այս համակարգի ախտահարումները ավելի բարդ են, ու այն օրգանում, հյուսվածքում կամ վերջույթում, որտեղ խանգարվում է արյան շրջանառությունը, ի հայտ են գալիս իշեմիկ խնդիրներ: Հաճախ ախտահարվում են նաև խոշոր անոթները՝ սկսած աորտայից”,-պատմում է Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը Առողջապահական համակարգ /mednews.am/ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:

Սրտից դուրս գալուց հետո աորտան ընթացքում տալիս է բրախիոցեֆալ կամ բազկագլխային ճյուղավորում դեպի վերև՝ պարանոց, գլուխ, ինչպես նաև վերին վերջույթ գնացող անոթներ, ուղղվում է դեպի ներքև կրծքավանդակ և որովայնային հատված: Կրծքային և որովայնային աորտայի հատվածում ունենք ներքին օրգանները գնացող ճյուղավորումներ, իսկ կոնքի հատվածից՝ ստորին վերջույթները անոթավորող ճյուղեր: Այս զարկերակային մագիստրալի տարբեր հատվածներում կարող են անոթները ախտահարվել՝ դառնալով տարբեր օրգանների և հյուսվածքների թերսնուցման պատճառ:

65247444_537715726763311_2670413134811889664_n 65316444_1347352148751421_4229705602944729088_n

Աթերոսկլերոզի զարգացման հետևանքները. 4 փուլ

Զարկերակային խնդիրների հիմնական պատճառը աթերոսկլերոզն է. “Զարկերակների պատերի բորբոքային խնդիրներ, աթերոսկլերոտիկ թիթեղիկներ, անոթի ներքին շերտի փոփոխություններ են առաջանում: Անոթի լուսանցքը նեղանալով՝ մի օր էլ խցանվում է: Իսկ երբ սնուցումը խանգարվում է, կրիտիկական վիճակ է ստեղծվում”,- նշում է Տիգրան Քամալյանը: Նա ներկայացնում է ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս հիվանդության զարգացման տարբեր փուլերում.

“1-ին փուլում ստորին վերջույթների հոգնածություն, թմրություն, սառնության զգացողություն է առաջանում: 2-րդ փուլում ի հայտ է գալիս «ընդմիջվող կաղության» համախտանիշ, երբ հիվանդը որոշակի տարածություն քայլում է, հետո ունենում մկանների ձգվածություն, ցավ, որը ստիպում է կանգնել: Կա այլ տերմին եւս՝ «Ցուցափեղկային հիվանդություն», երբ հիվանդը կարծես կանգնում, նայում է ցուցափեղկին, ապա շարունակում է քայլել: Պայմանական դասակարգմամբ, 2-րդ փուլը՝ «ընդմիջվող կաղությունը», բաժանվում է երկու ենթափուլերի։ 2Ա փուլում հիվանդի անցավ քայլքի տարածությունը կազմում է մինչև 200մ, 2Բ ենթափուլում՝ 200մ-ից պակաս։ Հաճախ հիվանդը պետք է վիրահատվի, եթե չի կարողանում քայլել 200 մետրից ավելի, քանի որ սա խոսում է անոթի լուրջ նեղացման կամ խցանման ռիսկի մասին: 3-րդ փուլում արդեն պացիենտը ցավեր է զգում անգամ հանգիստ ժամանակ: Վտանգավոր փուլ է վերջույթ կորցնելու առումով: Իսկ 4-րդ փուլն արդեն կրիտիկական է, քանի որ հյուսվածքներն արդեն մեռուկանում են, առաջանում է գանգրենայի զարգացման իրական վտանգ”,-բացատրում է բժիշկ Քամալյանը:

79368317_1315978235241871_6157854312044167168_n 79388123_586182155550677_1522370889146957824_n

Ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Զարկերակային հիվանդությունների բուժմանն ուղղված վիրահատական միջամտությունների լայն գործիքակազմ են կիրառում Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքում. “Վիրահատությունները երկու հիմնական խմբի ենք բաժանում. բաց վիրահատական և էնդովասկուլյար կամ ներանոթային միջամտություններ։ Հայաստանում ներանոթային վիրահատությունները ակտիվորեն սկսել են կիրառվել վերջին հինգ տարվա ընթացքում և մենք այդ հարցում առաջամարտիկ էինք: Բաց վիրահատության ժամանակ իրականացվում է անոթի պատի հատում և խցանների հեռացում, կամ շունտավորում, երբ ստեղծվում է խցանված հատվածը շրջանցող ուղի: Բայց քանի որ դրանք ոչ ճիշտ անատոմիական դիրք են ունենում, ազդում են արյան հեմոդինամիկայի վրա, փոխում արյան հոսքը, արդյունքում հաճախ լինում է, որ որոշ ժամանակ անց այդ շունտերը խցանվում են, բայց անգամ այդ դեպքում հյուսվածքների սնուցումը հաճախ հասցնում է լավանալ, և վերջույթը կարելի է փրկված համարել: Հնարավոր բարդությունները նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար էլ մենք սկսեցինք կիրառել վիրահատության ավելի նորագույն մեթոդներ՝ բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում, որի ժամանակ բալոնը տեղադրվում է հենց անոթի մեջ, այն լայնացվում է, անհրաժեշտության դեպքում տեղադրվում է ստենտ, արյան հեմոդինամիկան գործնականում չի փոխվում, և շատ ավելի լավ արդյունքներ է տալիս”,- շեշտում է նա: Տիգրան Քամալյանը նաև շեշտում է, որ երբ բալոնային անգիոպլաստիկան բավարար չի լինում, վտանգ կա, որ բալոնը հանելուց հետո անոթն անմիջապես կարող է նեղանալ, կամ լայնանալու արդյունքում կարող են անոթի ներքին պատի շերտազատումներ առաջանալ, տեղադրվում են մետաղական ստենտներ, որոնք ֆիքսում են այդ շերտազատված հատվածները անոթների պատերին և հիմք հանդիսանում անոթի պատի համար:

Եվ սա ամենը չէ: Կենտրոնը ունի զարկերակային հիվանդությունների բուժման հարցում հատուկ մշակված տակտիկա, որով տարբերվում է այլ անոթային բաժանմունքներից. “Մենք հաճախ իրականացնում ենք հիբրիդ վիրահատության եղանակներ՝ բաց ու փակ վիրահատությունների համադրությամբ: Սա մեր կլինիկայի առավելություններից մեկն է: Օրինակ՝ աճուկային հատվածում կարող ենք անել բաց վիրահատություն, մաքրել որոշակի հատվածի խցանում, այդ հատվածից խցանման շարունակությունը բացենք բալոնով լայնացնելով ու ստենտավորումով: Հիբրիդ վիրահատությունների մեթոդին տիրապետելը այս առումով մեզ մեծ առավելություններ է տալիս, օգնում արագ ու պացիենտի առողջության համար ճիշտ լուծումներ գտնել”,-ասում է նա:

79388932_501978220442192_241055254236364800_n

Ուշ դիմելը սպառնում է ամպուտացիայով

Վիրահատական լավագույն մեթոդներին տիրապետելն անգամ բացարձակ արդյունք ստանալ չի նշանակում, եթե պացիենտը շատ ուշ է դիմում. “Հաճախ չենք կարողանում կիրառել դրանցից ոչ մեկը ու ստիպված դիմում ենք ամպուտացիայի՝ անդամահատման, միայն այն պատճառով, որ պացիենտը մեզ շատ ուշ է դիմել: Խոսքը հատկապես դիաբետ ունեցողներին է վերաբերվում: Դիաբետը հաճախ ախտահարում է անոթները՝ առաջացնելով դիաբետիկ անգիոպաթիա: Մեր խնդիրն ավելի է բարդանում, երբ տարիքով մարդկանց շրջանում դիաբետիկ անգիոպաթիան ուղեկցվում է զարկերակների աթերոսկլերոզով, որովհետև այդ դեպքում գործ ենք ունենում տոտալ ախտահարման հետ. աթերոսկլերոզը ախտահարում է զարկերակային մեծ մագիստրալները, դիաբետը՝ ավելի փոքր անոթները: Եթե պացիենտը մեզ վաղ դիմի մենք կկարողանանք վիրաբուժական արդյունավետ մեթոդների կիրառմամբ բուժել նրան՝ պահպանելով վերջույթը”:

79446091_1451039408406080_52012285882793984_n 79480252_500823730777425_364685969456103424_n

Նշենք նաև, որ զարկերակային ախտարահարումը սպառնում է նաև երիտասարդներին: Երիտասարդ տարիքում ստորին վերջույթներում զարկերակների խնդիր կարող է հանդիսանալ խցանող տրոմբանգիտը, որը կոչվում է նաև Բյուրգերի հիվանդություն: Այս հիվանդությունը հանդիպում է հիմնականում երիտասարդ տղամարդկանց շրջանում, սկսում է արտահայտվել առավելապես 18-20 տարեկանից: Բուժումը բարդ է նրանով, որ ոչ թե զուտ լուսանցքն է խցանվում, այլ անոթի պատն է հաստանալով խցանում առաջացնում անոթում: Վիրաբույժը լուսանցք չունի, որը կկարողանա բացի ու համապատասխան վիրահատական միջամտությունն անի: Ցավոք, այս հիվանդության դեպքում ամպուտացիաների տոկոսը բավական մեծ է. ավելի, քան մեծ տարիքում աթերոսկլերոզի պարագայում:

80776905_775522562949649_2780132094477598720_n

Դրա համար բժիշկը հորդորում է.

“Մի՛ ծխեք. անոթային հիվանդությունների մեծ մասը առաջանում է հենց մոլի ծխողների շրջանում: Հետազոտությունները ցույց են տալիս որ խցանող թրոմբանգիտ կամ Բյուրգերի հիվանդությունը առաջանում է այն երիտասարդ տղամարդկանց օրգանիզմում, ովքեր մոլի ծխողներ են: Այս պացիենտները միայն ծխելը դադարեցնելով զգալիորեն դանդաղեցնում են հիվանդության զարգացումը: Ընդհանրապես զարկերակային վիրահատություններից թե՛ առաջ և թե՛ հետո առաջին կարևոր սահմանափակումը հենց չծխելն է: Կարևոր է նաև պարտադիր ընդունել դեղերը, հսկել խոլեսթերինը, կարգավորել ճնշումը, քայլել: Մի քանի գլանակ ծխախոտը կամ մի քանի օր դեղորայք չընդունելը կարող է զրոյացնել բուժման արդյունքը”,-ասում է նա՝ հավելելով, որ հետվիրահատական ընթացքը շատ կարևոր է: Վիրաբույժներս անում ենք հնարավոր ամեն ինչ արդյունավետ բուժման համար, բայց միայն հետվիրահատական շրջանում հիվանդի ճիշտ վարքի արդյունքում է բուժումը դառնում հնարավորինս լիարժեք ու վերջնական:

Առողջապահական համակարգ /mednews.am/ մասնագիտական պարբերական

Այս խորագրի վերջին նյութերը