Կարծիք

11.12.2019 12:00


ՀԴՄ կտրոնը և սամվելալեքսանյանների վարչապետ փաստաբանը

ՀԴՄ կտրոնը և սամվելալեքսանյանների վարչապետ փաստաբանը

Մի անեկդոտ կա։ Միայն վերջաբանը կհիշեցնեմ. չգիտեմ՝ կողքը ով էր նստած, բայց շոֆերը մինիստր էր։

Հիմա կասեմ, թե ինչու հիշեցի այս անեկդոտը։

Նիկոլ Փաշինյանը, ով իր ամբողջ ընդդիմադիր կյանքը կառուցել էր հակաօլիգարխիկ պայքարի, աղքատությունը սրբացնելու, փոքր բիզնեսի բարեկամը լինելու, «Բանգլադեշի» ժողովրդին «Լֆիկական Օսվենցիմից» ազատելու և նմանատիպ այլ սրտաճմլիկ բաների վրա, երեկ հեղափոխական պաթոսով խոսում էր ՀԴՄ կտրոններից և պաշտպանում... Սամվել Ալեքսանյանի շահերը։

Վարչապետն ասում էր, որ ստվերային տնտեսության մեղավորը ոչ թե խոշոր բիզնեսն է, որը հաշիվ–ապրանքագիր չի տալիս մանրածախ առևտրականներին, այլ վերջիններս են մեղավոր, որ մեծածախից հաշիվ–ապրանքագիր չեն ուզում, որպեսզի հետո թաքցնեն իրենց շրջանառությունը։

Ավելի պարզ ասած։ Ոչ թե Ալեքսանյանն է ստվերում գործում ու ներկրած շաքարավազի վաճառքի ժամանակ առանց փաստաթուղթ առևտուր անում, այլ փոքրիկ կրպակատերը, որը Ալեքսանյանից հաշիվ–ապրանքագիր չի ուզում, որ հետո ՀԴՄ կտրոն չտա գնորդին ու այդպիսով թաքցնի իր շրջանառությունը։

Եթե նույնիսկ վարչապետը ճիշտ է ներկայացնում բիզնես դաշտում տիրող պատկերը, ըստ որի՝ ստվերային տնտեսության մեղավորները կրպակատերերն ու փոքրիկ խանութպաններն են, ապա միևնույն է ինքը իրավունք չունի խոսել այդ մասին, քանի որ ամբողջ կյանքում հակառակի մասին է կոկորդը պատռել։ Դա նույնն է, որ Կարլ Մարքսը իշխանության գար և հայտարարեր, որ տնտեսության վատ վիճակի համար մեղավոր է պրոլետարիատը, այլ ոչ թե բուրժուազիան։ Ճիշտ է, Փաշինյանը, մեղմ ասած, Մարքսը չէ և վերջինս հաստատ գերեզմանում շուռ եկավ, երբ իրեն համեմատեցի ժողվարչապետի հետ, բայց դե խոսքի պատկերավորության համար արժեր «Կապիտալի» հեղինակին հիշել։

Արագաչափերը ներքնաշորերով ու սկոչով փակելու օգնությամբ իշխանության եկողներից ու հետո արագաչափերն ավելացնելու քաղաքականություն իրականացնողներից այլ բան չէր էլ կարելի սպասել։ Դա հեղափոխության առաջին ալիքի հիվանդություն է։

Բոլոր հեղափոխությունների ժամանակ էլ այդպես է լինում։ Իշխանության գալուց հետո հեղափոխականները շատ ավելի այլասերված ձևով անում են այն, ինչը քննադատում էին հեղափոխությունից առաջ։ Իրենք դառնում են նախկինի վատ պատճենը։

Իսկ սկզբում ներկայացրած անեկդոտի վերջաբանը կարելի է վերափոխել հետևյալ կերպ. չգիտեմ՝ ով է Սամվել Ալեքսանյանը, բայց իր փաստաբանը վարչապետ է աշխատում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը