Կարծիք

14.12.2019 12:44


Քըրք Քըրքորյանը չի ցանկացել, դեմ է եղել նման ուշադրության դրսևորումներին

Քըրք Քըրքորյանը չի ցանկացել, դեմ է եղել նման ուշադրության դրսևորումներին

Չգիտեմ, թե դուք ինչպես, բայց ինձ առանձնապես դուր չեկավ կամ այսպես ասեմ՝ չտպավորեց մեծանուն բարերար և Հայաստանի Ազգային հերոս Քըրք Քըրքորյանի կիսանդրին, որի բացումը օրերս տեղի ունեցավ Սպիտակի հուշարձանների պուրակում, հանդիսավոր պայմաններում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Հարմար առիթի դեպքում երևի պետք է մի հատ մոտիկից տեսնել՝ լիարժեք ընկալման համար, բայց լուսանկարներից ստացած տպավորությունը այն չէր: Կներեք, բայց մի տեսակ ծաղրաքանդակի տպավորություն թողեց:

Լավ, դա, ասենք, ճաշակի կամ գեղագիտական ու անհատական ընկալման հարց է: Բայց մեկ այլ հետաքրքիր հանգամանք էլ կա: Այն, որ Քըրք Քըրքորյանը որքան մեծահարուստ էր ու պատրաստակամորեն առատաձեռն՝ Հայաստանին իր օգնությունը ցուցաբերելիս, բազմապատիկ չափով համեստ մարդ էր: Չէր սիրում ավելորդ ուշադրություն իր անձի նկատմամբ, հատուկ պատվո արտահայտություններ: Հայտնի է նաև, որ նախկինում էլ, երբ Հայաստանի իշխանությունները ակնարկել էին մեծանուն բարերարի անունով փողոց կոչելու կամ դպրոց անվանելու, կիսանդրին կամ արձանը տեղադրելու մասին, Քըրք Քըրքորյանը շատ պարզ ու ընկալելի բացատրել էր, որ նման բան չանեն, որ ինքը դեմ է նման դրսևորումներին:

Մի դրվագ հիշեցի, որ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքում է նկարագրված: Դե հայտնի է, որ Քըրք Քըրքորյանն առաջին անգամ նախնյաց հայրենիք այցելեց Ռոբերտ Քոչարյանի նախագահական պաշտոնավարման մեկնարկին, ապա հաջորդող տարիներին «Լինսի» հիմնադրամի միջոցով ավելի քան 200 միլիոն դոլար հատկացրեց, որով Հայաստանում խոշորածավալ ու կարևոր ծրագրեր իրականացվեցին՝ հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհաշինություն, ճանապարհային թունելների, կամուրջների կառուցում և հիմնանորոգում, Երևանի տասնյակ փողոցների հիմնանորոգում, արվետի ու մշակույթի մի քանի տասնյակ օջախների հիմնանորոգում ու կահավորում, 3700 բնակարան աղետի գոտում, դպրոցների կառուցում...

Այնպես որ, Քըրք Քըրքորյանը, անկասկած, հայրենակիցների հարգանքի ու երախտագիտության ավելի նկատելի պատվո նշանների է արժանի, քան կիսանդրին է: Բայց մարդը չի ցանկացել, դեմ է եղել նման ուշադրության դրսևորումներին:

Հա, ու բնութագրական է այդ վկայությունը նախագահ Քոչարյանի գրքում, որ 2005-ին, երբ ՀՀ նախագահի հրամանագրով Քըրք Քըրքորյանին Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվում, նա անսպասելի չեղարկում է իր այցը Հայաստան:

«Միայն հետո իմացա, որ նրան շփոթեցրել էր նախատեսված հանդիսավոր արարողությունը. Որևէ մեծարում չէր ցանկանում,-գրում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,- տիպված էի վստահեցնել նրան, որ պարզապես կշփվենք, կքննարկենք հետագա գործողությունները, ու ես պարգևն իրեն կհանձնեմ բանակցությունների սենյակում, առանց ցուցադրական շքեղության : Այդպես էլ արեցինք, երբ նա եկավ նույն տարվա մայիսին:
Ահա այդպիսի մարդ էր Քըրք Քըրքորյանը»:

Ու նաև այդ տեսակետից մի քիչ երկակի զգացողություն է թողնում օրերս Սպիտակում բացված Քըրք Քըրքորյանի կիսանդրին: Ոչ միայն որպես քանդակ, որպես վերաբերմունք:

Ստացվում է, որ հիմա՝ Քըրք Քըրքորյանի երկրային ուղին ավարտվելուց հետո, երևի մտածել են, որ էլ հարցնելու կարիք չկա, եկեք մարդու կիսանդրին տեղադրենք: Երկրի նոր իշխանավորները երևի ցանկացել են հարգանք ընդգծել:

Բայց մի՞թե ամենամեծ հարգանքը մարդու ցանկությունը, կամքը հաշվի առնելը չէ:
Լավ, գոնե կիսանդրին տպավորիչ լիներ...

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

79078345_3220178758056522_863591084251414528_o

Այս խորագրի վերջին նյութերը