Մեկնաբանություն

14.12.2019 18:57


Հեղափոխության մետամորֆոզները․ հաճախորդից մինչև հեղափոխական դարձած Արման Բաբաջանյանը

Հեղափոխության մետամորֆոզները․ հաճախորդից մինչև հեղափոխական դարձած Արման Բաբաջանյանը

Հեղափոխությունը մի սարսափելի հատկություն ունի։ Այն տեղի է ունենում լուսավոր գաղափարների, սիրո և համերաշխության լոզունգների ներքո, սակայն դրա շարժիչներ են հանդիսանում ատելությունը, «աբիժնիկությունը, բացասական էմոցիաները։

Հեղափոխությունը հերոս է դարձնում ամբոխին և ջրի երես հանում հանրության տականքին, պատեհապաշտներին, լուսանցքայիններին, անսկզբունքայիններին։

Հեղափոխությունը նաև դավաճանությունների շքահանդես է։

Իր իսկ խոստովանությամբ կուսակցաշինության մեջ տապալված Արման Բաբաջանյանը դարձել է հեղափոխության ջերմեռանդ պաշտպան։ Եվ դա այն դեպքում, երբ նա եղել է նախորդ իշխանությունների գլխավոր հաճախորդներից մեկը՝ քարոզչական առաջամարտիկը և մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը ատամներով պաշտպանել է նախորդ իշխանություններին՝ դեն նետելով «ընդդիմադիր» դիմակը։

Նախորդ իշխանությունների օրոք հսկայական ֆինանսական միջոցներ կուտակած Արմանն այսօր հավաքել էր մի փոքրաթիվ խմբակ ու․․․ դոշ էր ծեծում հեղափոխության համար՝ ուրանալով նախկին տերերին։

Փոքրաքանակ այդ հավաքին մասնակցում էին սույն «անկախ» պատգամավորի գլխավորած կայքում պարբերաբար հյուրընկալվող մարդիկ ու էլի մի քանիսը՝ գլխաքանակի ապահովման անհաջող փորձին մասնակցելու համար։

Ուշագրավն այն էր, որ ելույթ ունեցողների մեջ հիմնականում Արմանի տիպի մարդիկ էին, այսինքն՝ նրանք, ովքեր հաճախորդություն են արել նախորդ իշխանությունների համար ու 2018–ի մայիսից հետո դարձել թունդ հեղափոխական։ Ասել է թե՝ հավաքի մասնակիցները նախկին տերերից «թռած», նախորդ տարվա մայիսից հետո նոր տեր փնտրած ու այդպես էլ չսեփականաշնորհված շրջանակներն էին։

Կարելի է ասել, որ հիմնականում ներկայացված էր հեղափոխության թերմացքը կամ նախորդ իշխանության հաճախորդաց դասի տարբեր աստիճանակարգ ունեցողների «պլեյադան»։ Մեջները կային և՛ մարած աբլիգացիաներ, և՛ «Կերենսկու» ժամանակներից նստածներ, և՛ նույնիսկ մի կին «ատամնատեխնիկ»։

Մասնակիցները, բնականաբար, չգիտեն, որ Արման Բաբաջանյանը իրենց օգտագործում է փաշինյանենց վրա «ծախելու», իսկ եթե ստացվի, ապա իր կայուն գաղափարներին ծառայեցնելու համար։ Կայուն գաղափարները վերաբերում են մեր պետությանը։

Փոխվում են Արմանի քաղաքական կողմնորոշումները, տերերը, քծնանքի օբյեկտները, բայց չի փոխվում նրա հիմնական ֆունկցիան՝ թուրքական 5-րդ շարասյան գիծն առաջ տանելը։ Այդ հարցում նա սկզբունքային է ու հետևողական։

Եթե մենք նորմալ պետություն ունենայինք, ապա Արման Բաբաջանյանը ոչ թե Երևանի կենտրոնում հավաք կաներ, բանակից ապօրինաբար թռնելուց հետո բոցաշունչ ելույթ կունենար մեր երկրի պաշտպանունակության ու անվտանգության ապահովման մասին, այլ կհայտնվեր շատ կոնկրետ հաստատությունում՝ մինչև այդ մանրամասն ներկայացնելով, թե ինչպես է սպասարկել մեր թշնամիների շահերը։ Բայց քանի որ մենք դեռ այդպիսի պետություն չենք ստեղծել, ապա նա կարող է սրտաճմլիկ տեքստեր արտասանել ու հակապետական գործունեություն ծավալել։

Բայց դե ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը