Քաղաքական

05.12.2019 22:06


ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարներ

ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ համատեղ հայտարարությամբ:

«Բրատիսլավայում նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման կապակցությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերը) շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդությանը:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում շփման գծում և միջազգային սահմանին բռնության հարաբերական ցածր մակարդակը և շնորհակալ են կողմերին՝ լարվածության սրման վտանգը նվազեցնելու նպատակով անմիջական կապի ուղիներն ամբողջովին օգտագործելու համար, ինչպես ԱԳ նախարարները պայմանավորվել էին հունիսին՝ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների ժամանակ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունել են անցյալ տարվա ընթացքում ձեռնարկված հստակ քայլերը, որոնք ուղղված են եղել լարվածության նվազեցմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, ինչպես կոչ էին արել համանախագահող երկրները 2018-ի դեկտեմբերին հրապարակված միլանյան հայտարարությամբ և ինչպես նախարարները համաձայնել էին անել Փարիզում՝ 2019-ի հունվարին:

«Մենք ողջունում ենք մարդասիրական միջոցառումներն իրականացնելու ջանքերը, որոնք քննարկել են երկրների ղեկավարներն ապրիլին՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, մասնավորապես՝ վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխադարձ այցերը և բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին: Նկատելով, որ նման ջանքերը կարևոր դեր են խաղում խաղաղ լուծում գտնելուն ուղղված առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման հարցում, պատվիրակությունների երեք ղեկավարները կոչ են անում մարդասիրական և անվտանգության հավելյալ միջոցառումներ իրականացնել:

Մտածելով հարազատներին կորցրած մարդկանց սարսափելի տառապանքների մասին՝ մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը՝ աջակցելու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ անհետ կորած մարդկանց մասին տեղեկությունները փոխանակելու հարցում, ինչպես երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին Փարիզում՝ 2014-ի հոկտեմբերին կայացած գագաթնաժողովում: Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի զգալի ավանդը հրադադարի պահպանման հարցում՝ ընդգծում ենք նրա՝ մոնիթորինգային առաքելությունն ընդլայնելու շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը, որի վերաբերյալ կողմերը համաձայնություն են ձեռք բերել 2016-ին:

Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի սկզբին համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու մտադրությունը, որը նպատակաուղղված է առավել ինտենսիվ դարձնելու խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների շուրջ բանակցությունները, և աջակցելու բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունների անցկացմանը»,-նշել են հայտարարության հեղինակները:

Պատվիրակությունների ղեկավարները վերահաստատել են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009-ին Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը: Այն պետք է ներառի նաև հավելյալ կետեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012 թթ-ին:

«Պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Հետևաբար, կոչ ենք անում կողմերին՝ բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց հետաձգումների կամ պայմանների: Պատվիրակությունների ղեկավարները վստահություն են հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է անփոփոխ հիմնակետ լինել կայուն կարգավորման հասնելու համար: Կոչ ենք անում կողմերին՝ համագործակցել միմյանց և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնց մենք կհրահանգենք շարունակել իրենց միջնորդական ջանքերը»,-ընդգծված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը