Մեկնաբանություն

05.12.2019 18:35


Փաշինյանի արցախյան օրակարգը

Փաշինյանի արցախյան օրակարգը

Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունը ոչ թե պատասխանատվություն և պարտականություն է, այլ վայելքներ ու լիազորություններ։ Նա կուզենար Արցախի հարցն ընդհանրապես չլիներ, որպեսզի ինքն առավոտից երեկո հագենար իշխանությամբ։ Բայց դե մի բան է ցանկությունը, մեկ այլ բան իրականությունը, և Նիկոլը ստիպված է զբաղվել հակամարտությամբ։

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրն Արցախի հարցում պատասխանատվությունից և որոշում կայացնելուց խուսափելն է։

Վարչապետ դառնալուն պես նա հայտարարեց, որ չի ներկայացնում արցախահայությանը և պաշտոնական Ստեփանակերտը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանի ու միջնորդների ռեակցիան չուշացավ։ Փաշինյանին հասկացրեցին, որ բանակցային ֆորմատի փոփոխությունը բացառվում է և ինքը պետք է բանակցի։ Ու թեև «ժողովրդի» վարչապետը ժողովրդից թաքցնում էր բանակցությունների փաստը, բայց գործընթաց կար։

Փաշինյանին չհաջողվեց Ստեփանակերտին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, բայց փոխարենը շրջանառության մեջ մտավ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» թեման։ Բացի այդ՝ բանակցային սեղանի շուրջ թուլացան պաշտոնական Երևանի դիրքերը, քանզի Փաշինյանը որևէ տեսակետ չհայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ և որևէ նախաձեռնություն չցուցաբերեց՝ դատարկ «խաղաղասիրական» քայլերն ու հայտարարությունները չհաշված։

Պատասխանատվությունից խուսափելու շրջանակներում էր նաև Հայաստանում հակամարտության հարցով հանրաքվե անցկացնելու վտանգավոր գաղափարը։

Այս ամենին զուգահեռ եղավ նաև պոպուլիզմի դրսևորում։ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությամբ Փաշինյանը փաստացի տապալեց բանակցային գործընթացն ու հակասեց ինքն իրեն, ըստ որի՝ Արցախն առանձին սուբյկետ է և պետք է բանակցային սեղանի շուրջ հայտնվի։

Մինչև այդ եղել էին նրա դավադիր հայտարարություններն այն մասին, որ Արցախում կան ուժեր, որոնք կարող են պատերազմ հրահրել ու տարածքներ հանձնել, որպեսզի մեղադրեն ՀՀ կառավարությանը։ Փաշինյանի այս վարքագիծը բազմաթիվ հնարավորություններ էր տալիս Ադրբեջանին՝ ապակառուցողականության մեջ մեղադրել Հայաստանին ու դիմել ռազմական գործողության։

Սեփական «ռազմահայրենասիրական» հայտարարությունները հետ պտտեցնելու համար Փաշինյանը առաջ քաշեց «Հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդին» բանաձևը ու հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը թող որոշեն համանախագահները։

Ադրբեջանն արդեն նշել է, թե երբ իրեն բավարարված կզգա։ Բրատիսլավայում արտգործնախարարների հանդիպումից առաջ Բաքուն շրջանառության մեջ դրեց մի փաստաթուղթ, որը 1998–ին մերժված «փուլային» տարբերակն էր։ Սրա երևանյան պատասխանն այն էր, որ Արցախի ու Հայաստանի տեսակետները նույնական են։ Այսինքն՝ կրկին պատասխանատվությունից խուսափելու տարբերակ է փնտրվում։ Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է Արցախում խամաճիկային իշխանություն ձևավորել, որպեսզի հետագայում նրանց հետևում թաքնվելու հնարավորություն ստանա։ Իսկ մինչև այդ «պողոսներին» կզբաղեցնեն Բրեգովիչով։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․։ Նիկոլին շատերը մեղադրում են «Ղարաբաղը ծախելու» ծրագիր ունենալու մեջ։ Դա, անշո՛ւշտ, այդպես չէ։

Հայաստանի ոչ մի իշխանություն Ղարաբաղը ծախելու նպատակ ու կարողություն չի ունեցել, չունի և չի ունենալու։ Այլ հարց է, որ իշխանության վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը կարող է հանգեցնել «Ղարաբաղը ծախելուն»։

Տեր–Պետրոսյանը չէր հավատում առանց Ղարաբաղում զիջումների գնալու Հայաստանը պահելու տարբերակին և դրա համար էլ առաջ էր քաշել փուլային զիջումների ծրագիրը, որը գործնականում կապիտուլյացիա էր նշանակում։

Նիկոլը լևոնական արեալից է, բայց քանի որ պոպուլիստ է ու 1–ին նախագահի պես դոկտրինյոր չէ, ուստի չի ուզում որևէ պատասխանատվություն վերցնել։ Ինքը կկողմնորոշվի ըստ իրավիճակի, բայց եթե այսպես շարունակի ու ամբողջությամբ ձախողի ներքին ու արտաքին քաղաքականությունը, ապա ի վերջո կդառնա «ծախող» ու կկրկնի իր քաղաքական «հոր»՝ Տեր–Պետրոսյանի ճակատագիրը։

Չի բացառվում, որ նախաձեռնությունից ու պատասխանատվությունից խուսափելու արդյունքում ստանանք նոր պատերազմ։ Եթե Նիկոլին թվում է, թե ինքը դրա համար ևս պատասխանատվություն չի կրի, ապա չարաչար սխալվում է։ Եթե պատերազմ եղավ, ապա դրա հիմնական պատասխանատուն Փաշինյանն է լինելու։

Այս խորագրի վերջին նյութերը