Կարծիք

07.12.2019 10:18


Երկու արձան, երկու վերաբերմունք՝ Ֆիրդուսի և Գրիբոյեդով

Երկու արձան, երկու վերաբերմունք՝ Ֆիրդուսի և Գրիբոյեդով

Էդիկ Միրզայանը՝ իրանահայ բանաստեղծ թարգմանիչ, թարգմանել էր Հաֆըզ ու այլ պարսիկ բանաստեղծների։ Հաֆըզից մի քանի շարք հրապարակվեց ինչ-որ թերթերում։

Հիացել էի թարգմանություններով, Հաֆըզին առաջին անգամ ընկալեցի Միրզայանի թարգմանությամբ։ Միրզայանը գրականությամբ տարված, Հայաստանի միջավայրին անծանոթ մտավորական էր, ու փորձեցի օգնել, որ գիրք հրատարակի։ «Գարուն» ամսագիրը «Ապոլոն» հրատարակչություն էր բացել, թարգմանական գրքեր էր հրատարակում, գնացի հրատարակչի՝ Հակոբ Մովսեսի մոտ, առաջարկեցի «Ապոլոն»-ով Միրզայանի թարգմանությամբ Հաֆըզը հրատրակել։ Հակոբը սկի չվերցրեց էլ ձեռքը թարգամանությունը, ասաց՝ մենք եվրոպակենտրոն ենք, միայն եվրոպական գրականություն ենք հրատարակում։ Ասեցի՝ բա Գյոթեն աշխարհի լավագույն բանաստեղծների մեջ Հաֆըզի, Օմար Խայամի ու մյուս պարսիկ բանաստեղծներին է թվարկում։ Հակոբը ժպտաց՝ որպես խոսակցության վերջակետ։

Էդիկ Միրզայանը պատմում էր՝ Իրանի հեղափոխության ժամանակ ամբոխը հարձակվում էր Ֆիրդուսու արձանի վրա, որ տապալի և ինքը՝ իր համախոհ գրողների հետ, արձանի շուրջ շղթա էին կազմել, որ թույլ չտան։ Կարծեմ, այդպես փրկել էին արձանը։ Միրզայանը ընտանիքով, կարծեմ՝ երեք երեխա ուներ, տեղափոխվել էր Հայաստան, ոգևորությամբ պատմում էր գրական ծրագրերի մասին։

Մեկ էլ մի օր կինը զանգեց, ասաց, որ Էդիկը մահացել է, ինչպե՞ս. տղան բակում խաղալիս վեճի մեջ է բռնվել տղաների հետ, Էդիկը իջել է հաշտեցնի, մյուս տղայի հայրն ու հարազանտերը եկել, Էդիկին էնպես են ծեծել, որ մի օր անց մահացել էր։

Էդիկին հիշեցի Գրիբոյեդովի արձանը պղծելու կապակցությամբ՝ որ փրկել էր Ֆիրդուսու արձանը։

Գրիբոյեդովի անունը լսելիս առաջին հերթին մտքիս է գալիս նրա հրաշալի պիեսը՝ «Խելքից պատուհասը», որ առաջին անգամ բեմադրվել է Երևանում 1827֊ին։
Իսկ Գրիբոյեդովին սպանել են Պարսկաստանում՝ խանի հրահրումով, 1829֊ին ամբոխը հարձակվել է ռուսական դեսպանատան վրա և սպանել 54 հոգու։
Վիոլետ Գրիգորյանը ասում է՝ «ես իրանահայ եմ ու գիտեմ, պարսկերեն կարդացել եմ, թե ինչպես են հարձակվել ու հոշոտել ոչ միայն Գրիբոյեդովին, այլ մնացած բոլորին՝ գումարած վրացի ու հայ կանանց, ում Գրիբոյեդովը ազատել էր տվել Թավրիզի խանի հարեմից ու ռուսական դեսպանատնում ապաստան տվել։ Խանի ու մոլլայի քարոզից գրգռված ամբոխը, Գրիբոյեդովին ու դեսպանատան աշխատողներին բզկտելուց հետո էդ կանանց մերկացրել ու փողոցներով քարշ է տվել, մինչև քրրքվեն»։
Գրիբոյեդովի արձանի վրա հարձակումը բացահայտում է հայկական ռուսաֆոբիայի անինտելեկտուալ ու զառանցական էությունը։

Այսուհանդերձ, պարզվում է, որ ռուսաֆոբիան այնպես է մթնեցրել հայ հասարակությանը, որ բազմաթիվ մտավորականներ, նաև դասխոսներ, մարդիկ ովքեր սերունդ կրթելու առաքելություն են ստանձնել, արդարացնում են Գրիբոյեդովի արձանը ներկելը, նույնիսկ փառաբանում ներկ շպրտողին։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը