Լրահոս

13.12.2019 10:40


Բացահայտվել է 70 հազար դոլարի և 3 հազար եվրոյի գողության դեպք

Բացահայտվել է 70 հազար դոլարի և 3 հազար եվրոյի գողության դեպք

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր չափերի գողության դեպք են բացահայտել։

Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 11-ին ոստիկանույթյան Մասիսի բաժին է դիմել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Վիկտոր Իսրայելյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գաղտնի մուտք են գործել իրեն պատկանող, ԽՍՀՄ տարիներին գործող, սակայն այժմ պարապուրդի մատնված Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորում և այնտեղից հափշտակել 70 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո գումար։

Այսօր նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանները Երևան քաղաքից ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկում Նոր Խարբերդի բնակիչ՝ 25-ամյա Նվեր Հարությունյանին և 58-ամյա Ռոբերտ Հարությունյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորում պահեստային մասից Ռ. Հարությունյանը հափշտակում է ողջ գումարը և այն տանում, հանձնում է տղային՝ Նվերին՝ ասելով, որ «սա այգում՝ հողի մեջ պահի, հետ կորոշենք՝ ինչ ենք անելու»։ Նվերն էլ, հորից ստանալով գողացված գումարը, թաքցնում է այգում՝ հողի մեջ, սակայն հորից թաքուն այնտեղից գողանում է մոտ 7000 ԱՄՆ դոլար, իսկ հետո հորը հայտնում է, որ արդեն գումարը թաքցրել է ապահով վայրում։

Տղան՝ իրենից գոհ, հորը թողնում է տանը և հեռանում, դրանից հետո այս անգամ հայրը տղայի թաքցրած վայրից գումարը հանում և մեկ այլ տեղ է թաքցնում ու, երևի, ճիշտ է ասված՝ «գողը գողից գողացավ, Աստված, տեսավ, զարմացավ»։

Այս պահին ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ կասկածյալը մատնացույց է անում հողամասի այն վայրը, որտեղ թաքցրել է հափշտակված գումարը։

Քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lada Priora մակնիշի 36 QՍ 383 համարանիշի ավտոմեքենան, որն այսօր գողացված գումարով գնել է Նվերը, իսկ այն անվանափոխել է իր ընկերոջ անունով։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման տնօրեն Վ. Իսրայելյանն ասում էր. «Անկեղծ ասած, չէի կասկածում, որ մեր ռայոնի ոստիկանները կարճ ժամանակում կգտնեն հանցագործին, ու երբ իմացա, ճիշտն ասած՝ ոչ էլ զարմացա, քանի որ միշտ էլ մեր ռայոնի ոստիկանները սրտացավ մոտեցում են ցուցաբերել ցանկացած հանցագործության դեմն առնելուն։ Ուզում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել Արարատի մարզի ոստիկաններին, քննիչներին ու ասել՝ հալալ ա, ձեզ, տղերք, դուք ապացուցեցիք, որ չբացահայտվող հանցագործություններ չկան։ Բայց ցավ ապրեցի, երբ իմացա, թե ով է հանցագործը։ Ստացվում է՝ ժողովրդական խոսքը ճիշտ է, երբ ասում են «գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի»։

Քիչ առաջ ոստիկանների, քննիչների ուղեկցությամբ ընթերակաների ներկայությամբ կասկածյալը մատնացույց արեց իր տան հողամասի հատվածում գտնվող կիսակառույց այն շինությունը, որտեղ թաքցրել էր գողացված ողջ գումարն ու այնտեղից դուրս բերվեց գողոնը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը