Կարծիք

12.12.2019 14:16


Զուսպ սեղանի մասին կոչ է անում մի կին, ով տարվա մեջ երեք անգամ այցելում է Շվեյցարիա

Զուսպ սեղանի մասին կոչ է անում մի կին, ով տարվա մեջ երեք անգամ այցելում է Շվեյցարիա

Ինքս երբևէ կողմնակից չեմ եղել ավելորդ շքեղության կամ որկրամոլության` համարելով, որ ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ ու ներդաշնակ: Տոները նշելիս ամենակարևոր հանգամանքը ճաշակն է և նրբագեղությունը: Իսկ Նոր տարին այնպիսի տոն է, որը հայերն ավանդաբար նշում են յուրաքանչյուրն իր տանը` ընտանիքի և հարազատների հետ, թեկուզ և համեստ ձևավորած սեղանի շուրջ:

Այլ բան է, իհարկե, երբ երկրիդ իշխանությունները ընդամենը մեկուկես տարում հաջողել են ուտելու, վայելելու, ցոփ ու շվայտ կյանք վարելու մեջ և դրան զուգահեռ մոռացել են, որ կա հասարակ ժողովուրդ: Մոռացել են կամ պարզապես չեն ուզում նկատել, որ ժողովրդի մեծամասնությունն այսօր հնարավորություն չունի անգամ այդ համեստ սեղանը գցելու:

«Խոզի բդի և տոլմայի գերությունից ազատվելու» մասին Աննա Հակոբյանի կոչը հայ կանանց ոչ այլ ինչ է, քան հերթական պոպուլիստական քայլը, որով տիկինը փորձում է արդարացնել կամ քողարկել նիկոլյան վարչապետության անգործությունը:

Ու հիմա` ինչ է ստացվում: Ստացվում է, որ Աննա Հակոբյանը հիշում է համեստության մասին լոկ այն ժամանակ, երբ խոսքը սովորական մարդկանց է վերաբերում, մինչդեռ ինքն ու իր ընտանիքը վաղուց արդեն հրաժեշտ են տվել համեստ ապրելակերպին: Զուսպ սեղանի մասին հիմա խոսում է մի կին, որը մեկ տարվա մեջ երեք անգամ Շվեյցարիա է այցելել, ինչը չի արել ոչ մի առաջին տիկին: Զուսպ լինելու անհրաժեշտությունից խոսում է մեկը, ում համար կառավարական ամառանոցն արդեն հարմարավետ չէր, և պետք էր լրացուցիչ 257 միլիոն դրամ ծախսել` այն նորաձևության վերջին ճիչով վերանորոգելու համար:

Երևանի քաղաքային իշխանությունները գրչի մեկ հարվածով 700 հազար դոլար ծախսում են իբրև թե ամանորյա ուրախ միջոցառման վրա, բայց նրանք մոռանում են, որ աշխարհի խոշորագույն քաղաքներն անգամ իրենց բյուջեի համեմատ այդքան խելացնոր ծախս չեն անում, այդքան գումար պետբյուջեից դուրս չեն գրում: Ինչ է սա, եթե ոչ` օրինականացված կոռուպցիա: Պարզապես հիմա թալանը օրենքի շրջանակներում է իրականացվում:

Ուստի լավագույնը, որ Նոր տարվա շեմին կարող է տեղի ունենալ հայ ժողովրդի հետ` դիմավորել Ամանորն առանց Նիկոլի:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը