Կարծիք

12.12.2019 14:38


1984-ից 2020 կամ ինչպես խորհրդարանը կորցրեց լեգիտիմությունը

1984-ից 2020 կամ ինչպես խորհրդարանը կորցրեց լեգիտիմությունը

Խորհրդարանները լեգիտիմությունը կորցնում են ոչ միայն անարդար ընտրությունների, այլ հենց բուն գործունեության ընթացքում: ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ կորցրել է իր լեգիտիմությունը: Այն այլեւս չի կարող արտահայտել հանրության մեծամասնության տեսակետներն ու շահերը: Խորհրդարանն ընտրություններից մեկ տարի անց արդեն իսկ ոչ լեգիտիմ է:

Եթե ոստիկանության կողմից հեռախոսային գաղտնալսումների մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվում է ԱԺ կողմից, այն էլ կառավարող խմբակցության կողմից արժանանալով միաձայն, սովետական տարիները հիշեցնող հավանության, ապա լեգիտիմության մասին խոսակցություններն արդեն իսկ ավելորդ են:

Եթե խորհրդարանը կամ խորհրդարանական մեծամասնությունն օրինականացնում է կաշառքը՝ Սահմանադրական դատարանի իրենց համար անցանկալի անդամներից ազատվելու համար, ապա էլ ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել:

Իհարկե, ոմանք կասեն, թե խորհրդարանը լեգիտիմությունը կորցրել էր դեռ այն ժամանակ, երբ պատգամավորներից ոմանք մասնակցեցին դատարանների շրջափակմանը, եւ գուցե նրանք ճիշտ են, բայց այս վերջին քվեարկությունից հետո խորհրդարանը ՀՀ քաղաքացիների կողմից այլեւս չի կարող ընդունվել որպես լեգիտիմ օրենսդիր մարմին:

Առանց այս վերջին տարօրինակ, անհասկանալի, պետականաքանդ քվեարկությունների էլ մեկ տարի առաջ արտահերթ ընտրություններում ձեւավորված խորհրդարանը չէր արտահայտում ժողովրդի հիմնական խմբերի շահերը, չէր արտացոլում իրականում առկա քաղաքական պատկերը:

Առանց այս քվեարկությունների էլ պարզ էր, որ խորհրդարանում, մեղմ ասած, շատ են քաղաքական անցյալ չունեցող եւ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդիկ: Եթե կասկածում եք, ապա հետեւեք վերջին օրերի քննարկումներին:

Առանց այս քվեարկությունների էլ վաղուց արդեն պարզ էր, որ խորհրդարանական մեծամասնությունն ամբողջովին կախվախության մեջ է ոչ թե գործադիրից, այլ գործադիրի ղեկավարից՝ մեկ մարդուց:

Առանց այս քվեարկությունների էլ պարզ էր, որ կառավարող իմքայլական խմբակցությունը անհասկանալի եւ անտրամաբանական ագրեսիվություն է դրսեւորում իրենց տեսակետները, կարծիքները, դիրքորոշումները եւ մոտեցումները չկիսողների նկատմամբ, բայց այս վերջին քվեարկությունները շատ հարցերի եւ կասկածների պատասխան տվեցին՝ խորհրդարանն այլեւս լեգիտիմ չէ:

Եւ այս ամենը, բնականաբար, չի կարող անհետեւանք մնալ, չի կարող չհանգեցնել հերթական արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընդամենն ամիսներ անց:

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը