Լրահոս

06.12.2019 18:32


Ատրճանակներով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Կոտայքում. թալանել են տարեց կնոջ տունը

Ատրճանակներով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Կոտայքում. թալանել են տարեց կնոջ տունը

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, դիմակավորված զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում 3 հոգի, որոնցից 2-ը՝ դիմակավորված, ատրճանակով զինված, ներս են մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու նկատմամբ կատարել են ավազակային հարձակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք ողջ տունը տակնուվրա են արել, զենքերը պահել տարեց կնոջ գլխին ու պահանջել գումար ու ոսկի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տանտիրուհին ասում էր. «Գնացել էի Աբովյան՝ դեղատնից գնումներ կատարելու, էկա տուն, ուզեցի դեղս խմեմ, դուռը ծեծեցին։ Սկզբից չբացեցի, հարցրեցի՝ ո՞վ է, դրսից պատասխանեցին, թե՝ տատի ջան, մենք ենք։ Ես էլ, ճիշտն ասած, առանց կասկածելու, մտածեցի՝ երևի կամ էլեկտրոցանցից են, կամ ինչ-որ տեղից, դուռը բացեցի։ Բացեցի ու գլխիս վրա երկու դիմակավորված անձինք ատրճանակները պահեցին ու մտան տուն։ Անընդհատ պահանջում էին, որ՝ ձեն չհանես, թե չէ կսպանենք, տան ոսկիների ու փողերի տեղն ասա, քեզ ոչ մի բան չենք անի։ Ես էլ նրանց ասացի, որ թոշակառու կին եմ, սակայն նրանք ողջ տունը տակնուվրա արեցին ու մի քանի կտոր ոսկեղեն ու գումար հափշտակեցին, իրենց հետ տարան։ Գնալուց էլ կտրեցին տան հեռախոսի գիծը, որ ես չկարողանամ զանգեմ»։

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին, հանցագործության գործիք հանդիսացող առարկաները և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը