Մեկնաբանություն

14.12.2019 21:04


Փաշինյանի կետը և Տեր–Պետրոսյանի վերջին կետը

Փաշինյանի կետը և Տեր–Պետրոսյանի վերջին կետը

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի բանակցելու Ղարաբաղյան հակամարտության հարցով, քանի որ չի ներկայացնում արցախահայությանը և չունի մանդատ։ Բացի այդ՝ նա ասաց, որ բանակցային սեղանի շուրջ պետք է նստի Արցախի իշխանությունը։

Իրականությունն այն է, որ նա որպես ՀՀ ղեկավար սկսեց ինտենսիվորեն բանակցել հակամարտության լուծման թեմայով։ Ու թեև նա պարբերաբար հերքում էր բանակցություններ անցկացնելու փաստը և դրանց տարբեր անուններ դնում (հանդիպումներ, շփումներ, քննարկումներ, կոնսուլտացիաներ, լիկբեզ և այլն), այդուհանդերձ փաստերի ճնշման տակ ստիպված եղավ տարբեր առիթներով խոստովանել, որ կան բանակցություններ, այն էլ՝ դինամիկ։

Բացի իրականությունը թաքցնելը, Փաշինյանը նաև փորձեց օրիգինալ երևալ։ Երբ արդեն ընդունել էր բանակցությունների գոյությունը, հայտարարեց, որ ինքը բանակցում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից։ Թե որն էր այդ «կետը», չասաց։

Վերջին շրջանում, սակայն, բացահայտվեց Փաշինյանի «կետը»։ Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ծրագիր առաջ քաշած վարչապետը բանակցային սեղանի վրա քննարկում է․․․ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» թեման ու դեմ չէ, որպեսզի նրանք ադրբեջանական պատվիրակության կազմում մասնակցեն բանակցություններին։ Ասել է թե՝ Փաշինյանն այնքան է դարձել իր ասածի գերին, որ պատրաստ է անգամ ադրբեջանական կողմի դիվանագիտական ճնշումներին տեղի տալ։

Փաշինյանի «կետն» ունի նաև մեկ այլ առանձնահատկություն։ Նա հայտնվել է քիրվայական գաղափարախոսության առաջամարտիկ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած տխրահռչակ փուլային տարբերակի տիրույթում։ Իսկ դա այն վերջին կետն է, որից հետո սկսվում է հայկական կողմի փաստացի կապիտուլյացիան ու Ադրբեջանի ամբողջատիրությունը։

Պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում, որ կողմ է փուլային տարբերակին, ըստ որի՝ Արցախի կարգավիճակի հարցը մղվում է հետին պլան, և մենք փուլ առ փուլ գնում ենք զիջումների՝ սկսած զորքերի դուրս բերումից, վերջացրած տարածքային զիջումներն ու, ի վերջո, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը։ Ու թեև Տեր–Պետրոսյանը 1997–ին պնդում էր, որ եթե փուլային տարբերակը մերժենք, ապա ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու դա, սակայն ինչպես ցուց տվեց ժամանակը, Տեր-Պետրոսյանը սխալվել էր։

Այն, ինչին Ադրբեջանը պատրաստ է եղել և՛ 1997–ին, և՛ դրանից հետո, և՛ հիմա, և՛ պատրաստ է լինելու վաղը, փուլային տարբերակն է։ Ապացույցը Բրատիսլավայում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Բաքվի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթուղթն է։ Փաստաթուղթ, որը մեկին մեկ կրկնում էր Տեր–Պետրոսյանի պաշտպանած փուլային տարբերակը։ Ի դեպ, Մամեդյարովն իր հարցազրույցում էլ հաստատեց, որ իրենց ուզածը 1997–ի փուլային տարբերակն է։

Այնպես որ, Ադրբեջանը Տեր–Պետրոսյանի հեռացումից 22 տարի անց էլ պատրաստ է փուլայինին, քանզի վերադառնում ենք մինչպատերազմյան վիճակին ու 1988–ի պատկերին, երբ ԼՂԻՄ–ը սովետական Ադրբեջանի կազմում էր։

Տեր–Պետրոսյանն անցած էտապ է, և նրան իմաստ չէր ունենա հիշելը, եթե Փաշինյանն իր սխալ քայլերով չմոտենար փուլային տարբերակին։

Եթե «թավշյա» առաջնորդը գնա այդ տարբերակին, ապա իր «կետը» կդառնա կարիերայի վերջին կետը։ Ինչպես որ Տեր–Պետրոսյանի դեպքում եղավ։ Ընդ որում՝ հետևանքները Փաշինյանի համար կլինեն շատ ավելի վատը, քան 1–ին նախագահի դեպքում եղավ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը