Կարծիք

16.12.2019 21:06


Վստահ եմ` այս դատավորն էլ կգնա «մինչև վերջ» ու կկայացնի Փաշինյանի «սրտի որոշումը»

Վստահ եմ` այս դատավորն էլ կգնա «մինչև վերջ» ու կկայացնի Փաշինյանի «սրտի որոշումը»

Պտտվիր, պտտվիր, կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել...

«Չի՛ կարելի ամեն ինչ օգտագործել ամեն ինչի համար»,-այսպե՛ս կտրուկ արձագանքեց մեղադրող (տուժող) կողմի ներկայացուցիչը պաշտպանական կողմի միջնորդությանը թավշյա անարդարադատության կատարածու Աննա Դանիբեկյանի` Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը (նախագահի խափանման միջոց կալանքը չփոխելու` գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման իրավաչափության հարցը) քննող Լուսինե Աբգարյանի ինքնաբացարկի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դատավորի եղբայրը` Դավիթ Աբգարյանը, պաշպանների բողոքը մերժած մեկ այլ «վնգստացող» դատավորի որդու պես, «երդվյալ նիկոլական» է եւ նույնքան երդվյալ հակաքոչարյանական։ Դեռ մի բան էլ` Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեի (ՍԴ դատավոր չաշխատող Վահե Գրիգորյանի) մտերիմ ընկերն է։ Եվ ժամանակին իր ֆեյսբուքյան էջում «լայք» էր տվել հռչակավոր թավշյահեղափոխական Սերժ Թանկյանի ստատուսին, որով սա ողջունել էր Քոչարյանին կրկին «փակելու» իմաստուն որոշումը։

Լուսինե Աբգարյանն էլ ո՛չ դես, ո՛չ դեն, իր հերթին «լայքել» էր եղբոր տարածած գրառումը` ցույց տալով իր վերաբերմունքը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ, որ պատրաստվում է «քննել»։ Սա, պաշտպանների համոզմամբ, անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած է առաջացնում դատավորի անկողմնակալության վերաբերյալ։

Ոչ պակաս կասկածելի է, որ Աբգարյանը դեկտեմբերի 17-ից պետք է գնար արձակուրդ, բայց գործը մակագրվել է հենց նրան, մինչդեռ օրենքով նրա անունը դեռ 10 օր առաջ` ամսի 7-ին, պետք է հանվեր նոր գործեր քննելու իրավասության համար «հերթ կանգնած» դատավորների ցանկից։ Աբգարյանն ասաց, որ իր արձակուրդը հետաձգել են դեկտեմբերի 24-ին, բայց դա չի հանում, եթե չասենք` ավելի է խորացնում կասկածները։

Դատախազները քիչ էր մնում պատռեին իրենց՝ փորձելով ապացուցել, որ դա չի կարող ինքնաբացարկի հիմք լինել։ Վազգեն Ռշտունու դեպքում, որ դրական էր արտահայտվել Ազարյանի` Քոչարյանին դատարանի դահլիճից ազատ արձակելու որոշման մասին, Պապոյանի դեպքում, որի դեմ անհայտ մեկը ՖԲ-ում գրառում էր արել` մեղադրելով դատավոր Դավիթ Գրիգորյանի հայտնի որոշումը «հեղինակելու» մեջ, կարո՛ղ էր։ Այս դեպքում` երբե՛ք։

Ինչպեսեւ նախորդ դեպքերում, երբ «անաչառի» համարում ունեցող դատավորները հեշտ ու հանգիստ տեղի էին տալիս, մինչ պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունները չորով մերժվում էին, վստահ եմ` այս դատավորն էլ կգնա «մինչեւ վերջ» ու կկայացնի Փաշինյանի «սրտի որոշումը»։

Այլ կերպ չի՛ կարող լինել։
Չի՛ կարող, ե՛ւ վերջ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը