Կարծիք

07.12.2019 09:12


Մեր երկրի զբոսաշրջության սպասումները

Մեր երկրի զբոսաշրջության սպասումները

Տարվա վերջին կարելի է կամաց-կամաց ամփոփել մեր սոցիալ-տնտեսական կյանքի ցուցանիշներն ու սպասումները: 2018թ․ ապրիլից հետո ամենամեծ սպասումները կապված էին ներդրումների ու զբոսաշրջության հետ: Շատերին էր թվում, որ զբոսաշրջիկն ու ներդրողը հերթ են կանգնելու:

Արդեն հրապարակվել են միջազգային զբոսաշրջության 2019թ․ հունվար-սեպտեմբերի տվյալները: Հետևաբար դրանք կարելի է համադրել վերջին երկու տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված թվերի հետ: Համադրել ու տեսնել, թե որքանով արդարացան միջազգային տուրիստական կենտրոն դառնալու մեր սպասելիքները:

Անկեղծորեն պետք է արձանագրել, որ մեկ տարի առաջ դրական սպասումների հիմքեր կային: 2018-ին նախորդ տարվա համեմատ 8.8 տոկոսով աճել էր զբոսաշրջիկների քանակը: Նախ նշենք, որ ընդունված չափանիշներով զբոսաշրջիկ համարվում է այն «անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով»: Ասել է, թե զբոսաշրջիկի հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը: Սակայն վիճակագրությունը նաև արձանագրում է գործնական նպատակով այցելությունները:

2017թ․ հունվար-սեպտեմբերին մեր երկիր այցելել էր մոտ 1.172 մլն զբոսաշրջիկ: 2018-ին` մոտ 1.275 մլն: 2017-ին զբոսաշրջիկների 22.8 տոկոսի այցելության նպատակը գործնական էր: 2018թ․ գործնական այցելությունների ավելի բարձր տոկոս էր արձանագրվել` 26.7 տոկոս: Փաստ, որ համահունչ էր պահի քաղաքական ելույթներին ու սպասումներին։ Սակայն գծապատկերից պարզ նկատելի է, որ սպասում-խոստումները չարդարացան։ 2019թ․ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միայն 16․4 տոկոսն է գործնական նպատակ ունեցել (եկեք առաջանցիկ «խոստանանք», որ իշխանությունների կողմից այս բացասական փաստն արձանագրելուց հետո պաշտոնական վիճակագրությունն այն «կդզի»)։

Վերջին տարիներին մեր մասնագիտական ու պարզ-հասարակական մամուլում հաճախ էր շրջանառվում այն պնդումը, որ մեր երկիր այցելողների մի մասը բժշկական օգնության նպատակ ունի։ Մեկ տասնամյակ առաջ Հայաստանը տարածաշրջանում սրտի վիրահատությունների ամենաէժան ու ամենաորակյալ կենտրոնն էր։ Հետո այդ դիրքը զիջեցինք Վրաստանին։ Հետո մեր երկիրը այսպես կոչված «ստոմոլոգիական տուրիզմի» կենտրոն էր։ Որակ-գին համադրման պատճառով առաջին սերնդի արտագաղթածների նկատելի հատվածը ատամնաբուժական (տարիքային) անհրաժեշտ գործառույթների համար վերադառնում էր հայրենիք։ 2017-ին զբոսաշրջիկների 0․2 տոկոսը նշում էր, որ ժամանել է բուժման նպատակով։ 2018-ին նրանց տեսակարար կշիռը զբոսաշրջիկների թվի 1․5 տոկոսն էր։ Բայց 2019-ը կրկին «սառը ցնցուղ» է։ Բժշկական նպատակներով այցելողների քանակը նվազել է՝ 0․5 տոկոս։ Մինչ դիտարկելը, թե ովքեր են որպես զբոսաշրջիկ այցելում մեր երկիր, նշենք, որ նրանց մեջ աճ արձանագրող խումբը հանգստի և ժամանցի նպատակով այցելողներն են։ Տեսակարար կշռի իմաստով։ 2018-ին նրանց թիվը 50․2 տոկոս էր։ 2019-ին՝ 52․3։

Հիմա դիտարկենք, թե որ երկրներին է բաժին ընկնում մեր արտասահմանյան զբոսաշրջության այցելուների քանակը։ Միանգամից ասենք, որ վերջին (առնվազն երեք տարիներին) կառուցվածքը համարյա չի փոխվել։ Նկատելի նվազում է Իրանի Իսլամական Հանրապետությունից այցելող զբոսաշրջիկների քանակը։ Բայց դա աշխարհաքաղաքական գործընթացների հետևանք է, որ մեր ներքին խնդիրների հետ համարյա որևէ կապ չունի։ Հետևաբար նշենք միայն 2019թ․ տվյալները։

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ամենամեծ խումբը գալիս է Ռուսաստանից՝ 21․1 տոկոս։ Երկրորդ երկիրը Գերմանիան է՝ ժամանողների 8,7 տոկոսը։ Երրորդը Ֆրանսիան է՝ 6․7 տոկոս։ Ժամանողների մյուս՝ չորրորդ խումբը ԱՄՆ-ից է։ Նրանց տեսակարար կշիռը 6․6 տոկոս է։ Մյուսն անմիջական հարևան Իրանն է՝ 4․8 տոկոսանոց ցուցանիշով։ Երկրների ցանկից իսկ ակնհայտ է, որ միջազգային զբոսաշրջության տակ հաշվառվողների մեծ մասն էթնիկ հայեր են։ Հիմնականում առաջին սերնդի արտագաղթողներն են զբոսաշրջիկի հաշվառման «տակ» այցելում պատմական հայրենիք ու հարազատներին։ Նրանց այցելությունները հիմնականում կապ չունեն մեր տնտեսական կյանքի «աշխուժացման» ու «օտարերկրյա ներդրումների» հետ։ Բայց այդ մասին հաջորդիվ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Գծապատկեր․ Հունվար-սեպտեմբեր ամիսներին գործնական նպատակներով Հայաստան այցելող զբոսաշրջիկների տեսակարար կշիռը, %

g

Այս խորագրի վերջին նյութերը