Կարծիք

05.12.2019 13:56


Արմեն Գևորգյան. հին ռիսկերը օրակարգում են

Արմեն Գևորգյան. հին ռիսկերը օրակարգում են

Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է գույքահարկի հնարավոր բարձրացման և դրանով պայմանավորված՝ տնտեսության զարգացման նեգատիվ հետևանքներին, ներդրումների ներգրավման և սպառողական վարկերի թեմաներին։

Այս տարի ես ունեցել եմ հնարավորություն՝ մի քանի անգամ ուշադրություն հրավիրելու մեր երկրի զարգացմանն առնչվող ակտուալ թեմաների վրա։ Իմ հրապարակած երեք հոդվածներում ես նշել եմ այն պոտենցիալ ռիսկերն ու մարտահրավերները, որոնց հանդեպ պետք է լինենք ուշադիր։

Առաջինը վերաբերում էր գույքահարկի պոտենցիալ բարձրացման խնդրին և դրանով պայմանավորված՝ տնտեսության զարգացման նեգատիվ հետևանքներին։

Երկրորդը վերաբերում էր երկիր պոտենցիալ ներդրումների ներգրավմանը, որտեղ ես հատուկ նշել էի հատկապես արաբ ներդրողների հետ աշխատանքի խնդիրը և այն, թե ինչպես է պետք նրանց հետ համագործակցել։

Երրորդը նվիրված էր սպառողական վարկերին, ավելի ստույգ՝ բանկային համակարգի համար այն ռիսկերին, որ իր մեջ կրում է սպառողական վարկավորման տեմպերի մեծացումը՝ առանց բնակչության եկամուտների իրական աճի։

Ի՞նչ ունենք մենք։ Համապատասխան պաշտոնյան, որը համարվում էր նախաձեռնողը և հեղինակը գույքի կադաստրային գնահատման նոր կարգի, որը և կստեղծի գույքահարկի նոր՝ բարձրացված դրույքաչափերի համար անհրաժեշտ հիմքերը, հրաժարական տվեց։ Այնուհանդերձ, տարօրինակ կերպով, գույքահարկի բարձրացման թեման շարունակում է շրջանառել ոչ թե կառավարության ֆինանսատնտեսական բլոկը, այլ՝ Կադաստրի կոմիտեն։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ արտասահմանյան քաղաքացիների մասնակցությամբ անշարժ գույքի ձեռքբերման գործարքների թիվը վերջին ամիսներին կրճատվել է երկու անգամ։ Գույքահարկի բարձրացման հեռանկարի պարագայում, ինչպես նաև՝ կոմունալ ծառայությունների դրույքաչափերի բարձրացման՝ որպես հետևանք բնակչության համար գազի և էլեկտրաէներգիայի գնի պոտենցիալ թանկացման, օտարերկրացիներն ընդհանրապես չեն տեսնի իմաստ՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու, իսկ ներքին գնողունակությունը կսահմանափակվի, այդ թվում՝ հիպոթեքային շուկայի վարկավորման գերհագեցվածությամբ։ Ես խնդիր չեմ դրել այսօր դետալային նկարագրել, թե այս պատկերը ինչ հետևանքներ կունենա. մասնագետները շատ լավ հասկանում են, գործող համապատասխան պաշտոնյաները՝ չեմ կարող ասել։ Ուզում եմ ընդամենը ուշադրություն հրավիրել մի փաստի վրա. Տևական ժամանակ է՝ մեզ մոտ պտտվում է գովազդ՝ վրացական անշարժ գույքի շուկայի վերաբերյալ, որտեղ շեշտվում է, որ դրա վրա գույքահարկ չի տարածվում։ Մտածեք. եթե մեր հարևանները շուկայի զարգացման համար ստեղծում են նման պայմաններ, ապա ո՞ւր կգնան պոտենցիալ ներդրողները, այդ թվում՝ Հայաստանից։

Արտաքին ներդրումների թեմայով վիճակագրությունը չափազանց տխուր է։ Փաստացի ունենք անորոշություն Ամուլսարի հարցում, մտել ենք սուր կոնֆլիկտի փուլ «Սանիթեքի» հետ, որտեղ Երևանի քաղաքային իշխանությունն իր քայլերով և հայտարարություններով ստեղծում է բոլոր անհրաժեշտ հիմքերը՝ միջազգային արբիտրաժում պետության պարտության համար։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին Գագիկ Ծառուկյանի գործընկերների՝ արաբ ներդրողների թեմայով, վկայում է այն մասին, որ իմ խորհուրդները մինչ այս պահը անարձագանք են մնացել, իսկ մտավախություններն արդարացել են։

Հարգելի պաշտոնյաներ տարբեր մակարդակների։ Եթե դուք պոտենցիալ ներդրողների հետ պետք է շփվեք և հաղորդակցվեք՝ հիմնվելով մեր օրենքների չոր կարգավորումների և ձեր պաշտոնների անձնագրերի վրա, ապա Հայաստանի ներդրումային միջավայրը կբարելավվի միայն թղթի վրա։ Կրկին հիշեցնում եմ, որ դեպի Հայաստան ներդրողներին պետք է հրապուրել, ստեղծել պահանջվող պայմաններ, որպեսզի նրանք գան այստեղ։

Հիմա չհիմնավորված ամբիցիաների և վիճարկելի արդարացումների ժամանակը չէ։ Այո, տարբեր մշակույթի կրող ներդրողներին տարբերակված մոտեցում է պետք։ Այո, արաբ ներդրողների հետ աշխատանքն ունի իր առանձնահատկությունները՝ այնպես, ինչպես ռուսական կապիտալի, ռուսահայ, արևմտյան և այլն։ Ես հիմա չեմ կենտրոնանա այդ բոլոր առանձնահատկությունների նկարագրման վրա, բայց դրանք կան, և եթե Հայաստանի ցանկացած իշխանություն խնդիր է դնում ներդրումներ բերել երկիր, ապա դրանք պարտավոր է հաշվի առնել։ Մնացածը չարված գործի արդարացումներ են։ Ինչ վերաբերում է արաբ ներդրողներին, այո, նրանք հաճախ կարող են կարևորել անձնական կապերը, անձնական ձևավորված հարաբերությունները և շփումների ձևաչափը։ Սա է իրականությունը։

Իմ մտահոգությունների երրորդ կետի մասով կարող եմ ասել, որ ուրախ եմ, որ Կենտրոնական բանկը սկսել է ընդգծված ուշադրությամբ վերաբերվել սպառողական վարկերի խնդրին։ Սա շատ լուրջ ուսումնասիրության թեմա է, որը մի պահից դուրս է գալիս զուտ բանկային գործառույթներից։ Ո՞ւր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են մարդիկ ծախսում վերցված սպառողական վարկերը և այլն։ Շատ հարցերի պատասխաններ ես ինքս դեռևս չունեմ, բայց ունեմ որոշակի հիմնավոր մտավախություններ։

Այնուամենայնիվ, դեռ ուժի մեջ են իմ մտահոգությունները կապված բանկային գաղտնիքի վրայից սահմանափակումների հանման հետ։ Պետք չէ դա անել։ Դրանից ոչ ոք ոչինչ չի շահելու, բայց երկիրը կորցնելու է իր գրավչությունն ու մրցակցային առավելությունը։

Այս խորագրի վերջին նյութերը