Քաղաքական

10.12.2019 13:18


Նկատի եմ ունեցել «մեկուսացած», պարզապես ինձ «վտարանդի» բառը հուշեցին և դա օգտագործեցի. Հրաչյա Հակոբյանը՝ ծխողների վերաբերյալ իր արտահայտության մասին

Նկատի եմ ունեցել «մեկուսացած», պարզապես ինձ «վտարանդի» բառը հուշեցին և դա օգտագործեցի. Հրաչյա Հակոբյանը՝ ծխողների վերաբերյալ իր արտահայտության մասին

Ես նկատի եմ ունեցել մեկուսացած, պարզապես դահլիճում ինձ վտարանդի բառը հուշեցին և ես դա օգտագործեցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկման ժամանակ իր արած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ պատգամավորը իր ելույթում նշել էր, որ այդ մշակույթը պետք է ձևավորել, որ ծխողները լինեն «իզգոյ», վտարանդի:

Հրաչյա Հակոբյանը նորմալ է վերաբերվում, որ իր հայտարարությունը քննարկվել է ֆեյսբուքյան ցանցում, և նման ալիք է բարձրացել: «Ես նկատի եմ ունեցել և նկատի ունեմ, ոչ թե վտարանդի, այլ մեկուսացած: Պարզապես ինձ դահլիճից այդ բառը հուշեցին և գուցե ի սկզբանե սխալ բառ էլ ընտրվել էր` «իզգոյ» բառը, որը բառացի թարգմանություն չունի, ինձ դահլիճից «վտարանդի» բառը հուշեցին և ես դա օգտագործեցի»,-բացատրեց նա:

Պատգամավորը նկատեց, որ համացանցում մեկնաբանություններ էին գրում, թե հերթական անգամ ապացուցվեց, որ սա ոչ թե ծխելու կանխարգելման դեմ պայքար է, այլ՝ ծխողների դեմ։ Հրաչյա Հակոբյանը շեշտեց, որ դա ծխողների դեմ պայքար չէ: Պատգամավորի խոսքով՝ ծխելու կանխարգելման դեմ պայքարն ինչ-որ տեղ կախված է նրանից, որ ծխողները պետք է նեղություն կրեն, որ մենք ունենանք արդյունավետություն: Նա օրինակ բերեց, որ չի կարելի պրոպագանդել ծխելը, ռեստորաններում, սրճարաններում և երեխաներից պետք է պահանջել չծխել: «Պետք է երեխան տեսնի, թե ծխող մարն ինչ զրկանքներ է կրում լինելով մեկուսացած»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան քննարկումներին, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Ես հանրային մարդ եմ, երբեմն կարող եմ սխալ բառ օգտագործելով հայտնվել նման իրավիճակում, ինչին շատ նորմալ եմ վերաբերվում, տրագեդիա չեմ սարքում: Ընդամենը սխալ բառ ընտրվեց, փոխարինվեց սխալ բառով»,-հավելեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը